Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոն եւ աշխատանոցներ Կոնդի բակերում եւ հին տներում

Հունիս 26,2023 15:29

Երեւանի Կոնդ թաղամասում կանցկացվի մշակութային ինքնատիպ փառատոն, որի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին: Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսում» կայացած ասուլիսում Գյոթե կենտրոնի երևանյան գրասենյակի մշակութային ծրագրերի համակարգող Հասմիկ Մուրադյանը նշեց, որ Կոնդում փառատոնն իրականացվում է երրորդ անգամ. «Գաղափարը ծագել է 2019թ, երբ Գյոթե կենտրոնը երեք տարի առաջ ճամբար էր կազմակերպել Կոնդում: Մենք հասկացանք, որ թաղամասի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, գաղափարները տարին տարվա վրա զարգանում են, կարողանում ենք ներգրավել նոր գործընկերների՝ Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից, ինչպես նաեւ տեղացի գործընկերների»:


Հավելեց, որ բուն նպատակը Կոնդ թաղամասի պահպանությունն է, ստեղծարար-մշակութային HUB-եր ստեղծելն է: «Կարող ենք արձանագրել, որ որոշակի հաջողություններ այս առումով արդեն գրանցել ենք»,-ասաց Հասմիկ Մուրադյանը։ Նա տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է Երեւանում Գյոթե կենտրոնի եւ Գերմանիայի արտգործնախարարության Արեւելյան գործընկերության երկրների նախագծերի աջակցությամբ:

«Մեր գործընկերը Երեւանում «Թեք տեղ» թատրոնն է: Փառատոնը մեկ օր կտեւի: Փառատոնի շրջանակում նախատեսված են արխիվային լուսանկարների ցուցադրություններ, լուսանկարները տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը: Մյուս գործընկերը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է, որի աջակցությամբ Կոնդում ֆիլմեր կցուցադրվեն»,-հավելեց Գյոթե կենտրոնի երևանյան գրասենյակի մշակութային ծրագրերի համակարգողը:


«Թեք տեղ» թատրոնի անդամ Նունե Դանիելյանը նախ անդրադարձավ Կոնդի նշանակությանը. «Կոնդը հին Երեւանի ամենահին բլուրներից է: Մեզ հասել են տներ, բնակավայրեր 17-18-րդ դարերից, որոնք պահպանել են իրենց տեսքը գրեթե նույնությամբ: Կան անգամ ծղոտե եւ աղյուսե տներ: Որոշ պատմաբաններ պնդում են, որ Կոնդը, լինելով Հին Երեւանի բնակեցված բլուրներից մեկը՝ ժամանակին ծառայել է իբրեւ ամրոց, որն ունեցել է ռազմավարական նշանակություն… Կոնդի ամենակարեւոր շինություններից մեկը Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը հիմնադրվել է 670 թվականին: Եվ ընդհանրապես, Կոնդի ամեն մի շենք ունի իր առանձին պատմությունը»:

Ինչ վերաբերվում է փառատոնին, այս մասին էլ Նունե Դանիելյանը նշեց. «Փառատոնը կտեւի երեկոյան 18-23-ը, այն շատ բազմազան է լինելու՝ երաժշտություն, ցուցահանդես, պերֆորմանս, վերնիսաժ… Փառատոնը կբացի հին Երեւանի խորհրդանիշներից մեկը՝ փահլեւանը, դրան կհաջորդեն մի քանի ցուցահանդես՝ ներառյալ Կոնդի արխիվային լուսանկարների ցուցադրությունը»:

Նրա խոսքով. «Ռուսթավելի դպրոցի պատին կցուցադրվեն Կոնդի վերականգնման էսքիզները, որոնք տրամադրել է Ուրբան լաբը, սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի հետազոտությունը կներկայացվի տներից մեկի պատին՝ կրկին ցուցահանդեսի ձեւաչափով, Նարե Գրիգորյանի ձայնային ինտալյացիան էլ կներկայացվի Կոնդի գողտրիկ անկյուններից մեկում»: Փառատոնը, ի թիվս այլնի, ներառում է նաեւ աշխատանոցներ: Ըստ այդմ՝ լեհ գործընկեր Վերոնիկան կոնդեցի պատանիների հետ ձայնային աշխատանոց կանցկացնի, որի արդյունքում ինստալյացիա կստեղծվի; Գերմանացի եւ վրացի գործընկերներն էլ շրջել են Կոնդով ու հավաքել ուտեստների ցանկը, որոնց մասին փառատոնի օրը կպատմեն բրոշյուրներով: Մանկապարտեզի բակում էլ պարուսույցները աշխատանոց կվարեն երեխաների հետ, իսկ Վրեժ Քասունին Կոնդի պահպանված բակերից մեկում ծաղրանկարչության աշխատանոց կվարի: Սրանք փառատոնային ծրագրի մի մասն են միայն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930