Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարատ Գերասիմյան․ «Սյունիքը պետք է դարձնել ապրելու երկիր, որպեսզի ավելի շատ բնակչություն հաստատվի, ընտանիքներ կազմվեն, երեխաներ ծնվեն եւ մեր հարեւաններին ցույց տանք, որ մենք կանգուն ենք, ուժեղ ենք ու ամուր ենք»

Հունիս 25,2023 22:01

Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը Տաթեւում անցկացված «Սարերում» իմերսիվ փառատոնի ընթացքում լրատվամիջոցներին ասաց, որ վերջին տասը տարիներին Սյունիքում նաեւ բազմաթիվ այլ բնույթի փառատոններ են եղել։

«Փառատոնն իր հետ աշխուժություն, շարժ է բերում տարածաշրջան։ Եվ այն, որ մեծաթիվ այցելուներ են գալիս, դա ճանաչելի է դարձնում մեր համայնքը։ Մարդիկ ավելի շատ հնարավորություն են ունենում ուսումնասիրելու Սյունիքի պատմությունը, պատմական հուշարձանները, ավանդույթները, ընդհանուր առմամբ ճանաչելու ժողովրդին, նրա բնավորությունը։ Բնականաբար, յուրաքանչյուր այցելու իր բնակության վայր վերադառնալով եւ իր աչքով տեսած Սյունիք հրաշքի մասին պատմելով՝ նաեւ նոր զբոսաշրջիկներ է բերում, ինչն էլ հավելյալ շարժ է ապահովում մարզում։

ՏաԹեւեր ճոպանուղին  եւ «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը մշտապես ակտիվ են նման նախաձեռնություններում։ Այս  փառատոնն էլ նրանց նախաձեռնությամբ է կազմակերպվել։ Ընդ որում, «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը բացի այսպիսի միջոցառումներից Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված այլ հիմնադրամների հետ միասին մշտապես ուշադրություն են դարձնում տարածաշրջանի տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների զարգացմանը, ծրագրեր կազմում եւ մասնակցում դրանց իրագործմանը։

Առանց վարանելու կարող ենք ասել, որ 13 տարի առաջ Տաթեւի ճոպանուղու ստեղծումը տարածաշրջանում արթնացրել է  90 տոկոսից ավելի աշխուժություն զբոսաշրջային ոլորտի, ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Մինչեւ ճոպանուղու կառուցելը Տաթեւ համայնքում գրեթե չկային հյուրատներ, սպասարկման համապատասխան կառույցներ եւ ծառայություններ։ Իսկ հիմա կարող ենք ասել, որ Տաթեւ խոշորացված համայնքի բնակչության առնվազն 20 տոկոսը զբաղվում է հենց զբոսաշրջային բնույթի աշխատանքներով»,-ասաց նա։

Մարատ Գերասիմյան

Անդրադառնալով դիտարկմանը, որ ճոպանուղին բացի կյանքի որակի բարելավումից նաեւ ենթակառուցվածքների դրական փոփոխություններ է բերել, Մարատ Գերասիմյանն ասաց․ «Միանշանակ է, որ ճոպանուղու այստեղ հայտնվելը խթան է հանդիսացել, որ պետությունը, միջազգային կամ տեղական կազմակերպությունները իրենց ներդրումներն ունենան տարածաշրջանում։ Որոշ կազմակերպություններ արդեն իսկ սոցիալական բնույթի ենթակառուցվածքներն են պարտավորվել կազմակերպել։ Նույն Ռուբեն Վարդանյանի անձի, միջազգային հարթակներում,  նրա ունեցած վստահության շնորհիվ մեր տարածաշրջանը, կարելի է ասել, լրացուցիչ շունչ ստացել։ Իհարկե, շատ խնդիրներ դեռեւս սպասում են իրենց լուծմանը, սակայն միանշանակ է, որ մեկ տասնամյակում այսպիսի Հայաստանի մասշտաբով շատ քիչ տարածաշրջաններում է այսպիսի աշխուժացում արձանագրվել։

Իսկ թե ճոպանուղին ինչպես է ազդել նաեւ հարակից գյուղերի բնակչության կյանքի վրա, համայնքի ղեկավարի տեղակալն ասաց․ «Միայն ճոպանուղին ունի 60-ից ավելի աշխատող։ Այնտեղ աշխատողներ կան նաեւ․ օրինակ,  Գորիս համայնքից։ Ճոպանուղում աշխատելու որոշակի չափորոշիչներ կան։ Այսքան ժամանակ ես չեմ հանդիպել մի դեպքի, որ մոտիկ բնակավայրում ապրող ավելի բարձր որակավորում ունեցող մարդու փոխարեն մեկ ուրիշին վերցնեն աշխատանքի։ Եվ քանի որ առիթն ընձեռվել է, դիմում եմ երիտասարդներին, որոնք մասնագիտանում են տարբեր ոլորտներում, ուսանող են, ինչը շատ ողջունելի է, անպայման վերադառնան, մտածեն, որ իրենց ներկայությունը, աշխատանքն այստեղ է պետք, որ այդպես կօգնեն տարածաշրջանի զարգացմանը։ Նրանք այդպես կապրեցնեն Սյունիքը։ Մենք, ցավոք, այսօր կանգնած ենք ռազմական, քաղաքական լուրջ մարտահրավերների առաջ։ Ու ես չեմ կարծում, որ միայն զենքով կարելի է երկիրը պաշտպանել։ Առաջին հերթին երկիրն ապրեցնել է պետք։ Ու առաջին հերթին Սյունիքը պետք է դարձնել ապրելու երկիր, որպեսզի ավելի շատ բնակչություն հաստատվի, ընտանիքներ կազմվեն, երեխաներ ծնվեն եւ մեր հարեւաններին ցույց տանք, որ մենք կանգուն ենք, ուժեղ ենք ու ամուր ենք»։

\

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930