Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար

Հունիս 25,2023 19:00

Տաթեւում հանգստյան օրերին մեկնարկել է Սյունիքի պատմության եւ լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները, որոնց մեջ բավականին շատ են օտարերկրացիները, երկու օր անմիջականորեն շփվում են Սյունիքի պատմությանն ու լեգենդներին, ներկա լինում ու անձամբ մասնակցում թատերական բեմադրությունների, վարպետության դասերի, ունկնդրում են երաժշտություն, սովորում մեր ազգային պարերը եւ խաղերը, համտեսում ավանդական ուտեստներ, այցելում Սյունիքի պատմական գյուղեր։

Փառատոնի ծրագրում ամենատպավորիչներից մեկը, թերեւս, «ՏաԹեւեր» ճոպանուղու թռիչքն է Որոտանի կիրճի վրայով դեպի 9-րդ դարում հիմնադրված  միջնադարյան հոգեւոր, կրթական եւ ճարտարապետական կոթող Տաթեւ վանական համալիր։ Ու, թերեւս, քչերը գիտեն, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար մարդատար այս ճոպանուղին 2010 թվականին գործարկվել է Ռուբեն Վարդանյանի «Տաթեւի վերածնունդ» շահույթ չհետապնդող հիմնադրամի միջոցներով, որի հիմնական նպատակներն են Տաթեւի վանքի վերակառուցումը, Սյունիքի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղեր եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթեւի զբոսաշրջային ուղղության զարգացումը, տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց․ «Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերները եւ համախոհները որոշեցին, որ պետք է կառուցել «ՏաԹեւեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել, դրվեց Տաթեւի նոր պատմության հիմքը։ Ուղիղ 13 տարի հետո մենք այստեղ ենք ու ներկա ենք «Սարերում» խորագիրը կրող փառատոնին։ Խորագիրը շատ կարեւոր է, մանավանդ այս տարիներին, քանի որ Սյունիքը, հատկապես այս ժամանակահատվածում մեր երկրի կարեւորագույն մարզերից մեկն է։ Մենք փորձել ենք ստանալ հին պատմության եւ ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տարածաշրջանում տեսնում։ Այսինքն, հյուրերը ոչ միայն դիտում են դրանք, այլեւ մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթեւում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները եւ կարեւոր անձինք, մասնավորապես, Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը՝ այն ամենակարեւոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց, վերածնվեց։

Փառատոնի մասնակիցների համար տուրեր են կազմակերպված Հին Հալիձոր, որտեղ մարդիկ ապրում են 18-րդ դարի շրջանում, տեսնում «այն ժամանակվա ապրելակերպը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը ստեղծված է հենց զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Սյունիքի մարզը ամենահեռուն է մայրաքաղաքից։ Երբ 2010 թվականին ստեղծվում էր ճոպանուղին, այն ժամանակ տարեկան մոտ հինգ հազար զբոսաշրջիկ էր այցելում Սյունիք։ Իսկ այս 13 տարիների ընթացքում նվազագույն թիվը հասել է 150 հազարի հենց Ռուբեն Վարդանյանի այս նախագծի շնորհիվ։ Եվ 2010 թվականից մինչեւ օրս ունենք արդեն 1 միլիոն 300 հազարից ավելի զբոսաշրջիկ, որոնց սպասարկել է «ՏաԹեւեր» ճոպանուղին։ Այս թիվը գնալով մեծանում է։

Անպայման ուզում եմ հավելել, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը տեսանելի ազդեցություն է ունեցել նաեւ տեղի բնակչության համար զբաղվածության, աշխատատեղերի, ենթակառուցվածքների զարգացման առումով։

Aravot.am-ի հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո զբոսաշրջիկների հոսքի տատանում նկատվո՞ւմ է, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց․ «COVID-ի ժամանակ, չարաբաստիկ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո զբոսաշրջիկների հոսքը բավականին նվազել էր։ Բայց հիմա վերստին աճը  տեսանելի է եւ 2023 թվականին այն պետք է որ կրկնապատկվի, քանի որ հոսքը դեպի Տաթեւ եւ հետաքրքրությունը դեպի Հայաստան աճել է ու շարունակում է աճել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930