Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Արցախում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար:
«Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինված խմբավորումների հնարավորությունները, որոնք մնացել են Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտու տարածքում: Մենք գիտենք դրանց թվաքանակը, դրանց սպառազինությունը, գիտենք բարոյահոգեբանական վիճակը, գիտենք՝ ինչի են նրանք ունակ: Ես ձեզ հավատացնում եմ, ինչպես որ նշել է պարոն նախագահը, նրանք որևէ հնարավորություն չունեն որևէ գործողության, որոնք կարող են իրականացնել ադրբեջանական բանակի դեմ»,- ասել է Հասանովը ադրբեջանական CBC հեռուստաալիքի հետ զրույցում:
Նա նշել է, որ հայկական «անօրինական զինված խմբավորումներն ի վիճակի են միայն «մանր սադրանքների», որոնք նրանց համար «վատ ավարտ կունենան»:
«Սակայն եթե նրանք դիմեն սադրանքների, մտածեն իրականացնել որոշակի ոչ իրավական գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա այդ անօրինական զինված խմբավորումների հախից կարող է գալ ադրբեջանական բանակի մեկ կորպուս, այն էլ ոչ ամբողջական: Միջոցների և ուժերի հարաբերակցությունը մենք գիտենք, և գիտենք, որ հարաբերակցությունը նրանց օգտին չէ: Այնպես որ՝ ստորաբաժանումներից մեկն ի վիճակի է զինաթափել այդ անօրինական զինված խմբավորումները»,- ասել է Հասանովը:
Կարդացեք նաև
Նա նաև ասել է, որ շնորհիվ հետախուզության մեծ հնարավորությունների՝ իրենք լիարժեք տեղեկատվություն ունեն Արցախի բանակի մասին:
«Մենք լիարժեք գիտենք նրանց սպառազինությունը. դրանք մի քանի տասնյակ տանկեր են, որոնք տեխնիկական վերանորոգման և սպասարկման կարիք ունեն, մի քանի տասնյակ զենք, որոնք նույնպես խնդիրներ ունեն: Գիտենք նրանց անձնակազմի պատրաստակամության մակարդակը, որտեղ նույնպես բարձր տոկոսի ոչ լիարժեքություն կա: Միանշանակ կարող եմ ասել, որ այդ «ստորաբաժանումները» որևէ վտանգ Ադրբեջանի համար չեն ներկայացնում, նրանց ունեցած ամբողջ հնարավորությունը մանր սադրանքներն են, որոնք նրանք գուցե պլանավորում են: Սակայն ես նրանց զգուշացնում եմ, որ այդ դեպքում նրանց դեմ Ադրբեջանի օրենքի ողջ ուժով գործի կդրվեն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, որոնք կստիպեն կատարել իրենց բոլոր պահանջները»,- ասել է Հասանովը:
Միաժամանակ, Հասանովն ասել է, որ ապավինում է հայկական ստորաբաժանումների խոհեմությանը, որ նրանք կգիտակցեն, որ այլ տարբերակ չունեն և պետք է գործեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների շրջանակում»: «Այսինքն, ճանաչեն ադրբեջանական օրենքները, և ով ուզում է ապրել Ադրբեջանի տարածքում օրինական կարգով, խնդրեմ, թող ապրեն, ով չի ուզում՝ ճանապարհը բաց է, կարող են գնալ և ապրել այնտեղ, ուր ուզում են»,- ասել է Հասանովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ