Սկիզբը՝ այստեղ:
- ԻՍԿ ԱՅԼՔ ԱՆԱՊԱՏԸ ԴՐԱԽՏԻ ԵՆ ՎԵՐԱԾՈՒՄ…
Արտեմ Սարգսյանի եւ Ալինա Խաչատրյանի հետ պայմանավորվեցինք տեսազրույց ունենալ երեքշաբթի օրը: Արտեմի հետ Երեւանում բազմաթիվ հեռուստատեսային հեռուստազրույցներ եմ ունեցել, այնպես որ, բնական էր նրանց առաջարկը:
Վահեն առաջարկեց միասին Հոլիվուդ գնալ: Հոլիվուդը Գլենդելի հարեւան Լոս Անջելես քաղաքի շրջաններից մեկն է: Բառացի այն նշանակում է holly-սղոցի wood-անտառ: Այն այժմ ամերիկյան կինոարտադրության կենտրոնն է: Վահեի հետ հայտնվեցինք մարդաշատ «Փառքի ծառուղում», որտեղ մայթերին արույրե աստղաձեւ սալիկներ են տեղադրված, վրան՝ հռչակավոր դերասան-դերասանուհիների անունները: Աղջիկը ուսին գտնվող սպիտակ վիշապօձը զգուշորեն փոխանցեց մեկ ուրիշին: Հերթափոխ է: Իսկ մեկ ուրիշը վիշապօձը փոխանցելուց հետո համաձայն չէր վարձավճարին, հավելյալ գումար էր պահանջում: Այդ մայթով քայլելիս, չնայած այստեղ շարված հռչակավոր անուններով աստղերին՝ ես չէի զգում նրանց ներկայությունը: Դրանք փողոցը զարդարելու համար են: Գուցե հայտնի կինոդերասաններն առանձին հպարտությամբ են գալիս ու կանգնում իրենց «աստղի» մոտ, երեւի հուզմունք ու հպարտության զգացում ունենում, գուցե եւ նման փառք երազող պատանիներն ու աղջիկները միանգամայն այլ կարծիքի են ու երազում են իրենք էլ մի օր կանգնեն իրենց աստղի մոտ:
Բարձրացանք երրորդ հարկ, որտեղ չոր ու խրխրթան բաժակի մեջ լցված պաղպաղակ պատվիրեցինք: Հետո Մադամ Տյուսոյի թանգարանի մուտքում նկարվեցինք Էլվիս Պրեսլիի ու Մերլին Մոնրոյի արձանների հետ: Ուսանողական տարիներին ես Էլվիս Պրեսլիի երկրպագուն էի:
Հաջորդ առավոտյան դուրս եկա գլենդելյան փողոցներով քայլելու: Երեւանում շատ հարմար էր. քայլելով մի երկու պտույտ էի գործում Դավթաշենի այգում, առանձնացված հարթակներում տեղադրված սպորտային գործիքների վրա վարժություններ կատարում ու տուն վերադառնում: Սակայն այստեղ ես հատուկ ուշադրությամբ եմ հիանում միհարկանի Գլենդելով: Զգացվում է մեծ ճարտարապետ Ֆրանկ Լլոյդ Ռայթի ազդեցությունը: Ոչ մի տուն այստեղ իր ճարտարապետությամբ չի կրկնվում: Առանձնապես շքեղ են բակերը, որոնց զարդարում են փոքրիկ ծաղկանոցները, արմավենիները, մերձարեւադարձային բուսականությունը: Երեւի Երեւանի հետ նույն գոտում է Գլենդելը, սակայն օվկիանոսը խոնավություն է ստեղծել, որը այլ կլիմայական մթնոլոտ է մատուցել: Մեր արցախյան Մարգուշեւանում, որ ծովի մակարդակին մոտ էր, մերձարեւադարձային այգի կար, որը 1914 թ. հիմնել էր նավթարդյունաբերող եւ խոշոր կալվածատեր Ավան Յուզբաշյանը՝ 1720-ական թվականների հայ ազատագրական պայքարի հերոսներից շահկերտցի (Նախիջեւանի մարզ) Ավան Հարյուրապետի հետնորդներից մեկը:
Կարդացեք նաև
Հարութ Սասունյանի առաջարկով պետք է հանդիպենք Իրանահայ միությունում: Մինչեւ իմ զրուցակցի գալը զննեցի շինությունը: Շենքի ճակատին հայերենով եւ անգլերենով գրված էր «Լոս Անջելեսի իրանահայ միություն, Լյուտովիկ եւ Հակոբ Անթապլեան կրթական եւ մշակութային կենտրոն»: Բժիշկ եւ բարերար Հակոբ Անթապլեանին ծանոթ եմ Երեւանից: Նա ավելի շատ մտահոգված էր լեզվի անաղարտությունը պահպանելու խնդրով:
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» («The California Cօurier») անգլիալեզու թերթի գլխավոր խմբագիր եւ հրատարակիչ, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Մանուգ Սասունյանը ծնվել է 1950 թ. Հալեպում: Ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Ավարտելով ԱՄՆ Կոլումբիայի համալսարանը միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանով, բնակություն է հաստատել Լոս Անջելեսում:
Նախ հայտնեցի, որ «Առավոտ» թերթի համար ամերիկյան իմ հանդիպումներից ռեպորտաժների շարք եմ պատրաստում, ու իր մասին էլ կցանկանայի գրել: Պատմեցի «Արեւմտյան Հայաստանը մինչեւ 1915 թ. լուսանկարներում» ու ցուցահանդեսների մասին եւ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների նորահայտ ամրոցների, որոնք ուզում եմ ցուցադրել ԱՄՆ-ի հայաշատ վայրերում: Աշխարհի հայության մասին արխիվներից, թանգարաններից հավաքել եմ հայ համայնքների մասին շուրջ յոթ հազար հին լուսանկար, որնք չպետք է անգործ մնան դարակներում: Բացի այդ, բերել եմ Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների նորահայտ ամրոցների մասին նյութերը, որոնք ապացուցում են, որ դրանք հայ ժողովրդի տարածքների ու մշակոյթի անքակտելի մասն են հանդիսանում եւ Բաքուն դրանց հավակնելու ոչ մի հիմք չունի:
Հարութ Սասունյանն ասաց, որ Հայ-Ամերիկյան թանգարան է հիմնվում, ինքը կպայմանավորվի թանգարանի խորհրդի անդամների հետ, կառաջարկի, որ քննարկեն այդ հավաքածուի հարցը:
1988-94 թթ. նկարահանումներ եմ իրականացրել Արցախյան ապստամբության թեժ կետերում, ունեմ 250 ժամ տեսանյութ: Առաջարկում եմ ստեղծել 12-15 րոպեանոց 24 ֆիլմ Արցախի երեք հազար տարվա պատմության, պայքարի մասին, որի թարգմանությունն անգլերեն կարեւոր դեր կունենա Արցախի մշակույթի, նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիրներում:
Հարութն ասաց, որ ընդհանուր առմամբ Հայաստանին ու Արցախին են փոխանցել 991 միլիոն դոլար գումարի համապատասխան օգնություն: Երբ 17 միլիոն դոլարի օգնություն են ուղարկել ու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատակազմի պատասխանատուներից մեկը հարցրել էր.
-Մեզ ոչինչ չի՞ հասնում:
-Ո՞վ է «մեզը», -հարցրել էր Հարութ Սասունյանը:
-Մեր աշխատակազմը…
-Պարոն, -պատասխանել էր «Լինս» հիմնադրամի պատասխանատուն, -ես եկել եմ հայ ժողովրդի, նրա պետականության համար, դա ձեզ չի՞ հետաքրքրում, իսկ ՀՀ կառավարությունը հայ ժողովրդի մի մասն է, չէ՞: Եթե մեր երկրի վրա այլ անուն դնեք, ապա հավաստիացնում եմ, ոչինչ չեք ստանա:
-Երբ է հիմնվել Հայաստանին օգնող հիմնադրամը, -հարցրի ես:
-1989 թ. եմ հիմնել: պարոն Քըրք Քրքորյանը օգնեց, ու մեզ միացան 7 կազմակերպություններ, հիմնեցինք «Միացյալ հիմնադրամը»: Քըրք Քրքորյանն էր տալիս ծախսերը: Ավելի քան հարյուր թռիչք ենք իրականացրել դեպի Հայաստան: Ֆոնդի մի ճաշկերույթին 2000 հոգի էին հավաքվել: Երբ 2015-ին Քըրք Քրքորյանը մահացավ, մյուս կազմակերպությունները լքեցին հիմնադրամը ու առաջարկեցին փակել այն: Ես դժգոհ էի նրանց վարքից: Որոշեցի շարունակել գործը, քանի որ կարեւորը հայրենիքն էր: Հիմնեցի «Հայաստան-Արցախ» հիմնադրամը:
-Պարոն Սասունյան, ես հաճախ եմ իրար համեմատում Հայաստանն ու Իսրայելը: Հրեաներին հաջողվեց այսօրվա ամենազարգացած երկրներից մեկը ստեղծել, իսկ ահա մեր ներքին խռովությունների, սխալ կազմակերպվելու պայմաններում սկսեց հետընթաց ապրել:
-Հրեաներից պետք է շատ բան սովորենք: Անապատը դրախտի վերածեցին: Դա ոչ միայն հայրենասիրության, այլեւ ճիշտ կազմակերպելու շնորհիվ է:
Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2023