Ադրբեջանի զինված ուժերի ծառայող 20-ամյա Հուսեյին Ախունդովը իրավապահ մարմիններին տված ցուցմունքում նշել է, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել է իրենց զորամասում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Ալավերդյանը։
Վերջինս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչն է։ «Դատարանում Ախունդովը հրաժարվեց ցուցմունք տալուց։ Հրապարակվեց նախաքննական մարմնին տված նրա ցուցմունքը, որ իբր ոչ կանոնադրային փոխհարաբերությունների համար է հատել Հայաստանի սահմանը։ Իհարկե, դա արժանահավատ չի կարող լինել»,-ասաց Կարեն Ալավերդյանը։
Ախունդովը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 7 հոդվածով, որից մեկը սպանություն՝ երեք ծանրացնող հանգամանքով։ Հունիսի 21-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դատավճռով, Հուսեյին Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ ԶՊՄԿ-ի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի հարազատները դժգոհ են դատավճռից եւ ակնկալում էին ցմահ ազատազրկում։ Դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան։
Կարդացեք նաև
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, ծառայող Ախունդովը իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ խախտել է Հայաստանի պետական սահմանը՝ հասնելով Սիսիանի Բնունիս գյուղ։ Դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ