Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ախուրյանում առողջ մթնոլորտը խաթարվում է քաղաքական դրդապատճառներով»․ ՀՅԴ-ական փոխհամայնքապետը՝ ՔՊ-ականներին

Հունիս 25,2023 13:26

Ինչպես տեղեկացրել ենք, Ախուրյան խոշորացված համայնքում հնարավոր է՝ տեղի ունենա իշխանափոխություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը՝  ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, հրապարակել են Ախուրյանի համայնքապետի պաշտոնում իրենց թեկնածուի անունը։ Նա Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու անդամ  Զավեն Մանուկյանն է։

Բանն այն է, որ այստեղ իշխանությունը ձևավորվել է երկու քաղաքական ուժերի՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների միավորմամբ։ Այս երկու ուժերի գլուխ կանգնած են դաշնակցականները․ Արծրուն Իգիթյանը ընտրվել է համայնքապետ, Կարեն Արշակյանն էլ՝ փոխհամայնքապետ։

Այս երկու դաշինքների ավագանու թվով 9 անդամներ նախաձեռնել էին Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ այդ պաշտոնում առաջարկելով Կարեն Արշակյանին։ Այդ գործընթացն իրականում իշխանությունը պահելու միջոց է, քանի որ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել համայնքապետին։

Սակայն ՔՊ-ն, օգտագործելով առիթը, ըստ նույն օրենքի 68 հոդվածի 3-րդ կետի՝ սեփական թեկնածուին է առաջադրել՝ Զավեն Մանուկյանին։

Ավելին, ՔՊ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել, որտեղ գրված է․ «Մտահոգված լինելով Ախուրյան համայնքի կառավարման գործընթացներում առկա խնդիրներով, ստեղծված ոչ կառուցողական մթնոլորտով, ինչպես նաև այն հանգամանքով, որ օրեր առաջ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների կողմից նախաձեռնվել է գործող համայնքապետ Արծրունի Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ Ախուրյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնությունը նախաձեռնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Մանուկյանի շուրջ համախմբելու գործընթաց։

Վստահ ենք, որ Զավեն Մանուկյանին կհաջողվի վերացնել համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, բարձրացնել կառավարման որակը և հասնել Ախուրյան խոշորացված համայնքի համաչափ և դինամիկ զարգացմանը»։

ՔՊ-ի այս նախաձեռնությանը պատասխանել է «Հաղթանակ» դաշինքի ղեկավար, Ախուրյանի համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ գրելով․

«Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, համայնքով մտահոգ անձինք։

Այս թեմային չէի անդրադառնա, եթե արհեստականորեն համայնքին չվերագրվեին բազմաթիվ «սարքովի» խնդիրներ:

Որպես Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ համայնքում կառավարման որակի, համաչափ և դինամիկ զարգացման խնդիրներ չկան, առողջ մթնոլորտն էլ խաթարվում է միայն քաղաքական դրդապատճառներով:

Գալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնության նպատակներին, հարց եմ ուզում հղել. Հարգելի՛ նախաձեռնողներ, ինչո՞ւ խմբում ներգրավված չեն Ախուրյան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու բոլոր 13 անդամները»:

Քիչ անց, սակայն, Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանի գրառման տակ մեկնաբանություն է թողել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ գրելով․

«Պարոն Արշակյան,

Դուք ներկայացնում եք, որ Ախուրյան համայնքում կառավարման որակի, համաչափ և դինամիկ զարգացման խնդիրներ չկան, կառավարման կոլապս չկա, մինչդեռ դուք ինքներդ Ձեր իսկ կողմից ընտրած համայնքի ղեկավարին պաշտոնապես անվստահություն եք հայտնում` ցանկանալով ամեն կերպ երկարացնել նրա պաշտոնավարման ժամկետը գոնե 1 տարով։

Այդ կոմբինացիայով Դուք, Ձեր թիմն է փաստում, որ համայնքում կա կառավարման խնդիր և բնական է, որ կլինեն քաղաքացիական նախաձեռնություններ, ուժեր և թիմեր, որոնք բարձր պատասխանատվությամբ կմոտենան հարցին և իրենց պատրաստակամությունը կհայտնեն համայնքի բնականոն աշխատանքներին և զարգացմանը իրենց ողջ ներուժն ու կարողությունները ներդնելու համար։

Պատասխանեմ նաև Ձեր հարցին, որ Ախուրյան համայնքի Քաղաքացիական Պայմանագիր խմբակցությունը միասնական է, իրենց միասնականությունը արտահայտել են բոլոր 13 ավագանիները` խմբակցության կողմից ներկայացնելով Զավեն Մանուկյանի թեկնածությունը։

Կից ուղարկում եմ նաև այդ գրությունը, որի մասին Դուք լավատեղյակ եք։

Հարգանքով` ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930