Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Մեծից սկսե՞նք, հա՞, պետք է հասկանանք Հայաստանը որն է՝ մի հատ վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ ինչ-որ սահմաններ ունեցող բան». Ալեն Սիմոնյան

Հունիս 26,2023 13:25

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կնքեն երկարատեւ, վստահելի, միջազգային երաշխավորությամբ պայմանագիր եւ ԼՂ-ում բնակվող հայ ժողովրդի իրավունքները պահպանվեն:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է մի քանի անգամ, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, դուք լսե՞լ եք, որ Ալիեւը հայտարարի, որ ճանաչում է ՀՀ 29.800 քկմ տարածքը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինքը մի քիչ այլ ձեւ է ներկայացնում, ասում է՝ ես ՀՀ-ի նկատմամբ որեւէ տարածքի պահանջ չունեմ: Փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձեւակերպումով, եթե այդ նրբությունը ձեզ հետաքրքիր է»:

Ճշտեցինք՝ մտահոգիչ բան չե՞ք տեսնում, որ Ալիեւը չի հայտարարում այդ մասին՝ նա պատասխանեց. «Իսկ ինչի՞ եք դուք մտածում, որ Ալիեւը ինչ ասում է, մենք իրեն հավատում ու վստահում ենք: Իհարկե, ոչ: Այո, մտահոգիչ բան միանշանակ տեսնում ենք: Մինչեւ թուղթը չլինի, երաշխավորություն չլինի, անընդհատ մտահոգիչ բան ենք տեսնում, անընդհատ սպասում ենք պատերազմի»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ մենք շուտ բոբիկացանք ու ջուրը մտանք՝ հայտարարելով, որ ընդունում ենք իրենց 86.600 քկմ տարածքը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետեւ դրանք առանձին իրար հետ տարբեր մոլորակներում գտնվող երկրներ չեն, ՀՀ-ն շրջապատված է նույն տարածքով, մենք մերը չասեի՞նք, որ այդ տարածքի մեջ մերը էդ է, մերը չասեի՞նք, դուք ճի՞շտ եք այդպես համարում»:

Մեր դիտարկմանը, որ մեր տարածքները ավելին են, այդքան չեն՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Տիգրան Մեծից սկսե՞նք, հա՞, պետք է հասկանանք ՀՀ-ն որն է, ձեր համար ո՞րն է ՀՀ-ն: Էդ վերացական բանը՝ Արարատից, Վանից, Մուշից…Իմ համար էլ ամբողջ Հայկական լեռնաշխարհն է, բայց պետք է հասկանանք՝ ՀՀ-ն մի հատ վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ այնուամենայնիվ, դա ինչ-որ սահմաններ ունեցող բան է»:

Հիշեցրինք՝ դուք էիք նուռը ձեռքներդ նկարվել Աղդամում ու ասում էիք՝ Աղդամը մեր հայրենիքն է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հա, էլի իմ հայրենիքն է, բայց հայրենիքն ու պետությունը դրանք տարբեր բաներ են: Ղարսն էլ է իմ հայրենիքը, որովհետեւ իմ տատը Ղարսից է, այնտեղ տուն ունենք, քարտեզ ունենք: Այսօր ՀՀ-ն 29.800 քկմ-ն է, որով ՀՀ բնակչությունը Սովետմիության փլուզման ժամանակ անկախացել է: Այդ ամորֆ վերաբերմունքը, որ Կիլիկիան էլ է Հայաստան…դա մեր պատմությունն է, ոչ թե մեր ներկան է: Մինչեւ այս բանը մեր մեջ չկոտրենք…մեր թշնամիները դրանից օգտվում են, երբ Սովետմիության ժամանակ ուզում էին ամեն ինչ անեին, որ մենք հանկարծակի անկախություն չստանայինք ու մշտապես թշնամիներ ունենայինք, այդ գաղափարախոսությունը դրված էր, որ պահանջատիրություն ունեք այնտեղ: Դա մեզ խորտակելու է, խորտակել է այս 30 տարի ու խորտակելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930