Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունը ճոճանակի իր քաղաքականությամբ փորձում է խուսափել պատերազմից, բայց Բաքուն զորքեր է կուտակում եւ ցանկացած պահի կարող է հարձակվել»

Հունիս 26,2023 13:30

«Եթե մեր ժողովրդին կարողանանք մոբիլիզացնել, կկարողանանք ապահովել հաղթանակ։ Կապ չունի, թե ովքեր են մեր դեմ պատերազմելու»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է պատմաբան, շուշեցի Աշոտ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, Արցախն արդեն լիակատար շրջափակման մեջ է, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է անել։

– Ստեղծված իրավիճակը ես կանվանեմ ծայրահեղ ծանր։ Եվ որպեսզի մենք դուրս գանք այս ծայրահեղ ծանր իրավիճակից, պետք է վերագնահատումներ անենք մեր արժեհամակարգային մտածողության մեջ։ Մինչեւ մենք չգիտակցենք, թե ի վերջո ինչ ենք ուզում, ոչինչ չի փոխվի։ Հայաստան պետությունն այսօր իրականում անկախ չէ, գաղութ է եւ կատարում է գաղութատերերի պահանջները։ Այսինքն՝ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, այնտեղից ինչ ասեն, դա պետք է անի, որովհետեւ պարտադրված ու նեոգաղութատիրական արժեհամակարգում է աշխատում։ Նժդեհն ասում էր՝ «Հայաստան եւ ճշմարտություն, ահա իմ աստվածությունները: Հայրենասեր չես, եթե կյանքդ տրված չէ ի սպաս սրանց, որոնցից մեկին ծառայել կարելի է մյուսի միջոցով միայն»։ Հիմա եթե մենք ուզում ենք այս երկիրն այս վիճակից դուրս բերել, նախ եւ առաջ պետք է գիտակցենք, որ այս նեոգաղութատիրությունից պետք է դուրս գանք։ Իշխանավոր փոխելով հարց չի լուծվում, որովհետեւ, իմ կարծիքով, դաշտում եղած բոլոր քաղաքական ուժերն էլ չեն գիտակցում, որ գտնվում են նեոգաղութատիրական երկրում։  Նեոգաղութատիրական վիճակից դուրս գալու համար շատ ուժեղ մոբիլիզացիոն հատկություններ ունեցող մարդ է պետք, ով կկարողանա մոբիլիզացնել այս ժողովրդին։ Կարծում եմ թագավորությունը վերականգնելով՝ աշխարհին կարող ենք ներկայանալ մեր՝ ազգային արժեհամակարգով: Ժողովուրդը պատրաստի խմոր է, իրեն ոնց հունցես, այդպես է լինելու։ Մարդիկ կան փնովում են ժողովրդին, իրենց քաղաքական թուլությունը վերագրելով դարերի փորձ ունեցող ժողովրդին։ Բոլորն իրենց պատրաստի նախագահներ կամ վարչապետներ են ձեւացնում, բայց նրանցից ոչ մեկը ծրագիր չունի այս ժողովրդի համար, որ եթե ինքը գա, ի՞նչ է անելու, ո՞նց է անելու, որպեսզի այս երկիրն ազատվի գերտերությունների գաղութային տիրապետությունից, ո՞նց է ինքը պատկերացնում Ադրբեջանի հետ այս հարցի լուծումը։ Եթե ռազմական ճանապարհով է տեսնում, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներ ունի Հայաստանը։ 44-օրյա պատերազմի հետեւանքով վախի մթնոլորտ է ներարկվել մեր ժողովրդին, մարդիկ «պատերազմ» բառը լսելիս սարսափում են։ Իսկ հերոսական ժողովրդին պարտության հասցրած իշխանությունները դա շահարկում են, որ եթե այսինչը կամ այնինչը գա, պատերազմ է լինելու։ Մեր ժողովուրդն էլ սարսափում է անորոշ ելքով պատերազմից՝ առանց հասկանալու, որ վաղվա պատերազմը տեխնոլոգիայի պատերազմ է, զինվորի եւ աշխարհազորի դերն այդ տեխնոլոգիային տիրապետելն է։ Լուծումները սրանք են՝ տնտեսության եւ ռազմական արդյունաբերության  զարգացում, Հայաստանում ռազմավարական օբյեկտները՝ կապը եւ տրանսպորտը, պետք է ազգայնացվեն, որովհետեւ Հայաստանի տարածքն այսօր օտարերկրյա կապիտալի՝ նեոգաղութատերերի ձեռքին է։ Այսինքն՝ դու չես կարող անկախ քայլ անել՝ գազը քոնը չէ, էլեկտրաէներգիան, ջուրը քոնը չէ։ Մի իշխանություն ունենք, այն էլ կասկածելի է, որ մերն է, քանի որ իր գաղութային տերերի հրահանգներն է կատարում, որովհետեւ հասկանում է՝ հերթական պատերազմում ինչ-որ ելք ապահովելու համար ինքը պատրաստություն եւ հաղթելու կամք  չունի։

– Իրականում մենք ռեսուրս ու ներուժ ունե՞նք՝ պատերազմելու համար։

– Ներուժը գեներացնող անձ պետք է լինի։ Օրինակ՝ ժողովրդի մեջ առասպելներ են պատմում Անկախության բանակի հիմնադիր Տեր Հակոբի մասին, որին կարելի է դիմել իր փորձն ու գիտելիքներն ի սպաս հայրենիքի ներդնելու համար: Ասում են, թե նրա հրամանտարներից է եղել Լեոնիդ Ազգալդյանը: Ընդ որում, շատերն ինձ ասում են՝ անհատի վրա ես հույսդ դնում։ Ես ասում եմ՝ այո, անհատներն են պատմություն կերտել եւ կերտում։ Անհատների շուրջը պետք է մարդիկ համախմբվեն։ Եթե ուժեղ անհատի մեջ մեկ մինուս ես տեսել (ցավոք, թավշյա հեղափոխությունից հետո մեր սիրողական մակարդակի քաղաքական գործիչները միայն բացասականն են որոնում), դա չի նշանակում, որ նրան չպետք է հնարավորություն տալ այդ գործն անել։

– Կկարողանա՞ն այս քայլերով ճնշել արցախցիներին, որ նրանք դուրս գան Արցախի Հանրապետությունից։

– Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը ձեր ասած ուղիով է գնում, ուզում է Արցախի Հանրապետությունը հայաթափել։ Ես կարծում եմ, որ Արցախում կա պայքարող անձնավորություն, մնում է, որ արցախցիները նրա շուրջը համախմբվեն։ Խոսքս Սամվել Բաբայանի մասին է, ով հայտարարում է՝ ինձ հնարավորություն տվեք, կփրկեմ Արցախը։ Իմանալով իր ամբիցիաների մասին՝ ես կարծում եմ, որ ինքը գալիս է ինչ-որ բաներ ուղղելու։ Ես պատմաբան եմ, տեսնում եմ, որ արտաքին ուժերի վրա հույս դրած մարդիկ  երկիրը տանում են կործանման, կան մարդիկ Արցախում հակառուսականություն ու ռուսաֆոբիա են տարածում, մարդկանց պառակտում են, փոխանակ միավորեն։ Արցախի անգործության մատնված իշխանությունները պետք է հրաժարական ներկայացնեն, դադարեցնեն սին հույսերով կերակրել ժողովրդին: Ասում են, որ եթե նախագահի գործունեությունը դադարեցվի, դրանով կվտանգվի Արցախի ապագան։ Արցախի Հանրապետությունը վաղուց  է վտանգվել, կարելի է ասել, որ փաստաթղթով հանձնվել է ադրբեջանական զավթիչների քմահաճույքին։ Այդ փաստը պետք է արձանագրել, բարձրաձայնել, թե իրականում ինչ է կատարվել։ Փաստացի Արցախի Հանրապետությունը, որ կայացել է 99 տոկոս տեղաբնիկների քաղաքական կամարտահայտմամբ,  հայտարարվել է Ադրբեջանի մաս՝ թե Հայաստանի, թե Ռուսաստանի կողմից։ ԱՄՆ-ն  ու Ֆրանսիան, որոնց վրա հույս էինք դրել, նույնպես դա են ասում։ Եթե թողել են, որ այնտեղ ադրբեջանական անցակետ տեղադրեն, դա նշանակում է, որ աշխարհը լուռ ու մունջ համաձայն է դրան։

– Դուք ասում եք, որ աշխարհն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց այստեղ կարեւոր է Հայաստանի տեսակետը՝ ի՞նչ է ասում Հայաստանը։ Եթե Հայաստանի ղեկավարը ստորագրի եւ փաստաթղթով հանձնի Արցախը, ի՞նչ է նշանակում դա հենց Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

– Այո, բացասական զարգացումներ արդեն եղել են։ Բայց եթե փորձենք դրական բան գտնել այդ քաղաքականության մեջ, ի՞նչ կարող ենք գտնել։ Այսօրվա ղեկավարության դիրքորոշումը սա է, որ եթե իրենք հրաժարվել են Արցախից, դրանով Հայաստանը դուրս են բերել Ադրբեջանի հետ կոնֆլիկտից։ Այսինքն՝ աշխարհին փորձում են ներկայացնել, որ Արցախի հարցում Հայաստանը ոչ մի դերակատարություն չունի։ Բայց արդյոք Ադրբեջանը թողնո՞ւմ է, որ ձեռքերդ թափ տաս ու մի կողմ քաշվես, չի թողնում։ Ադրբեջանն արդեն զորքեր է մտցրել Հայաստանի տարածք, այսինքն՝ ուզես-չուզես պատերազմի մեջ ես։ Միակ բանը, որը Հայաստանը 44-օրյա պատերազմի նախօրեին արդեն անում էր, բայց չարեց, դա Արցախի Հանրապետության ճանաչում էր։ Բայց այսպես կոչված ընդդիմությունը, որն իբր շատ հայրենասեր էր, իրենց կոչերով բերեցին նրան, որ չճանաչեցին Արցախի անկախությունը։ Կամ գուցե դա թատրոն էր, չէին էլ ուզում ճանաչել։ Բայց այսօր Հայաստանն ուզի թե չուզի, պատերազմի մեջ է։ Խոսքը գնում է ժողովրդական զանգվածների արագ մոբիլիզացիայի եւ կոնկրետ աշխատանքային ուղղությունների որոշման մասին։ Ես չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունը դա կարող է անել։ Այսօրվա իշխանությունը խուսանավող, ճոճանակային տրամաբանությամբ փորձում է խուսափել պատերազմից։ Առայժմ այս բնագավառում է ինքը հաջողում, բայց Ադրբեջանը զորքեր է կուտակում եւ ցանկացած պահի կարող է հարձակվել։ Եթե խաղաղության մասին կոչեր ենք անում, դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք։ Թե տնտեսական, թե ռազմական, թե մյուս ոլորտներում աշխատանք պետք է անել, ամեն ինչ պետք է անել սպասվող պատերազմում Հայաստանի հաղթանակն ապահովելու համար։ Այսինքն՝ երկիրն  ամբողջությամբ պետք է տեղափոխվի ռազմական ռելսերի վրա։ Ժողովրդին պետք է ասել՝ մահվան ու կենաց պատերազմի հարց է, եւ մենք ընտրել ենք կենաց պատերազմը։ Մահը թուրքն է բերում, իսկ մենք չենք ընտրում մահը, ընտրում ենք ապրելը։ Ես ուրիշ ելք չեմ տեսնում, եթե մեր ժողովրդին կարողանանք մոբիլիզացնել, կկարողանանք ապահովել հաղթանակ։ Կապ չունի, թե ովքեր են մեր դեմ պատերազմելու, մենք ունենք գիտական հզոր պոտենցիալ, պետք է այդ ամենն օգտագործել եւ չմտահոգվել, թե աշխարհն ինչ է մտածելու, եթե որեւէ ուղղությամբ ինչ-որ մահացու հարված հասցնենք։ Եթե դա փրկում է Հայաստանը, պետք է արվի այդ քայլը։

– Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե եղե՞լ է Շուշին հայկական պահելու հնարավորություն, ասել է, որ 2020 թվականի պատերազմի օրերին ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախապայման, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, պետք է վերադառնային Շուշի: Նաեւ բոլոր ադրբեջանցիները պետք է անարգել հասանելիություն ունենային Շուշիին, եւ նրանց համար առանձին ճանապարհ պետք է կառուցվեր։ Փաշինյանը պարբերաբար առաջ է քաշում այդ թեզը, որ Շուշիի բնակչության մեծ մասը նախկինում ադրբեջանցիներ են եղել, եւ վերադարձի դեպքում, խնդիրներ կլինեին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներկայացրել է խորհրդային ժամանակաշրջանի վերջին վիճակագրությունը։ Բայց եթե վիճակագրություն ենք ներկայացնում, պետք է ներկայացնենք 20-րդ դարի վիճակագրությունը եւ ասենք, թե աշխարհով մեկ ինչքան սփռված շուշեցի հայ կա, բոլորին հավաքում ենք Շուշիում։ Եթե Ադրբեջանն ասում է՝ 10 հազար ադրբեջանցի եմ բերում Շուշի, մենք էլ կասենք՝ 20 հազար ենք բերում։ Ես գիտեմ, որ նախքան պատերազմը մի քանի անգամ մերոնք դիմել են Ադրբեջանին, ասել են՝ խնդիր չէ, ադրբեջանցիներին բերեք, բայց դուք պետք է ընդունեք Արցախի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք վախ չունեինք, որ իրենք պետք է գային։ Կար որոշում, որ Շուշին պետք է հայտարարվեր մայրաքաղաք, եւ այդ դեպքում մենք կկարողանայինք ադրբեջանցիներին ասել՝ ձեր բնակության վայրը մենք են որոշում՝ դուք Շուշիում եք բնակվելու, թե՞ Շուշիի հարակից ինչ-որ տարածքներում։ Միաժամանակ ես առաջարկել եմ բնակչության աճի ապահովման հատուկ մտահղացում, որը ուշ չէ նույնիսկ սկսել այսօր: Այն զգալի միջոցներ է պահանջում, բայց 20 տարի անց հայ ժողովրդի անվտանգության հարցը լուծող մտահղացում է: Հայոց թագավորության վերականգնման դեպքում, այդ մտահղացումը կլուծի թե անվտանգային, թե ժողովրդագրական եւ թե տնտեսական հարցեր:

Եթե քաղաքական ղեկավարությունը, հենվելով 1980-ականների մարդահամարների վրա, նման անպատասխանատու հայտարարություններ է անում, դա նշանակում է՝ իրենք քաղաքականապես շատ թույլ են։ Եթե Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր անցկացնեն բնակչության վիճակագրական ստուգում, կպարզվի, որ արաբներն ավելի շատ են, քան ֆրանսիացիները։ Ֆրանսիան դրանից վախենո՞ւմ է, իհարկե՝ ոչ, որովհետեւ ֆրանսիական ժողովուրդն ունի պետականորեն մշակված երկարաժամկետ քաղաքականություն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930