Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը խաչմերուկում․ խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ»․ համաժողով՝ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում

Հունիս 25,2023 00:17

Հունիսի 23-ին «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po) տեղի ունեցավ համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։ Այս համաժողովը միավորեց քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցումը և կայուն զարգացումը։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացեց համաժողովը և ողջույնի խոսք հղեց բոլոր մասնակիցներին` մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ: Նա նաև ներկայացրեց համաժողովի հիմանական թեզերը, խաչմերուկները, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Համաժողովի առաջին հատվածում քննարկվեցին Հարավային Կովկասում խաղաղության, դրա հաստատման, դիվանագիտության, Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Առավոտյան քննարկումների բացումը տրվեց Նատալի Լուազոի (Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ) կողմից։ Հատկանշական է, որ համաժողովի նախօրեին Ն. Լաուզոն գտնվում էր Հայաստանում։ Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ նաև Հայաստան կատարած իր այցին` խոսելով Ղարաբաղյան հակամարտության և սահմանային իրավիճակի մասին:

Նշենք, որ համաժողովին որպես բանախոս ներկա էր նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, ով ավելի վաղ՝ սույն թվականի մայիսին, ժամանել էր Հայաստան և մի շարք բարձրաստիճան հանդիպումների ժամանակ քննարկել էր Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը և շեշտել էր ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։

Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես եկան նաև France24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբան Աղմել Շաղյեն, Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոռ Դելքուռը,  «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան (Sciences Po) Արանչա Գոնսալես Լայան, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ժակ Ֆորը և այլն։

Համաժողովի երկրորդ մասում շեշտը դրվեց Հայաստանում կայուն գյուղատնտեսության, տրանսֆորմացիոն տեխնոլոգիաների և էկոհամակարգի կողմից ընձեռնվող հնարավորությունների մեծացման կարևորության վրա։ Մի շարք հայ ձեռներեցներ («Նաիրիան» մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Անահիտ Մարկոսյան, Zulal ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյան, ԱրմԱս գինեգործարանի գործադիր տնօրեն և համահիմնադիր Վիկտորյա Ասլանյան և այլն) կիսվեցին իրենց փորձով և ներկայացրին հաջողության հասնելու իրենց բանաձևը։ Նրանք նաև խոսեցին այն մասին, թե ինչպես են իրենց գործունեությամբ ուժեղացնում Հայաստանի տնտեսական և բիզնես հնարավորություններն ու էկոհամակարգերը՝ ավելի դիմակայուն երկիր կառուցելու համար։

Ելույթով հանդես եկավ նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ով խոսեց ոլորտում առկա հնարավորությունների, Հայաստանի մրցունակությունն ապահովելու և ապագայի երկիր ստեղծելու իրենց ջանքերի մասին։

«ԱՊՐԻ Արմենիա»-ի  փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանն ամփոփեց համաժողովի պանելային քննարկումների արդյունքները և շնորհակալություն հայտնեց բոլորին ներգրավվածության և մասնակցության համար: Նա նաև կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի հայկական սփյուռքը ներգրավվի և կառուցի նորարար և լուծումների վրա հիմնված Հայաստան՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս պայմանները:

«ԱՊՐԻ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930