Լրահոս
Օրվա լրահոսը

«Փամբակ ռեսուրս ֆեստ». ​Կանզասի Ազգային Գվարդիայի նվագախմբի անդամները նվագել են Հայաստանի հիմնն ու քոչարի պարել (ֆոտոշարք)

Հունիս 24,2023 18:21

Լոռու մարզի Բազում համայնքում այսօր մեկ հարկի տակ էին հավաքվել Փամբակ խոշորացված համայնքի վարչական բոլոր բնակավայրերը: «Փամբակ ռեսուրս ֆեստ»​ անունը կրող միջոցառումը համախմբել էր խոշորացված համայնքի 15 գյուղերին՝ ներկայացնելով բնակավայրերի ողջ ռեսուրսը՝ գյուղատնտեսությունից մինչեւ տնտեսություն, տուրիզմից մինչեւ մշակույթ: Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ:

Կազմակերպիչներից Լիլյա Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջոցառման ստեղծման նախապատմությանը, ասաց. «Միտքը ծնվեց այն պահից, երբ Կանզաս համայնքի նվագախումբը առաջարկեց համերգ տալ այստեղ, ու ի պատիվ Փամբակի համայնքապետ Ս. Կոստանդյանի և Բազում վարչական բնակավայրի ղեկավար Ա. Ծատուրյանի՝ ծնվեց նաեւ այս համախմբված միջոցառումը»: Ուրախ երգ ու պար, հայկական ավանդական քոչարի, որին մասնակից դարձան նաեւ Կանզասի Ազգային Գվարդիայի նվագախմբի անդամները, ովքեր հնչեցրեցին նաեւ ՀՀ պետական օրհներգը: Գյուղական համայնքների բերք ու բարիքը, համեմված մշակութային ու ավանդական կոլորիտով, ներկայացված էին առանձին տաղավարներով: Հրավիրված հյուրերը, ովքեր եկել էին միջոցառմանը Հայաստանի տարբեր անկյուններից, անտարբեր չէին անցնում եւ ոչ մի տաղավարի կողքով: Համտեսից բացի կազմակերպված էր նաեւ ցուցահանդես-վաճառք:

Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը կարեւորելով մարզում նմանատիպ միջոցառումների անցկացումը, շեշտեց, որ սա եւս մեկ առիթ է ոչ միայն ներկայացնելու գյուղական մշակույթն ​ ու արտադրանքը, այլ նաեւ նոր համագործակցությունների սկիզբ կարող է դառնալ՝ զբոսաշրջության ու առեւտրի ոլորտում. «Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում հավաքագրում ենք ողջ տեղեկատվությունն ու տարբեր օղակներով փոխանցում շահագրգիռ կառույցներին, միջնորդ հանդիսանալով համայնքի ու մյուս օղակների միջեւ համագործակցության»:

Կանզասի Ազգային Գվարդիայի նվագախմբի ղեկավար, ​ավագ ենթասպա Ջեյմս Ուոքերի խոսքով՝ արդեն 20 տարի է, ինչ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ եղած փոխգործակցությունն ընթանում, է բարձր մակարդակով, ու այդ 20 տարիների ընթացքում միասին տարածել եւ կիսել են հայկական եւ ամերիկյան մշակույթների ընդհանուր գծերը, ինչպես նաեւ քայլեր իրականացրել առողջապահական ոլորտներում. «Ու մենք մեր խմբով որոշեցինք գալ եւ մշակութային համատեղ միջոցառում իրականացնել Լոռու մարզում»:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930