«Հայաստանի մարզերի հեռավոր գյուղեր այցելելիս տեսնելով մշակույթի տների բեմերի անմխիթար վիճակը՝ համարյա կիսաքանդ, նստարանները՝ ջարդված, զգում ես, որ մեղմ ասած, մշակութային կյանքը չի կարող ակտիվ լինել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ճանաչված դերասան, «Էլ-Մար» ստեղծագործական կենտրոնի շրջիկ թատրոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Արմեն Դալլաքյանը։ Օրեր առաջ թատերախումբը բարեգործական ներկայացումներով Լոռու մարզի հեռավոր գյուղերում էր՝ Արծնի, Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Կաթնաղբյուր, Վարդաբլուր։ Այս անգամ թատերախմբի հանդիսատեսը երեխաներն ու պատանիներն էին։ Նրանց դատին հանձնվեց երկու ներկայացում՝ «Անահիտ»-ն ու «Անտառի բնակիչների արկածները»։
«Շնորհակալ եմ դերասաններին, որ խաղացին նույնիսկ մանկապարտեզների միջանցքում, դրսում՝ բացօթյա, քանի որ մի քանի գյուղերի մշակույթի տներ անհնար էր անգամ մտնել»,-նշեց Արմեն Դալլաքյանը։ Վերջինիս խոսքով, երբ տեսնում ես հեռավոր գյուղերում ապրող երեխաների ոգեւորված դեմքերն ու հիացած հայացքները, ապա «քեզ լավ ես զգում, որ կարողացար նրանց առօրյան փոխել՝ թեկուզ մի ժամով նրանց մեջ ներարկելով արվեստի ոգին»։
Սա թատերախմբի առաջին բարեգործական ծրագիրը չէր։ Մտադիր են նաեւ լինել Հայաստանի բոլոր մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ «Արդեն արդարադատության նախարարությանն ենք ներկայացրել համապատասխան փաստաթղթերը՝ գրանցելու « ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մտադիր ենք այսպես շարունակել մեր կրթական, մշակութային բազմաթիվ նախագծերը»,-մինչեւ վերջ ապագայի ծրագրերը չբացահայտելով՝ նշեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Արմեն Դալլաքյանն առաջիկա նախագծերից միայն մեկը գաղտնազերծեց․ «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի հետ նախաձեռնել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ցուցադրելու «Արյան կանչը» ֆիլմը։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը հենց Արմեն Դալլաքյանն է, սցենարի հիմքում 44-օրյա պատերազմն է, երկու եղբայրների կյանքի հետաքրքիր պատմությունը։ Այն նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։
Լուսանկարները տրամադրել է Արմեն Դալլաքյանը
Արմեն ԴԱՎԹՅԱՆ