Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն կրթություն չստացած ուսուցիչներին կամավոր ատեստավորում անցնելու եւ աշխատանքը շարունակելու հնարավորություն կտրվի

Հունիս 26,2023 11:48

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունն ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ «Եվ տրվել է որոշակի ժամանակահատված դպրոցների գործող ուսուցիչներին այն պարագայում, եթե վերջիններս չունեին բարձրագույն կրթություն, սովորել եւ ձեռք բերել բարձրագույն կրթության աստիճան։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռեւս մնացել են 1300-ից մի փոքր ավելի ուսուցիչներ, որոնք չունեն միջին մասնագիտական կրթություն եւ շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլեւս չեն կարողանալու աշխատել դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից։ Եվ հաշվի առնելով այն, որ այս ուսուցիչների պարագայում գործել են տարբեր, այդ թվում՝ օբյեկտիվ հանգամանքներ՝ բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, առաջարկվում է, որպեսզի նրանք ընձեռենք հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց նախարարը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ եթե այս ուսուցիչները կամավոր ատեստավորման գործընթացն անցնեն հաջողությամբ, հավաքեն 60 եւ ավելի տոկոս, ապա նրանց կտրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական հնարավորությունը։ Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաեւ, որ բացի սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերից, ուսուցիչներ գործուղվեն նաեւ մարզերի այլ բնակավայրեր։ Դա թույլ կտա արդյունավետ դարձնել ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կամավոր ատեստավորման հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում այս ուսուցիչների հանդեպ պետք է գործեն խրախուսման նույն սկզբունքները։ Այսինքն՝ 70 եւ ավելի տոկոս հավաքելու դեպքում նրանց դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, այնուհետեւ, կախված արդյունքից, 30-50 տոկոս հավելավճար կգործի։

«Մյուս կարեւոր կարգավորումը, որն առաջարկում ենք, մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներին գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն տալն է՝ ուղեկցող ուսուցչի մենթորությամբ։ Միաժամանակ առաջարկում ենք կամավոր ատեստավորման համակարգը ներդնել տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոններում, այսինքն՝ այն կենտրոններում, որոնք ծառայություններ են մատուցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930