Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությամբ հռչակված անմիջական ժողովրդավարության կարեւոր ինստիտուտը, քաղաքական այս կամ այն շահերից ելնելով, ձախողվում է»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 26,2023 13:09

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին․ «Ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկը քաղաքացիական նախաձեռնությամբ օրենսդրական առաջարկ ներկայացնելն է։ Եվ Հայաստանում հիմա այդպիսի մի նախաձեռնություն կա՝ «Հայաքվեն»։ Սակայն կարեւոր այս նախաձեռնության մեջ մի կողմից նոտարական ինստիտուտը ամրագրված է որպես կարեւոր դերակատարում ունեցող, բայց մյուս կողմից հստակ կարգավորումները բացակայում են, թե ինչ սկզբունքով քաղաքացիները կարող են որեւէ նախաձեռնությանը միանալ՝ առանց ավելորդ ջանքերի կամ ֆինանսական ծանրաբեռնվածության։ Մյուս կողմից էլ հիմա այս նախաձեռնությունը հայտնվել է վարչական անպատասխանատու մի իրավիճակում, երբ քաղաքապետարանի եւ մի շարք վարչական շրջանների, համայնքների ներկայացուցիչները հրաժարվում են տարածքներ հատկացնել այս նախաձեռնությանը միացող քաղաքացիների ստորագրությունը դնելու գործընթացին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ 50 հազար ստորագրությամբ քաղաքացիները կարող են օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել։ «Իմ ձեռքի տակ են հայտնվել Երեւան քաղաքի Կենտրոն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ Դիլիջան համայնքի ղեկավարի պատասխանները, որտեղ սեւով սպիտակի վրա մարդիկ հրաժարվում են քաղաքացիական այս նախաձեռնությանը հատկացնել տարածքներ, որպեսզի քաղաքացիները գան եւ հանգիստ պայմաններում իրենց ստորագրությունները դնեն»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Գրիգոր Մինասյանն ասաց․ «Որպես արդարադատության նախարար՝ կարող եմ երաշխավորել, որ յուրաքանչյուր կողմ իրավասու է կնքել պայմանագրեր եւ այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց համար օրենքով նման լիազորություն ունեն։ Եվ եթե ինչ-որ մեկը չի կնքում պայմանագիր այլ սուբյեկտի հետ, այստեղ գործադիրը չունի իրավասություն՝ ստիպել մարդուն կնքել պայմանագիր եւ վարձակալությամբ որեւէ բան տրամադրել ձեր ասած նախաձեռնությանը կամ մարդկանց»։

Իր ելույթում Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել է օրենքի նախագիծ եւ իրականացնում է քաղաքացիների ստորագրությունների հավաքման գործընթաց։ «Հանրաքվեի մասին» օրենքի սահմանադրական նորմի համաձայն՝  այս նախաձեռնությունը համայնքապետարաններում, մարզպետարաններում, վարչական շրջաններում՝ վարչական ղեկավարների անմիջական պատասխանատվության ներքո, պետք է հանրային ծառայողի մասնակցությամբ ստորագրությունների անցկացման գործընթաց իրականացնի։ Այսօր արդեն պարզ է դառնում, որ մի շարք վարչական շրջանների ղեկավարներ եւ համայնքներ ուղղակի հրաժարվում են օրենքով նախատեսված այս պարտականության կատարումից։ «Հրաժարվում են՝ խախտելով օրենքի եւ այլ կարգավորումների պահանջները։ Մյուս կողմից, նոտարական համակարգը, որ պետք է այս նախաձեռնություններին ընթացք տա, օրենսդրական թերի կարգավորմամբ փաստորեն ձախողում է այս մեխանիզմի գործադրումը։ Ստացվում է, որ Սահմանադրությամբ հռչակված անմիջական ժողովրդավարության կարեւոր այս ինստիտուտը այսօր վարչական բյուրոկրատիայի, անպատասխանատու վարքագծի, քաղաքական այս կամ այն շահերից ելնելով՝ ուղղակի ձախողվում է»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարեւոր է նաեւ փաստաբանների այսօրվա նախաձեռնությունը՝ մեկօրյա գործադուլը։ «Դրան նախորդել էին թե փաստաբանների պահանջները, թե նաեւ այն բռնությունները, որոնց քննության վերաբերյալ պատշաճ ընթացակարգ չի իրականացվում։ Կարծում եմ՝ նաեւ պառլամենտը, մասնագիտացված հանձնաժողովը պետք է իրականացնեն քննարկում, ի վերջո կարեւորագույն ինստիտուտներից մեկը՝ փաստաբանական ինստիտուտը չի կարող անտարբերության մատնվել։ Երբ փաստաբանների պալատը նման ահազանգ է հնչեցնում, մենք չենք կարող անտարբեր լինել»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930