Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ, բողոքի երթ, ոստիկանության կենտրոնական բաժնի պետին՝ բռնցքամարտիկի ձեռնոցներ․ փաստաբանների ցույցը՝ ընդդեմ իրենց գործընկերների նկատմամբ բռնությունների

Հունիս 26,2023 15:43

ՀՀ փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի շենքի մոտից Ամիրյան, Սախարովի հրապարակ, այնուհետև Վարդանանց փողոցով դեպի Վրացյան փողոց երթուղով բողոքի երթ արեցին՝ հայտարարելով, որ փաստաբան գործընկերների բռնությունների դեպքերի հետ կապված ոչ պետական մարմինները, ոչ էլ միջազգային կազմակերպությունները համարժեք արձագանք չտվեցին։

Երթի վերջնակետն էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը, որտեղ վերջերս փաստաբանի նկատմամբ կիրառվել էր բռնություն:

Հիշեցնենք՝ փաստաբան Կարեն Ալավերդյանն ահազանգել էր,  որ «առանց որևէ անհրաժեշտության, առանց որևէ փաստական և իրավական հիմքի՝ իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ»։

Lawyers went on strike. A discussion took place at the RA Chamber of Advocates

Երթին նախորդած ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված ասուլիս-քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշեց․ «Չորս ամսվա ընթացքում մեր գործընկեր փաստաբանները ենթարկվեցին բռնության, և փաստաբանական համայնքը, ակնկալելով պետական, իրավապահ մարմինների, միջազգային գործընկերներ գնահատականը, ցավոք, այդ գնահատականը չտեսավ»։

Նա նշեց, որ առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, պատասխանատու անձինք շարունակում են իրենց պաշտոնավարումը․ «Այսօր ստիպված ենք մեր բողոքի ակցիան իրականացնել գործադուլի միջոցով՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով փաստաբանի ինստիտուտի առաքելության և նշանակության վրա»։

Փաստաբանները քայլերթով շարժվեցին դեպի Կենտրոն ոստիկանական բաժանմունք, «հանձնեցին» իրենց նվերը՝ պաստառը, որի վրա մակագրված էր «նվեր ոստիկանության կենտրոնական բաժնի «բռնա»պետին», ինչպես նաև բռնցքամարտիկի ձեռնոցները»։

Երթի ավարտին փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց․ «Մեր երթն ուղղված է ոստիկանության բաժիններում մարդկանց, այդ թվում փաստաբաններին ծեծի ենթարկելու անթույլատրելիությանը։ Մեր բողոքը ոստիկանական համակարգի դեմ չէ, այլ այն ծառայողների դեմ է, որոնք իրենց թույլ են տալիս լիազորությունները չարաշահելով՝ փաստաբանների ու քաղաքացիների նկատմամբ ձեռք բարձրացնել և խոշտանգել։ Եթե այս դեպքում ոստիկանական համակարգը արձագանք չտա, ապա անուղղակիորեն իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930