Լրահոս
Օրվա լրահոսը

36 ցուցանիշն ապահովելու դեպքում՝ առողջապահության առաջնային օղակի բուժանձնակազմը կիսամյակը մեկ բոնուս կստանա

Հունիս 26,2023 14:40

Բացի բնակչության թվով հավաքագրված աշխատավարձից՝ առողջապահության առաջնային պահպանման ծառայությունների բժիշկներն ու բուժքույրերն աշխատավարձ են ստանում նաև բոնուսային ցուցանիշներով, գործող 32 ցուցանիշին արդեն այս տարի ավելացել է ևս 4 ցուցանիշ, բոնուսները տրվում են կիսամյակը մեկ անգամ: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Արտակ Ջումայան

Նրա խոսքով, մեկ տարի է արդեն առողջապահության համակարգում գլոբալ բարեփոխումներ են սկսվել, որոնք ուղղված են էլեկտրոնային առողջապահության դերի բարձրացմանը, որակական մասնագիտական զարգացմանը, աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև շենքային և գույքային պայմանների բարելավմանը:

«Առողջապահության առաջնային պահպանման ծառայությունների բուժանձնակազմի բոնուսային վարձատրության համար պետական բյուջեից հատկացվում է շուրջ 2,4 մլրդ դրամ, համեմատության համար ասենք, որ սա մոտավորապես հինգ ու կես անգամ ավելի շատ է, քան նախորդ տարի փաստացի հատկացված ֆինանսավորումը, մասնավորապես, եթե 2022թ. պետական բյուջեով առաջնային օղակի բուժաշխատողների բոնուսային վարձատրության համար հատկացվել է 416 մլն դրամ, ապա այս տարի հատկացվել է 2,4 մլրդ դրամ: Առողջապահության նախարարության կողմից ստեղծվել են հնարավորություններ, որպեսզի բուժաշխատողները համապատասխան որակական և քանակական ցուցանիշների արդյունքում ստանան իրենց հասանելիք աշխատավարձի շուրջ 45 տոկոսի չափով լրացուցիչ բոնուսային վարձատրություն»,-նշեց ՀՀ ԱՆ-ի պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ բոնուսային վարձատրությունն իրականացվում է 2 առանձին ծրագրերով:

Ահարոն Բարսեղյան

Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց, բուժանձնակազմի լրացուցիչ վարձատրության համար նախատեսված 36 ցուցանիշից կազմված բոնուսային համակարգը, բայց մոռացավ նշել, որ բոնուսային վարձատրությունն իրականացվում է կիսամյակն ընդամենը մեկ անգամ:

Բարսեղյանի տեղեկացմամբ, 1128 բժիշկ է այս ընթացքում օգտվել բոնուսային համակարգից, միջին բոնուսային չափը կազմել է 100 000 դրամ: Բոնուսային համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, զերծ մարդկային գործոնից: Ավելացված 4 ցուցանիշների մեջ բանախոսները կարևորեցին կանխարգելման նպատակով բժշկի այցելությունների քանակը, քանի կանխարգելիչ այցելությունների ծավալի պահպանման դեպքում են առողջապահության համակարգի պաշտոնյաները կանխարգելումը համարում կատարված:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930