Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը «Սարերում» իմերսիվ փառատոնի ժամանակ Aravot.am-ի հետ զրուցեց նաեւ համայնքն ավելի արդյունավետ ղեկավարելու դեմ իրականացվող արհեստական խոչընդոտներին։ Խոսքը երկրում իշխող, իսկ Տաթեւ համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամների վարքագծի մասին է։
«Բայց ես որեւէ խնդիր չեմ տեսնում դրանում։ Մենք կոալիցիա կազմեցինք «Շանթ» դաշինքի հետ եւ համատեղ կառավարում ենք իրականացնում։ Իսկ ՔՊ կուսակցության ավագանիները ավագանու նիստերին գրեթե չեն հաճախում։ Մենք էլ մոտ մեկ ամիս առաջ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց յոթ հոգուց վեցին զրկեցինք մանդատից։ ՔՊ ընտրական ցուցակից նոր ավագանիներ են մանդատներն ստացել։ Բայց նրանք նույնպես չեն ցանկանում նիստերին մասնակցել։ Դա նրանց խնդիրն է։ Դա ՔՊ կուսակցության Տաթեւի թիմի որոշումն է։ Սակայն նրանց նիստին գտնվել-չգտնվելը չի խանգարում մեզ «Շանթ» դաշինքի հետ քվորում ապահովել։ Խնդիրն այն է, որ իրենք իրենց պետք է հարց տան, թե ինչի համար են ավագանու թեկնածություն դրել կամ ցուցակում ընդգրկվել։ Ավագանին ընտրվում է հասարակական հիմունքներով, հանրության շահը ներկայացնելու, համայնքի զարգացմամբ եւ խնդիրներով զբաղվելու։ Սակայն այդ ցանկությունը նրանց պարագայում չենք տեսնում։ Մի ժամանակ ասում էին, թե այնպիսի տպավորություն է, որ նրանք ուզեցել են ավագանի դառնալ զուտ իշխանությունը ստանալու համար։ Ու դա իմ համար այլեւս կասկածելի չի։ Իրենց դեպքում կարելի է ասել, որ ուզեցել են իշխանության զավթում անել։
Ես «Ապրելու երկիր» կուսակցության հանրապետական խորհրդի անդամ եմ, Տաթեւ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը եւ ասում եմ, որ մենք չունենք նպատակ որեւէ համայնքում դաշինք կազմել ՔՊ-ի հետ։ Նույնիսկ այն դեպքում, եթե իրենք առաջարկեն, ենթադրենք, որ համայնքի ղեկավարը «Ապրելու երկիր» կուսակցությունից լինի։ Բացառվում է նման հարցով նրանց հետ համագործակցելը։ Դա կարմիր գիծ է մեր համար»,-ասաց փոխհամայնքապետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ