Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պակասում է իրատեսությունը -2

Հունիս 25,2023 18:40

Իրատեսությունն անհատի, ընտանիքի, ազգի և պետության զարգացման հիմնաքարային նախապայման է: «Ընդունեք իրողություններն այնպես, ինչպես կան․ սա ձեզ կբերի խաղաղություն», – նշել է հույն փիլիսոփա Էպիկտետոսը, որը պատկանում է փիլիսոփայության ստոիկյան ճամբարին: Ընդունել իրողություններն այնպես, ինչպես կան, սակայն, ամենևին չի նշանակում, որ պետք չէ ռազմավարություն հաստատել և լուծումներ փնտրել։ Այն ուղղակի նշանակում է, որ պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, ինչով տառապում է հայերի մի մասը:

«Մեզ պակասում է իրատեսության» առաջին հատվածում անդրադարձել էի իշխանությունների կողմից իրատեսության պակասի խնդրին: ՀՀ կառավարությունը նախատեսում է իրագործել մի շարք նախագծեր, որոնք վտանգավոր են և հեռու իրականությունից: Մի քանի օրինակ են՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկումը, «անկլավների» հնարավոր հանձնումը Ադրբեջանին և Արցախից հրաժարվելը:

Սակայն 2020 թվականի պատերազմից հետո ոչ միայն իշխանությունները կորցրին իրականության զգացումը, այլ նաև ժողովրդի մի մասը: Սա առավել ակնհայտ է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող ոլորտում: ՀՀ շատ քաղաքացիներ հավատում են (դա իրենց իրավունքն է), որ ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքը պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանեն Հայաստանը Ադրբեջանից և Թուրքիայից: Իհարկե, ԱՄՆ-ն և Արևմուտքի մեծ մասը Հայաստանի համար բարեկամ պետություններ են, բայց պետք չէ մոռանալ նաև այն, որ Ադրբեջանը Եվրոպական Միության համար էներգետիկ ոլորտի «հուսալի գործընկեր է»։

Հակադարձում կարող է առաջ քաշվել, որ ԵՄ-ն Հայաստանում դիտորդական առաքելություն է տեղակայել, ինչն էլ ապացուցում է եվրոպական շահագրգռվածությունը ՀՀ-ում։ Այս դեպքում դիտորդներն ինչո՞ւ չեն արձանագրում, որ Բաքվի կողմից ամեն օր խախտվում է հրադադարը:

Պետք չէ մոռանալ, որ հրապարակայնորեն ԱՄՆ դիվանագետները չեն դատապարտում Բաքվին՝ սահմանային ամենօրյա սադրանքների համար: Չհիասթափվելով Արևմուտքից և շարունակելով խորացնել ռազմական համագործակցությունը արևմտյան երկրների հետ՝ պետք է միաժամանակ արձանագրել, որ անվտանգային հարցերում մենք մեր հույսը հիմնականում մեզ վրա պետք է դնենք, որովհետև ոչ մի երկիր Հայաստանը չի կարող պաշտպանել այնպես, ինչպես հենց Հայաստանը։

Հայերի մոտ իրատեսության պակասը զգացվում է նաև Հայաստանի ներկայի և ապագայի նկատմամբ անհետաքրքրվածությունից: Վերջերս ՄԱԿ կանխատեսումները փաստեցին, որ 2050-ին ՀՀ բնակչության թիվը 2,6 միլիոն է լինելու: Այս հանգամանքը, ընդհանուր առմամբ, անհանգստություն չի առաջացնում հայ հանրությունում: Բացակայում են առարկայական լուծումները։ Իսկ Արցախի «ադրբեջանականացման» իշխանության պատրաստակամությունը համահայկական ընդդիմության չի արժանանում:

Վերադառնալով Էպիկտետոսի խոսքերին՝ անհրաժեշտ է ընդունել, որ Հայաստանում առկա են շատ խնդիրներ։ Եթե խաբենք ինքներս մեզ և անտեսենք այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առջև, արդյունքը կարող է անդառնալի լինել։ Երբ ժողովրդը (ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նաև ազգությամբ հայերը) բացի անձնական և կենցաղային հոքսերից սկսի մտածել նաև համահայկական հոգսերի մասին, այդ դեպքում նոր հնարավոր կլինի հայկական «վերածնունդը»։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930