Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են համայնքներին ՀՀ կառավարության աջակցությանը, համայնքային էներգետիկ պլանավորմանն ու կառավարմանը առնչվող հարցեր

Հունիս 24,2023 12:48

Հունիսի 23-ին Երևանում տեղի է ունեցել Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողովը։ Այն անցկացվել է «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2023»-ի շրջանակում՝ ԵՀ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո։

Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողովի նպատակն է Դաշնագրին անդամակցող և միանալու մտադրություն ունեցող համայնքներին ծանոթացնել տարբեր կազմակերպությունների կողմից Հայաստանում  իրականացվող և իրականացվելիք այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնածավալ օգտագործման, համայնքային ռազմավարությունների մշակման և իրականացման, ինչպես նաև այլ գործողությունների միջոցով համայնքների էներգետիկ անկախության ու անվտանգության բարձրացմանը:

Համաժողովը մեկ հարկի ներքո էր հավաքել ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, ինչպես նաև Հայաստանի տասնյակ համայնքների ներկայացուցիչների՝ համայնքների, էներգետիկ կառավարիչներին, համայնքապետարանների աշխատակազմերի մասնագետների։

Համաժողովն անցկացվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության (Դաշնագրի աջակից և գործընկեր Հայաստանում) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի» հետ համագործակցությամբ։

«Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում Հայաստանում շատ աշխատանք է արվել: Մասնավորապես, Դաշնագիրն արդեն միացել է 30 համայնք, որոնց տրամադրվում է համապատասխան տեխնիկական և փորձագիտական աջակցություն՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում, իսկ 5 համայնքներում՝ Սպիտակում, Վայքում, Ապարանում, Արթիկում և Երևանում, ԵՀ ֆինանսական աջակցության ներքո, իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանը և ֆոտովոլտային համակարգերի տեղադրմանն ուղղված երեք մեծ ցուցադրական ծրագրեր։ Միևնույն ժամանակ, ավելի հավակնոտ թիրախ է սահմանվել մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար՝ 30%-ից դարձնելով 35% նվազեցում։ Այս գործընթացներին զուգահեռ, ԵՄ-ն ավելացրել է նաև իր կողմից տրամադրվող ֆինանսավորումը, մի շարք գործիքներ են ներդրել տեղական բնակչության համար, ինչպես նաև վեր են հանվել ՏԻՄ-երի և բնակչության կարիքները»,-ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին։ Նա կարևորել է նմանօրինակ համաժողովների կազմակերպումը, ինչը հնարավորություն կընձեռի բարելավելու համայնքների փորձագիտական կարողությունները և կնպաստի տեղեկատվության ու փորձի փոխանակմանը։

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Դաշնագրի անդամ դառնալը համայնքներին հնարավորություն է ընձեռում, համապատասխան ընթացակարգեր անցնելու պարագայում, ստանալ տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների կողմից տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Հետևաբար համայնքներին կոչ ենք անում ակտիվ լինել և միանալ նախաձեռնությանը։ Էներգետիկ ռազմավարություն մշակելով՝ ըստ էության համայնքները մշակում են համայնքի զարգացման ընդհանուր տեսլականը»,-իր խոսքում նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ՝ Աշոտ Գիլոյանը։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աջակիցն ու գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը։ «Շատ համայնքների համար այս ոլորտը դառնում է դրոշակակիր, և սա հնարավորություն է տալիս, որ համայնքներն իսկապես մտածեն կյանքի որակի փոփոխության մասին իրենց բնակիչների համար։ Այս ոլորտում գործունեությունը նշանակում է ընտրություն կատարել, թե ինչպիսի ներկա ու ինչպիսի ապագա է տեսնում համայնքն իր բնակչության համար։ Մեր համայնքները նման ծրագրերի իրականացմամբ ձեռք են բերում կարողություններ։ Իրականում կարելի է ընդհանուր վարչարարական մեթոդներով համայնքի ռազմավարական ծրագրեր մշակել, բայց նպատակն է կոնկրետ այս ոլորտում նպատակներ, խնդիրներ սահմանելով, կարողություններ, հմտություններ զարգացնելով, առանձին դեպքերում դոնորական կամ կառավարության տված միջոցներով ծրագրեր իրականացնել, ինչը ուժեղացնում է համայնքի կարողությունները։ Համայնքներն ընդունակ են դառնում իրացնել ֆինանսական ավելի շատ կարողություններ, ինչն այսօր պակասում է մեր համայնքներին», նշել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանի համայնքները տեղական մակարդակում փոփոխությունների համար կարևոր շարժիչ ուժ ունեն՝ հատկապես, երբ խոսում ենք կայուն և կանաչ ապագայի հասնելու մասին։ Համայնքն այն վայրն է, որտեղ կարող են տեղի ունենալ գործնական և բովանդակային բարեփոխումներ համայնքի բնակիչների համար՝ ներառյալ էներգետիկայի ոլորտը», վստահեցրել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Միքայել Մաթոսեանը։ Նա հավելել է, որ  ծրագիրն աշխատում է ՀՀ կառավարության և էներգետիկ բնագավառի այլ շահառուների հետ՝ ՀՀ էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Արտեմ Խարազյանը, «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետը Հայաստանում, համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները, 2021թ.-ից ի վեր իրականացված աշխատանքները և ծրագրի շրջանակներում առաջիկայում սպասվող միջոցառումներն ու գործողությունները։

Կայուն համայնքային էներգետիկ համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ ՀՀ կառավարության աջակցությունը համայնքներին, համայնքային էներգետիկ պլանավորմանն ու կառավարմանը, համայնքի կարողությունների զարգացման կարիքների գնահատմանը,  քաղաքային զարգացման մարտահրավերներին առնչվող հարցեր։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930