Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, որից հետո վերջինս հայտարարել է, որ հետ են շրջում իրենց շարասյուները, որովհետև կարող է արյուն թափվել:
Ըստ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության՝ բանակցությունները շարունակվել են ամբողջ օրը, ինչի արդյունքում համաձայնության են եկել՝ թույլ չտալ արյունալի պայքար Ռուսաստանի տարածքում:
Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել վագներականների ընթացքը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար:
«Այս պահին սեղանին իրավիճակի հանգուցալուծման բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ է՝ մարտիկների համար անվտանգության երաշխիքներով»,- ասվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Դրանից հետո Պրիգոժինը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ իրենք «հետ են շրջում իրենց շարասյուները» և «գնում են հակառակ ուղղությամբ դեպի դաշտային ճամբարներ»:
Նա նշել է, որ մեկ օրում իրենք մոտեցել են Մոսկվային, և այս ընթացքում ոչ մի կաթիլ արյուն չեն թափել: «Հիմա եկել է պահը, երբ կարող է արյուն թափվել: Ուստի հասկանալով ողջ պատասխանատվությունը, որ կարող է թափվել ռուսների արյունը կողմերից մեկում, մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և շարժվում հակառակ ուղղությամբ՝ դեպի մեր դաշտային ճամբարները՝ համաձայն ծրագրի»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ