Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը: Այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում: Հրամանով սահմանվել են նաև էլեկտրոնային համակարգ մուտք գործելու և Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարաններ ընտրելու վերջնաժամկետները:
Այսպիսով՝ էլեկտրոնային համակարգում անձնական էջն ակտիվացնելու նպատակով ցուցակում ընդգրկվածները մինչև հունիսի 30-ը պետք է կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախատեսված 400,000 ՀՀ դրամ կանխավճարը, ինչի հիման վրա վերջիններիս անձնական էջերը կակտիվանան: Այնուհետև հավակնորդները կկարողանան մինչև հուլիսի 6-ը՝ ժամը 17:59-ը, համակարգի միջոցով կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան): Ընդ որում, յուրաքանչյուր բնակարանին կցված է մեկ ավտոկայանատեղի՝ որպես մեկ գույքային միավոր, և հնարավոր չէ հրաժարվել ավտոկայանատեղի ձեռքբերելուց:
Վիճակահանության անցկացման օրը կսահմանվի այլ հրամանով մինչև հուլիսի 14-ը:
Հարկ է նշել, որ մինչև վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից: Հավակնորդների ցուցակից դուրս գալու և կանխավճարի վերադարձի համար գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված է մինչև հուլիսի 10-ը: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ:
Կարդացեք նաև
Կարևոր է նախքան սահմանված վճարումը կատարելը դիմել ծրագրի շրջանակներում համագործակցող բանկեր՝ վարկունակությունը գնահատելու համար, քանի որ, եթե վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո բանկը դիմումատուին չտրամադրի հիփոթեքային վարկ, այլևս հնարավոր չի լինի հետ ստանալ կանխավճարը: Բանկերի առաջարկներին կարելի է ծանոթանալ ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային հարթակի «Փաստաթղթեր» ենթաբաժնում: «Կոմիտաս պարկ» թաղամասի՝ երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով, հասանելի է www.statemultiapartment.am հարթակում:
Քաղաքաշինության կոմիտեն նաև առանձնացրել է ծրագրի հետ կապված հաճախ տրվող հարցերը, որոնք տեղադրված են ծրագրի էլեկտրոնային հարթակում հետևյալ հղմամբ:
Հիշեցնենք, որ նախատեսված վճարումների փուլերի, ինչպես նաև ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում և www.statemultiapartment.am հարթակում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե