Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ասաց, որ Վրաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին առաջնահերթություններից են։
«Ընթացակարգերի դյուրացումը բարենպաստ ազդեցություն կունենա հարաբերությունների ծավալի ու որակի վրա։ Նախատեսված փոփոխությունը, այսինքն՝ ID քարտերով կամ փոխադարձ այցերի դյուրացումը ավելի կհեշտացնի միջմարդկային կապերը»,- ասաց նա։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ հստակ կարեւորում ենք տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների բարելավումը։ Եվ հատկապես ընդգծված է Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Վերջին 1-2 տարվա ընթացքում այս հարաբերությունները գնալով ակտիվանում են, նաեւ խորհրդարանական մակարդակում։ Նախագիծը թույլ է տալիս Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին երկու երկրներ ճամփորդել առանց անձնագրերի»։
Կարդացեք նաև
Ըստ Խանդանյանի՝ Վրաստանն արդեն վավերացրել է այս համաձայնագիրը, Հայաստանի կողմից վավերացումից հետո այն կմտնի ուժի մեջ։ ԱԳ փոխնախարարը նշեց, որ այսօր հանրությանը կիրազեկեն, թե փոփոխությունը երբվանից է ուժի մեջ մտնելու։
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց․ «Ի հեճուկս Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փչացնել ցանկացողների, այդ հարաբերությունները շատ բարձր մակարդակում են եւ վստահ եմ՝ այդպես էլ կշարունակվեն»
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ