Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դեռ չեք լսել, թե ինչ էր կատարվում, երբ ընդմիջում էր, իշխանական պատգամավորներն անթաքույց սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում». Թագուհի Թովմասյան

Հունիս 26,2023 14:48

Այսօր ԱԺ-ում ընդդիմության եւ իշխանականների միջեւ վիճաբանություններից, բղավոցներից հետո ընդմիջում հայտարարվեց, ընդդիմությունը որոշեց, որ այսօր այլեւս չի վերադառնա նիստերի դահլիճ:

Լրագրողների հետ ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսպես բացատրեց այդ որոշումը. «Դուք տեսաք, լսեցիք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ նիստերը: Սա ուղղակի խայտառակություն է ամեն անգամ առիթ փնտրել ու ԱԺ նիստերը վերածել փողոցային խուլիգանական ինչ-որ գործընթացի: Ես, օրինակ, շատ անհարմար եմ զգում այլեւս այս դահլիճ մտնել, որովհետեւ չգիտես ինչ է սպասվում քեզ: Ես ամաչում եմ, որ ամեն անգամ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում ԱԺ պատգամավորների կողմից: Դուք դեռ չեք լսել, թե ինչ էր կատարվում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարվել, իշխանական պատգամավորներն անթաքույց սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում ընդդիմության հասցեին: Չեմ ուզում կրկնել՝ վիրավորանք եւ սպառնալիք էին: Այսօր չենք մասնակցի՝ ի նշան բողոքի, որ մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը: Այս լարվածությունը ԱԺ նախագահից սկսվեց՝ ինքը վիրավորեց Սեյրան Օհանյանին, հետո, ի նշան բողոքի, դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչից ոգեւորված՝ ՔՊ-ականները արդեն սկսեցին իրենց փողոցային լեքսիկոնը գործի դնել: Սա անհարիր է խորհրդարանի պատգամավորին»:

Այսօր ընդդիմությունը չի գնա նիստերին, մյուս օրերի հարցում դեռ չունեն որոշում, կմտածեն: Հարցրեցինք՝ կարո՞ղ է իրենց ուզածն էլ հենց դա է, որ նեղանաք ու չգաք՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Եթե իրենց ուզածը դա է, մենք տարբեր առիթներով դա արել ենք, երկար ժամանակ ընդդիմությունը բոյկոտում էր խորհրդարանի աշխատանքները, իրենք ասում էին՝ խնդրում ենք, եկեք աշխատենք, եկեք դահլիճ: Հիմա գալիս ենք, սկսում են մարդկանց վիրավորել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930