Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ախուրյանում իշխանափոխություն է սպասվում․ Կարեն Սարուխանյանը հրապարակել է ՔՊ-ի թեկնածուի անունը

Հունիս 24,2023 21:09

Ինչպես տեղեկացրել ենք, Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու 9 անդամներ նախաձեռնել են գործող համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Ավագանու այդ անդամները նրա թիմակիցներն են․ նրանք  ներկայացնում են «Ախուրյան» և «Հաղթանակ» միավորված դաշինքները։

Ավագանու անդամները որպես թեկնածու առաջադրում են համայնքապետի տեղակալ, «Հաղթանակ» դաշինքը գլխավորող դաշնակցական Կարեն Արշակյանի թեկնածությունը։

Սա շատերի կողմից որակվում է որպես  շոու, որը, հնարավոր է, կազմակերպել է հենց Արծրուն Իգիթյանը՝  իր իշխանությունը մեկ տարով անձեռնմխելի դարձնելու, ՔՊ-ի՝  Ախուրյանում  իշխանությանը տեր կանգնելու հավակնություններից ապահովագրելու համար։ Բանն այն է, որ  ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել համայնքապետին։

Aravot.am-ը  տեղեկացրել էր սակայն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, օգտվելով այս ամենից, մտադիր է  իր թեկնածուին առաջադրելու․ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետը նրանց այդ հնարավորությունը տալիս է։

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանն է, որը ավագանու ՔՊ անդամ է։

Aravot.am-ի այս տեղեկությունը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ գրելով․ «Համագործակցության հուշագիր. Մտահոգված լինելով Ախուրյան համայնքի կառավարման գործընթացներում առկա խնդիրներով, ստեղծված ոչ կառուցողական մթնոլորտով, ինչպես նաև այն հանգամանքով, որ օրեր առաջ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների կողմից նախաձեռնվել է գործող համայնքապետ Արծրունի Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ Ախուրյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնությունը նախաձեռնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Մանուկյանի շուրջ համախմբելու գործընթաց։

Զավեն Մանուկյան

Վստահ ենք, որ Զավեն Մանուկյանին կհաջողվի վերացնել համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, բարձրացնել կառավարման որակը և հասնել Ախուրյան խոշորացված համայնքի համաչափ և դինամիկ զարգացմանը»։

Պատգամավորը նաև իր էջում ավագանու ՔՊ-ական անդամների ստորագրություններն է  հրապարակել։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որը Արծրուն Իգիթյանը մեկ ձայնի տարբերությամբ է ընտրվել համայնքապետ․ նա 14 ձայն է ստացել, իսկ ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը, որն այժմ Շիրակի փոխմարզպետն է՝ 13 ձայն, լարված ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, ամենևին չի բացառվում, որ դաշնակցականները Ախուրյանում կորցնեն իրենց իշխանությունը։

Այսինքն չի բացառվում, որ  Արծրուն Իգիթյանը դառնա իր իսկ կողմից կազմակերպված շոուի «զոհը»՝ հրաժեշտ տալով իշխանությանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930