Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարբերությունը սպանում է մեր երկիրը»․ Արման Աղաջանյան

Հունիս 24,2023 14:55

Երբ երգիչ, դերասան Արման Աղաջանյանը Երևանում է, ես առիթը բաց չեմ թողնում նրա հետ զրուցելու, բայց այս անգամ խախտել եմ ավանդույթն ու զրուցել եմ օվկիանոսից այն կողմ։

Տարիներ առաջ  Cascade Folk Trio-ն հասարակությանը ներկայացրեց «Բաղչից ծաղիկ» երգը, այն միանգամից սիրվեց ու մինչ այսօր լսվում է այն՝ չնայած  նրան, որ Cascade Folk Trio-ն  արդեն երգի լույս ընծայման ժամանակ փլուզվել էր։ Արմանի հետ զրույցը ցանկանում եմ սկսել հենց այդ նոտայից՝ խումբը երկար կյանք չունեցավ, բայց երգի ճանաչմանը ամենևին էլ դա չխանգարեց։ Սակայն Արմանը կանխում է հարցս ու համաձայնվում խոսել միայն մի պայմանով, ոչ ստեղծագործական պրոցեսի ու առաջիկա պլանների  մասին։

«Այս պահին  խոսելը ճիշտ չէ, դա մեր գործն է, մենք անում ենք»,- հարցս կանխում է զրուցակիս ու հավելում․ «Հիմա ավելի լուրջ թեմաներ կան, որի մասին պետք է խոսել ու բարձրաձայնել»։

Ընդունում եմ խաղի կանոններն ու սկսում ենք խոսել երկրում ստեղծված իրավիճակից։

-Ընդհանրապես քաղաքական հարցեր ես քննարկում եմ իմ նեղ ընկերական շրջապատում։ Միշտ կարծել եմ, որ արվեստի որևէ ներկայացուցիչ, որ դուրս է գալիս մեդիա դաշտ ու սկսում է մեկնաբանել քաղաքական այս կամ այն իրավիճակները, դա լավ չի ընկալվում հասարակության կողմից: Դու որպես «քաղաքական գործիչ» այդքան համոզիչ չես կարող հնչել։ Բայց այսօր բոլորովին այլ իրավիճակ է, այս ամենը, ինչ կատարվում է մեր հայրենիքում, այլևս քաղաքականություն չէ։ Իսկ երբ քեզ հայրենիքից բաժանում է մի ամբողջ մեծ օվկիանոս, ցավի զգացողությունը ավելի մեծ է լինում։ Այսպես ասած հիվանդացած ես  հայկական հիվանդությամբ։ Չես կարող քեզ լիակատար երջանիկ զգալ,այս պահին կարող եմ ասել,իմ հայ լինելու ինքնասիրությունն է վիրավորված։

-Ամեն ինչում անտարբեր ենք դարձել, երկիր ու հող ենք կորցնում, բոլորը մեղավոր են, բացի մեզանից։ Ո՞ւմ ենք սպասում և ինչի՞ն։

-Անտարբերությունը ծնում է միայն չարիք։ Անտարբերությունը գալիս է սիրո բացակայությունից։ Սկսել ենք իրար չսիրել։ Մի ամիս առաջ Երևանի սրճարաններից մեկում նստած եմ, տեսում եմ, որ կողքովս անցնում են զոհված զինվորների ծնողները։ Նայում եմ շրջապատիս։ Ոչ մեկ չի  կարեկցում անգամ ու էն մարդկանց, ովքեր զավակ են տվել, որ դու այսօր նստես սրճարանում վայելես կյանքդ։ Լավ, ենթադրենք մենք հեռու ենք, ինչ-որ տեղ բթացել են զգայարաններդ՝ չնայած դա այդպես չէ, բայց էն մարդիկ, ովքեր հենց այստեղ են՝ ինչո՞ւ են զգայարանները բթացել։ Անտարբերությունը սպանում  է մեր երկրին։ Ա՜խր ամեն մեկս մեր գործն ունենք մեր երկրում։

-Նման խոսակցություն հաստատ լսել ես՝ մեզ դրսից մի սովորեցրեք ապրել և հակառակը՝ սփյուռքին հիշում եք միայն այն ժամանակ, երբ գումար է  հարկավոր։

-Մենք հայերով ունենք տարանջատելու բնավորություն։ Գյումրեցուն, լոռեցուն, ապարանցուն անուն ենք կպցում։ Հետո շրջանակը ավելի ենք փոքրացնում ենք, գալիս ենք Երևանի թաղերին։ Իմ երկիրը, հողը դո՛ւ ինձ չես տվել, որ ասես ես որտեղից կարծիքս արտահայտեմ։ Յուրաքանչյուրն ունի իր պատճառները, թե ինչո՞ւ է գնացել։ Ասում են՝ դու սփյուռքահայ ես, իրավունք չունես մեր ճակատագիրը լուծես, դա այդպես չի։ Այսօր սփյուռքում ապրող իսրայելցին է որոշում իսրայելցու ճակատագիրը։ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ մի քանի անգամ ավելի ցավ ունի իր հայրենիքի նկատմամբ, քան հայրենիքում ապրող շատ հայեր։ Այսօր հասել ենք նրան, որ սփյուռքահային արհամարհում ու  անարգում են հենց հայրենիքում ու քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով, դա, մեղմ ասած, անթույլատրելի է։ Մեր հանրապետությունը ներկայացնող երկրի երկրորդ պաշտոնյան, իհարկե, վստահ չեմ, բայց ուղտերի գենետիկա ունի։ Չնայած չեմ կարծում, բայց փաստերը դա են ցույց տալիս։ Դու ո՞նց կարող ես  սփյուռքահայի հետ վարվես այդպես, ո՞վ է քեզ տվել այդ իրավունքը։ Ու իր ետ վարվում ես այդպես զուտ նրա համար, որ ասում է այն ամենը, ինչ մտածում է։ Փոխարենը հայրենիքում ապրողը համաձայն է այդ կարծիքի հետ, բայց լռում է։

-Արման, 44 -օրյա պատերազմի ժամանակ շատ հայտնիներ, մտավորականներ, արվեստագետներ կոչ էին անում մեր զենքը վերցնել ու գնալ հայրենի սահմանները պահել, բայց այսօր այդ նույն մարդիկ լուռ են։ Շատերն ասում են՝ ինչ խոսեն, լռելուց լավը չկա։

– Ինձ համար կարևոր չի, թե ինքը որ թևին է իրեն  դասում։ Սարսափելին էն անկյունում նստած լուռն է, որ  մտածում է էսպես․ «Անկախ նրանից, թե էս երկու կողմերը ինչ են խոսում, մեկ է ոչինչ չի փոխվի, ես ինչու ընգնեմ մեջտեղ»։ Բայց դա  այդպես չպետք է լինի։ Ես ինձ արվեստագետ ու մտավորական չեմ համարում, բայց հանրային մարդ եմ ու երբեք չեմ մտածել լռելու մասին։ Իսկ կան մարդիկ, որ լռում են, որպեսզի չընկնեն մեդիայի ալիքի տակ։ Մարդ կա՝ ունի  կոմպլեքսներ, խնդիրներ, որ կարող է ինչ-որ մեկի անեծքը, կամ ինչ-որ մեկի վատ խոսքը անդրադարձ ունենա իր վրա, փորձում է  դրանից զերծ մնալ ու լռում է։ Բայց պետք չի վախենալ դրանցից։ Երբեմն մտնում ես էդ գրողների էջերը տեսնում ես, ծաղիկ է, կամ կուժ է։

Արման, արդեն կես տարի է փակ է Հայաստան -Արցախ կյանքի ճանապարհը, գիտեմ, որ դեռ չհասած Երևան, մեկնում էիր Արցախ։ Իսկ այսօր, մեղմ ասած, զրկված ենք Արցախը վայելելուց ու շատ հարցեր կախված են օդում։ Բայց էլի լուռ ենք ու անտարբեր։ Ինչո՞ւ։

-Ես երբեք չեմ տարանջատել Արցախը Հայաստանից։ Ստեփանակերտը նույն իմ Երևան է, ես ունեմ իմ սիրած անկյունները այնտեղ։ Իմ Երևանը իմ քարտեզն է։ Ես չեմ կարող ու չեմ էլ ուզում պատկերացնեմ, ո՞նց ենք կարողանում այս ամենը հանդուրժել։ Իմ եղբայրների արյունն է թափել այդ հողում, այդ հողը մեզ համար շատ ավելի թանկ է։ Իսկ ինչպես ենք վարվում այդ թանկ հողի հետ․․․ Էլի գալիս ենք կանգնում կրթության խնդրի առաջ։ Գիտես սա ինչի արդյունքն է։

90- ական սկզբին  ուսումնական հաստատություններն ուղղակի փլուզվեցին, այն մի պահ դարձավ ուղղակի ներկա ստանալու տեղ։ Այսօր այդ  բոլոր ավարտածները գտնվում են 45-50 տարեկան հատվածում։ Ու իրենք կառավարող օղակներում։ Իրենք թերի են ու կիսագրագետ։ Իսկ կիսագրագետ մարդը ամենասարսափելին է։ Անգրագետը գիտի, որ անգրագետ է, գրագետը գիտի, որ գրագետ է։ Իսկ կիսագրագետը վստահ է, որ ինքը գրագետ է։ Հենց այստեղից էլ սկսվում է ամեն ինչ։ Մեր այսօրվա կառավարիչների մեծամասնությունը կիսագրագետ մարդիկ են։

Այսօր հասել ենք նրան, որ Ադրբեջանը ներկայացնում է, որ ունի 500 հազար տարվա պատմություն, չգիտեմ ինչ լեգենդեր է հորինում։ Հիմք է դրվում կեղծ պատմության ու ներկայացնում աշխարհին։ Ու չկա մեկը, որ դրան համարժեք պատասխան տան։ Փոխարենը սերմանում են այնպիսի թեզեր, որ սա հայկական չէ, նա հայկական չէ։ Ասենք՝ դրանից վատ չենք զգում, բայց երբ Ադրբեջանի դրոշը այրում են, մենք սկսում ենք՝ թե միջազգային հանրությունը մեր մասին ի՞նչ կմտածի։

Իհարկե, այդ մասին շատ է խոսվել ու հիմա չեմ ուզում գնահատական տալ՝ դրոշը վառելը ճիշտ էր, թե՞ սխալ, այլ սարսափելին դրանից հետո տեղի ունեցող խոսակցություններն էին ու քննարկումները համացանցում՝ ի՞նչ կասի միջազգային հանրությունը համատեքստում։ Այդ նույն միջազգային հանրությունը լսեցիք, որ մի օր մեղադրեր Ադրբեջանին քնած սպային սպանելու դեպքով,Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, կյանքի ճանապարհը փակելու դեպքով։ Դեպքերը շատ են ու անվերջ կարող եմ թվարկել։ Երբ ես  նկարահանեցի ԱՂԲ-ի տղա երգը՝  բացարձակ իմ լսարանի համար չէի անում։ Այդ երգը անգամ իմ էջում չեմ տեղադրել, այլ youtube –ում այն լսարանի համար, որպեսզի տեսնեն, թե ինչ տեսակի մարդիկ հերոսանում Ադրբեջանում։ Յուրաքանչյուր  արտիստ երկրի քաղաքացի է։ Իսկ յուրաքանչյուր երկրի քաղաքացի ունի իր երկրի նկատմամբ պարտականություն։Ու դու ամեն օր պիտի քեզ հարց տաս․ ի՞նչ ես անում դու։  Իսկ ընդհանրապես միջազգային հարթակում մենք շատ ավելի լուրջ հարցեր ունենք  քննարկելու  ու դրա մասին  պետք է  մտածել։

Արմինե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930