Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացնելու ենք մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում պաշտպանություն իրականացնելուց․ Փաստաբանների պալատի նախագահ

Հունիս 25,2023 22:50

Հարգելի գործընկերներ,

ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, Փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Նշվածները` ի թիվս այլնի, մեր օրենսդրությամբ ամրագրված փաստաբանական գործունեության նվազագույն երաշխիքներն են, որոնք ուղղակի անտեսվում են:

Պետք է փաստել, որ փաստաբանների նկատմամբ վերջին շրջանում կատարված բռնության դեպքերը և դրանց պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի վտանգված լինելու մասին:

Առ այսօր՝

բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացվում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ,

Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն շարունակում են պաշտոնավարել,

իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ շարունակվում է:

2023 թ. հունիսի 6-ին և 21-ին տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստերում փաստաբանները ներկայացրել են իրենց վրդովմունքը և մտահոգությունները՝ բռնության դեպքերի կապակցությամբ:

Փաստաբանների պալատի ակումբի նիստերի ընթացքում մեր գործընկերները ներկայացրեցին իրավական պետությանը բնորոշ, պատկան մարմինների կողմից կատարման ենթակա, նվազագույն պահանջները որոնք նույն պես անտեսվեցին, ինչն իր հերթին ևս ցույց է տալիս ինստիտուտի նկատմամբ առկա վերաբերմունքը:

Ուստի, նման պայմաններում անհրաժեշտ է իրավաչափ միջոցներով կանխել ոտնձգությունները և պաշտպանել մեր ինստիտուտը:

Փաստաբանների պալատի հիմնական նպատակներից ու խնդիրներից է` պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

Վաղը` հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է և այդ օրը տեղին է հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:

Հետևաբար փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով 2023 թվականի հունիսի 26-ին իրականացնելու ենք մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Սիմոն ԲԱԲԱՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930