Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ Հայտարարելուց հետո, թե մեր անվտանգության համակարգը ճգնաժամի մեջ է՝ որեւէ երկրի ղեկավար ինքնասպանություն կգործեր կամ հրաժարական կտար․ «Առերեսում»

Հունիս 24,2023 22:00

Արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը, որը 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր, իսկ 1994–95 թվականներին գլխավորում էր Ազգային անվտանգության պետական վարչությունը՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում կարծիք հայտնեց, որ ռուս խաղաղապահներն Արցախում առաջին իսկ օրից երկու գործառույթ են իրականացնում․ «Առաջինն՝ ամեն ինչ անել, որ Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես իրենք են ասում՝ Ղարաբաղի բնակչությունն ինտեգրվի Ադրբեջանի կազմում․ պաշտոնապես այդ մասին հայտարարել են, եւ որեւէ խոչընդոտ չառաջացնել Ադրբեջանի զորքերի համար, քանի որ այն ամենը, ինչ կատարվել է Արցախում՝ սկսած այս վերջին դեպքերից, դրանք համատեղ՝ ռուս–ադրբեջանական գործողություններ են»։

Մինչդեռ Արցախից (մասնավորապես «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ «168 ժամին» տված հարցազրույցում) նշում են, թե անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը բևեռել այս հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունը կատարում է միջազգային ընդունված օրենքներին հակառակ գործողություններ, «այլ ոչ թե թույլ տալ, որ Արևմուտքն ուղղակի այս խնդրի առնչությամբ ներկայացնի, թե ռուս խաղաղապահները ոչինչ չեն կարողանում անել: Այնպիսի տպավորություն է, որ նույն միջազգային բազմաթիվ կառույցներ ուղղակի զբաղված են ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու գործընթացներով, այլ ոչ թե իրական խնդիրները վերացնելու գործընթացներով»։ Դավիթ Շահնազարյանը չհամաձայնեց այդ գնահատականին․ «Առաջինը՝ պարտավորություն այնտեղ ունի Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որի ոչ մի կետ ՌԴ–ն չի կատարել։ Ռուսաստանն այնտեղ միջնորդ է, չէ՞, ինչպես իրենք են ասում։ Բայց տվյալ դեպքում՝ միջնորդը ոչ թե ստորագրություն հաստատող է, ոչ թե նոտար է, այլ որոշակի պարտավորություններ ունի։ Ռուսաստանը հրաժարվել է իր բոլոր պարտավորություններից։ Արցախի իշխանություններն առաջին հերթին պետք է պահանջ ներկայացնեն Ռուսաստանին»։

Հակափաստարկ է հնչում, որ եթե ՀՀ իշխանություններն արդեն իսկ ընդունել են, որ Արցախի տարածքն Ադրբեջանի տարածք է՝ ոչ մի այլ երկիր չի կարող հայերի շահն ավելի պաշտպանել: Եվ իրավիճակն ավելի վատթարացավ այդ պահից սկսած, երբ ՀՀ իշխանություններն համաձայնեցին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս է կազմում նաև Արցախը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պրն Շահնազարյանը հիշեցրեց․ «2018 թվականին եմ հայտարարել, որ այս իշխանությունը եկել է հանձնելու Արցախը․ իրենք այդ խնդիրն ունեն»։ Հավելեց․ «Բայց ոչ Ռուսաստանին, ոչ Հայաստանի իշխանությանը, ոչ Ադրբեջանին որեւէ կերպ չի հաջողվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը փակել։ Այն կա եւ գոյություն ունի։ Արցախի իշխանությունների պահվածքը շատ դժվար է անվանել ադեկվատ։ Նրանք պետք է շատ հստակ հասկանան, որ ռուս խաղաղապահներն իրենց համար անվտանգության երաշխիք չեն ու չեն կարող լինել»։

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որով խաղաղության համաձայնագրի համար պայմաններից մեկը հռչակեց «Զանգեզուրի միջանցքի բացումը»․ «Որ խաղաղությունն ուղղակի անհնար է՝ դա փաստ է։ Եվ այս իշխանության փիլիսոփայությունն ուղղակի անհեթեթություն է․ հայտարարեցին, թե Հայաստանի անվտանգության համակարգը ճգնաժամի մեջ է․ որեւէ երկրի ղեկավար այս բանն ասելուց հետո կամ պետք է ինքնասպանություն գործեր, կամ առնվազն հրաժարական տար։ Ես ավելին կասեմ՝ ճգնաժամի մեջ չէ, աղետի մեջ է։ Մեր անվտանգությունը խաղաղությունն է։ Առանց պատերազմի պատրաստ լինելու՝ խաղաղություն լինել չի կարող։ Այս թեմայով շատ հրապարակումներ եղան, որ կստորագրենք փաստաթղթերը եւ հանգիստ կապրենք․․․ Այս տարածաշրջանում մեր համար հանգիստ ապրել չկա։ Մենք պետք է միշտ լինենք պայքարի մեջ, չեմ ասում՝ պատերազմի մեջ։ Առանց պայքարի մենք չենք կարող այստեղ նույնիսկ գոյատեւել։ Պայքարն այստեղ շատ երկար է՝ եթե ոչ հավերժական»։

Դավիթ Շահնազարյանը վստահ է․ «Այն, որ Մոսկվան լրիվ սպառել է միջնորդ լինելու իր հնարավորությունները՝ արդեն ակնհայտ է։ Դա, հուսով եմ, արդեն հասկացել են նաեւ այս իշխանությունները եւ հասկացել է նաեւ Բաքուն, որովհետեւ որեւէ կետ չի կատարվում։ Մոսկվան շատ կողմնակալ դիրքորոշում է ընտրել ի սկզբանե։ Տարիներ առաջ ռուս շատ վերլուծաբաններ այսպիսի բանաձեւ էին առաջ քաշում (սա հատկապես սկսվեց, երբ Ռուսաստանը 5 միլիարդի զենք վաճառեց Ադրբեջանին) ասում էին, թե Մոսկվան չի կարող ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ եթե ընտրություն անի, ապա երկուսին էլ կկորցնի։ Մոսկվան արել է այդ ընտրությունը շատ վաղուց»։ Համաձայնեց ենթադրությանը, թե ընտրվել է Ադրբեջանը․ «Իհարկե, դա արդեն չեն թաքցնում»։

Ու անդրադառնալով այժմ ՌԴ–ում կատարվողին՝ պատմական զուգահեռ տարավ, թե միշտ, երբ Ռուսաստանում եղել են ցնցումներ՝ իրենք մեր տարածաշրջանից դուրս են եկել՝ 1918 թվականին, Խորհրդային միությունը քանդվելուց հետո․ «Ռուս պաշտոնատարներին 6-7 ամիս առաջ ասացի՝ եթե դուք 3-րդ անգամ դուրս եկաք, այստեղ չեք գալու․․․ Ռուս–թուրքական այս տանդեմը, որը գործում է մեր դեմ՝ շուտ թե ուշ քանդվելու է։ Մեր ողջ խնդիրը պետք է լինի ամեն կերպ քանդել այս տանդեմը, որովհետեւ այս դեպքում ակնհայտ է, թե մենք ինչ կորուստների ենք գնում։ Մանավանդ որ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախի հետ, դրա մասնակիցներն են Բաքուն, Մոսկվան եւ պաշտոնական Երեւանը»։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկման առնչությամբ էլ, թե «թեթեւամտորեն՝ Արեւմուտքից ոչինչ չստացած, հարձակվում ենք ռուսների վրա: Միեւնույն ժամանակ, ռուսներից դեռ ոչինչ չստացած՝ չենք կարող հարձակվել Արեւմուտքի վրա»՝ Դավիթ Շահնազարյանն ասաց․ «Արեւմուտքը մեզ ոչինչ պարտք չի։ Ռուսաստանը մեզ հետ ունի անվտանգության պայմանագրեր, ՀԱՊԿ–ի մասին էլ չեմ ասում, եւ այդ ամեն ինչից նա հրաժարվել է։ Եվ այն, ինչ անում է Արեւմուտքը՝ թեկուզ իր շահերից ելնելով, դա հիմնականում բխում է նաեւ մեր շահերից»։ Հարցին՝ իսկ ի՞նչ են անում՝ հայտարարություններից ու կոչերից բացի, սակայն գործնական քայլեր, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկան՝ մասնավորապես պատասխանեց․ «Եթե թե Հայաստանը, թե Արցախը ամբողջովին Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվում՝ իրենք պարտավոր չեն դա անել»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930