Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար»․ Ավետիք Չալաբյան

Հունիս 26,2023 12:55

«Գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնել իր իշխանությունը։ Երևանի վարչական շրջանի մի շարք վարչական ղեկավարներ, հղում կատարելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին՝ իրենց պաշտոնական նամակներով անցյալ շաբաթներին հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է, և իրենց սահմանադրական պարտականությունն է»,- «Հայաքվե» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նաև հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին։ Ու հավաստիացրեց․ «Լկտի կերպով խոչընդոտելով «Հայաքվեին»՝ այս վարչակազմն այն անխուսափելիորեն դարձնում է քաղաքական գործընթաց, իսկ նախաձեռնության անդամներին նաև քաղաքական գործոն՝ դրանով ի ցույց դնելով իրենց վախերը։ Անգամ այս վարչակազմը ակնհայտ մտահոգություն ունի, որ ԱԺ-ն ևս կարող է կողմ քվեարկել օրինագծին, եթե այն մտավ ԱԺ։ Գուցե ստորագրահավաքի խոչընդոտների պատճառներից մեկն էլ այն է, որ նույնիսկ վստահ չեն իրենց պատգամավորների քվեարկության հարցում»։

Ավետիք Չալաբյանը հայտարարեց՝ մինչև վերջ փորձել են այս վարչակազմի դեմ պայքարել օրինական ճանապարհով։

Հարցին՝ ի՞նչ լիազորություններ ունի ԿԸՀ-ն այս խոչընդոտները վերցնելու համար, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Սա բարդ է այն իմաստով, քանի որ մենք նախադեպ չունենք։ Պատմության մեջ ուղիղ ժողովրդավարության ճանապարհով հանրաքվեի նախաձեռնության սա առաջին դեպքն է, և ԿԸՀ-ն ինքը հայտնվել է բարդ իրավիճակում։ Մի կողմից ակնհայտ է, որ օրենսդրությամբ ժամանակ է սահմանված՝ 60 օր, որի ընթացքում պետք է ստանանք 50 հազար ստորագրություն։ Մյուս կողմից դա հնարավոր է այն դեպքում, երբ որևէ նման խոչընդոտ չի ստեղծվում։ Մենք դիմել ենք ՀՀ դատախազություն, բայց դրանից չի հետևում, որ այն ժամկետը, որը կորցվել է, անմիջապես վերականգնվում է։ Հնարավոր լուծումներ ենք համարում՝ կորցված ժամկետները վերականգնել, դիտարկել հնարավորություն նոր ժամկետը երկարացնել այն չափով, որով առաջացել են այս խոչընդոտները լրիվ ծավալներով վերացնելուց հետո։ Չգիտեմ՝ որքանով ընդառաջ կգնա ԿԸՀ-ն։ Եթե տեսնենք՝ այս խոչընդոտների վերացումն ավելի երկար է տևում, իսկ սա պարտադիր պայման է, որ մեր բոլոր քաղաքացիները բացարձակ անարգել իրավունք ստանան իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելու համար, այդ դեպքում մենք կվերագործարկենք նախաձեռնությունը։ Մենք կկանգնեցնենք նախաձեռնությունը հիմա, կպահանջենք օր լրիվ ծավալով իրավունքներն ապահովվեն և որից հետո վերագործարկում կանենք։ Մենք չենք մտնի այն թակարդի մեջ, որն այս իշխանություններն են լարել։ Կգնանք այն ճանապարհով, որը հնարավորություն կտա մեր բոլոր քաղաքացիների կամարտահայտության իրավունքը լրիվ ապահովել»։

Ավետիք Չալաբյանն ասաց՝ ստորագրահավաքն իմաստ ունի իրացնել այն դեպքում, երբ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար իրավունք ունեն դրան մասնակցել։ Մարդն Աշոցքում ունի իրավունք, իսկ Երևանի Կենտրոն համայնքում իրավունք չունի։ Աբսուրդ է։ Սա ընտրություններին համարժեք գործընթաց է։ Պատկերացրեք՝ ընտրություններին մարդը գալիս է, և Կենտրոնում ասում են՝ ընտրատեղամասը փակ է, իսկ Աշոցքում բաց է։ Այսօր նման աբսուրդ է տեղի ունենում, և մենք չենք պատրաստվում թույլ տալ այս իշխանություններին նման աբսուրդ կապել մեր ժողովրդի գլխին։ Պայման եք ստեղծելու, որ մեր ժողովուրդն անարգել և հավասար իրավունք ստանա իր իրավունքներն իրացնել։ Այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930