Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է, որ բանաձեւում նշված է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին միջազգային մեխանիզմի ներքո»

Հունիս 26,2023 14:00

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների թեման օրակարգային է, եւ պետք է ճնշումը մեծացնենք։

«Կարծում եմ՝ պատժամիջոցների թեման օրակարգային է, եւ պետք է ճնշումը մեծացնենք»,-«Առավոտի» հարցին՝ արդյոք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվո՞ւմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ հունիսի 19-23-ը Ստրասբուրգում անցկացվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում ընդունվեց «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցը։ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Նախ ասեմ, որ շատ լավ եմ գնահատում այս բանաձեւի եւ խորհրդատվությունների (recommendations) ընդունումը։ Խորհրդատվությունների ընդունման համար 2/3-ն էր անհրաժեշտ քվեարկողների, եւ Ադրբեջանի պատվիրակությունը փորձում էր հենց սա առաջին հերթին տապալել, քանի որ դա մի քիչ ավելի դժվար է ընդունելը։ Ես բացարձակ չէի նյարդայնացել, ես զուտ կոչ էի անում պատգամավորներին հանկարծ չլքել դահլիճը, որովհետեւ Ադրբեջանի նպատակը հենց ժամանակ երկարաձգելն էր, որ ԵԽԽՎ պատվիրակները քչանային, եւ հնարավոր չլիներ բանաձեւն ընդունել։ Իսկ ինչո՞ւ էր այդպես։ Ըստ ԵԽԽՎ Կանոնակարգի՝ հետեւյալ կերպ է ամեն ինչ տեղի ունենում։ Ասեմ, որ Ադրբեջանի պատվիրակությունը մոտ 60 փոփոխություն էր առաջարկել տեքստում, բնականաբար, բոլորը շատ վատ փոփոխություններ։ Օրինակ՝ փորձում էին ամեն տեղից հանել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, բայց նրանց փոփոխությունների 99 տոկոսը մերժվել էր հանձնաժողովում, եւ մեկ-երկու ոչ խնդրահարույց փոփոխություններ ընդունվել էին։ Ընդ որում, մերժվել էին ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի 2/3-ով, իսկ դա նշանակում է, որ լիագումար նիստում փոփոխությունները չեն քննարկվում, եթե դրանք մերժվել են 2/3-ով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առնվազն տասը պատվիրակ դեմ է արտահայտվում դրանք չքննարկելուն եւ առաջարկում է քննարկել։ Լիագումարում դա էլ տեղի ունեցավ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները եւ եւս մեկ-երկու պատվիրակ, որոնց դեռ չեմ տեսել՝ ովքեր են, ոտքի կանգնեցին՝ մոտ տասներկու հոգի, եւ ըստ կանոնակարգի՝ արդեն լիագումար նիստում ստիպված էին հատ-հատ քննարկել Ադրբեջանի՝ մերժված փոփոխությունների առաջարկները, եւ դրանք բնականաբար, նորից մերժվեցին»։

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ 2020-ի 44-օրյա պատերազմին հաջորդած տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեման անընդհատ «աճեցնում էին». «Սկզբից բանաձեւ չենթադրող քննարկումներ էինք նախաձեռնում, լիագումար նիստին դեբատներ էինք նախաձեռնում, հետո միգրացիայի կոմիտեում մեկ բանաձեւ եղավ, հետո ՀՀ-ի վերաբերյալ բանաձեւում տեղ գտան պարբերություններ ԼՂ-ի վերաբերյալ, հետո Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ էլի բանաձեւ չենթադրող քննարկում նախաձեռնեցինք։ Այս անգամ ստացվեց բանաձեւ ենթադրող քննարկում նախաձեռնել, եւ մենք ստացանք բանաձեւ, որից շատ գոհ ենք»։

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ այս բանաձեւը կարող ենք օգտագործել միջազգային տարբեր հարթակներում. «Այդպիսի բանաձեւերն օգտակար են, քանի որ մեջբերվում են նաեւ այլ տեղերում. օրինակ՝ ՄԻԵԴ-ի որոշման մեջ ԵԽԽՎ-ի նախորդ բանաձեւերից հատվածներ մեջբերված էին։ Այսինքն՝ շատ կարեւոր են դրանք, եւ կարեւոր է, որ մենք արդեն չենք ասում, որ միջանցքը շրջափակված է, կամ որ Ադրբեջանի հռետորաբանությունը ատելության խոսքով է լի, այլ արդեն ԵԽԽՎ-ի պաշտոնական դիրքորոշումն է դա։ Ադրբեջանն արդեն երեք տարի պնդում է, որ ԼՂ չկա, փորձում է այդ անվանումը հանել բոլոր տեղերից, բայց չի ստացվում, եւ եւս մեկ անգամ չստացվեց»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կարեւորեց նաեւ, որ բանաձեւում նշված է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին միջազգային մեխանիզմի ներքո, ընդ որում, որ քննարկումները լինեն ոչ միայն միջազգային մեխանիզմի ներքո, այլ որ նաեւ լուծումը նույնպես պետք է ենթադրի չեզոք միջազգային մեխանիզմների մասնակցություն»։

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցի մասին խոսելիս Ռուբեն Ռուբինյանը կարեւորեց նաեւ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ Բըրգը Տորարինսոնի հայտարարություններն այն մասին, որ այս ամենի համատեքստում արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է լինել ԵԽ անդամ, թե՝ ոչ։ Ռուբեն Ռուբինյանը նաեւ փաստեց՝ տեսականորեն ԵԽ-ն կարող է հեռացնել Ադրբեջանին անդամությունից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930