Համացանցում արդեն մի քանի օր պտտվող տեսանյութը, որում երեւում է՝ ինչպես են ադրբեջանցիները Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում ջարդում զոհված զինվորների շիրմաքարերը, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը համարում է թշնամուն բնորոշ գործելաոճի արդյունք:
«Եկել ու անում են այն, ինչ նրանց թույլատրել ենք անել: Էթնիկ զտման, ազգային ատելության հերթական դրսեւորում, ապացույց: Սա նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի, որովհետեւ Ադրբեջանն անում է այն, ինչ հարմար է գտնում: Իսկ հարմար է գտնում հայատյացության ցանկացած դրսեւորում՝ խոսքի, գործողությունների, խոշտանգման, վարվող քաղաքականության տեսքով: Անում են, ինչ ակնկալվում էր, ինչը բնորոշ է իրենց վարքագծին»,- ասաց ադրբեջանագետը:
ՀՀ իշխանությունների երազած խաղաղության դարաշրջանին ընդառաջ՝ հակառակորդի այդ գործողությունները, ըստ ադրբեջանագետի, խոսում են ոչ թե սպասվող խաղաղության, այլ հակառակի մասին. «Ոչ մի խաղաղություն չկա ու չի լինելու: Որովհետեւ Ադրբեջանը մի խաղաղության տեսակ գիտի՝ հայերի գոյություն չունենալը: Խաղաղության պատկերացումները միայն մեր իշխանությունների գլխում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ