Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն որոշեց Դավիթ Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից. «Փաստինֆո»

Հունիս 26,2023 16:34

ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանին որոշեց հեռացնել նիստերի դահլիճից։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որին դատավորը ներկայացել է՝ առանց փաստաբանների, քանի որ փաստաբանական համայնքը գործադուլի մեջ է։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի վերաբերյալ որոշում կայացնելու։ Փաստացի դատավորն այժմ զրկված է ԱՆ ներկայացուցիչներին հարց ուղղելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրեմն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։

Հեղինակ՝ Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930