ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:
Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. նա եղել է թե՛ Գերագույն խորհրդի եւ թե՛ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Զբաղեցրել է նաեւ Լոռու մարզպետի, Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները՝ գործադիր կարգավիճակում դրսեւորվելով որպես արդյունավետ վարչարար:
Բայց իհարկե, նրան ամենաշատ հետաքրքրող ոլորտը հենց քաղաքականն էր ու քաղաքականությունը, առաջին հերթին քաղաքականության բովանդակության ձեւավորման եւ դրա իրագործման մեխանիզմները, որովհետեւ Վիգեն Խաչատրյանը լավ էր հասկանում, որ առանց տեսության ցանկացած պրակտիկա տձեւ է ստացվում ու դեֆորմացված:
Վիգեն Խաչատրյանի հետ առնչվել եմ որպես լրագրող, ապա որպես քաղաքական գործընկեր՝ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, ապա նաեւ որպես թիմակից, երբ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համաձայնություն տվեց՝ չլինելով կուսակցության անդամ:
Կարդացեք նաև
Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին եւ նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարեւոր: Եվ խորհրդարանական գործունեության մեջ նա այնպիսին էր, ինչպես սովորաբար: Չվախենալ ձեւակերպել եւ բարձրաձայնել ամենաբարդ հարցերը, եւ աջակցել այդ բարդ հարցերի նույնքան բարդ պատասխանները գտնելիս՝ միեւնույն ժամանակ մնալով կոռեկտ ու քաղաքավարի. դա էր նրա գործելակերպը:
Լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը՝ նա ժամանակակից էր ու առաջադեմ, որովհետեւ քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարեւորը՝ իրավացիորեն փորձելով հասնել այն գիտակցության ինստիտուցիոնալ արմատավորմանը, որ տեսությունները պիտի դառնան պրակտիկայի ձեւավորման կառուցակարգ ու բանաձեւ:
Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր՝ դրական ապրելակերպով ու էներգետիկայով: Սիրում էր ձկնորսություն, իր աշխատանքը, իր ընկերներին, իր ընտանիքը, իր ժողովրդին, իր պետությունը: