Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը սպառնում է՝ զինված ապստամբության մասնակիցները պատասխան են տալու

Հունիս 24,2023 12:04

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով համախմբվել և սպառնալով պատժել խռովարարներին

«Այս ճակատամարտը, երբ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի համախմբում, միասնություն, կոնսոլիդացիա և պատասխանատվություն, երբ մեզ թուլացնող ամեն ինչ պետք է մի կողմ շպրտվի, ցանկացած կռիվ, որը կարող են օգտագործել և օգտագործում են մեր արտաքին թշնամիները մեզ ներսից խարխլելու համար։ Եվ հետևաբար, մեր միասնությունը պառակտող գործողությունները, ըստ էության, հավատուրացություն է մեր ժողովրդից, մեր զինակիցներից, ովքեր այժմ կռվում են  ճակատում։ Սա դանակով հարված է թիկունքից՝ ուղղված մեր երկրի ու մեր ժողովրդի դեմ»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ հենց այդպիսի հարված է հասցվել Ռուսաստանին 1917թ., երբ երկիրն Առաջին համաշխարհային պատերազմի մեջ էր: «Բայց հաղթանակը մեզնից խլեցին,- ասել է Պուտինը: – Բանակի ու ժողովրդի թիկունքում խարդավանքները, խառնակչությունները, քաղաքականություն խաղալը հանգեցրին հսկայական ցնցման՝ բանակի կործանմանն ու պետության փլուզմանը, հսկայական տարածքների կորստի, արդյունքում՝ քաղաքացիական պատերազմի ողբերգության։ Ռուսները սպանում էին ռուսներին, եղբայրները՝ եղբայրներին, իսկ շահում էին բոլոր տեսակի քաղաքական արկածախնդիրները և օտար ուժերը, որոնք մասնատում էին երկիրը»: 

«Նրանք, ովքեր կփորձեն ներքաշվել այս հանցագործության մեջ, կոչ եմ անում չանել այդ ճակատագրական և ողբերգական, անկրկնելի սխալը, կատարեն միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին»,- ասել է նա: 

Պուտինը հայտարարել է, որ իրենց պատասխանը կոշտ է լինելու: 

«Ցանկացած ներքին խռովություն մահացու վտանգ է մեր պետականությանը, մեզ համար՝ որպես ազգի, հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին: Եվ մեր գործողությունները՝ պաշտպանելու Հայրենիքը նման սպառնալիքից, կոշտ են լինելու: Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար ընտրել է դավաճանության ուղին, ով պատրաստել է զինված ապստամբություն, ով ընտրել է շանտաժի,ահաբեկչության մեթոդներ, անխուսափելի պատիժ են կրելու, պատասխան են տալու թե՛ օրենքի, թե՛ մեր ժողովրդի առաջ»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ այսօր Ռուսաստանը «ծանրագույն պատերազմ է մղում իր ապագայի համար, հետ է մղում նեոնացիստների և նրանց տերերի ագրեսիան»: «Մեր դեմ է ուղղված Արևմուտքի փաստացի ողջ ռազմական, տնտեսական և տեղեկատվական մեքենան: Մենք պայքարում ենք մեր մարդկանց կյանքի և անվտանգության համար, մեր ինքնիշխանության և անկախության համար, հազարամյա պատմություն ունեցող Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար»,- ասել է Պուտինը: 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930