Հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինի «Վագներ» ռազմական խմբավորման և Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիմակայությունը հասել է գագաթնակետին: Գործարարը հայտարարել է, որ «վագներցիների» ճամբարների վրա հրթիռային հարվածներ են հասցվել՝ ըստ նրա անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրահանգով: Դրանից հետո Պրիգոժինը խոստացավ սկսել «արդարության երթ». շատերը դա ընկալեցին որպես ռազմական հեղաշրջման փորձ: Հայտարարությունն այդպես ընկալեց նաև Ռուսաստան Դաշնային անվտանգության ծառայությունը՝ հայտարարելով, որ գործ է հարուցել ռազմական զինված հեղաշրջման մասին:
Մինչ ռուս գեներալները տեսանյութեր են ձայնագրում՝ «Վագներին» կոչ անելով «նախագահին թիկունքից չհարվածել», Մոսկվայի ռազմական կայազորը տագնապային ազդանշանով ոտքի է կանգնել, քաղաքում տեղադրվել են անցակետեր:
«Առավոտը» հավաքել է մինչ այժմ սոցցանցերից և պաշտոնական աղբյուրներից հնչող տեղեկությունները:
Ի՞նչ է կատարվում ռուսական քաղաքներում
Հունիսի 24-ի առավոտյան Twitter-ում տեսանյութեր տարածվեցին, ինչպես են վագներական շարասյուները տեղափոխվում Վորոնեժ. տեսանյութերից մեկում երևում է վառվող ուղղաթիռ: Սոցցանցերում տարածվող այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես են վագներականները վերահսկում Դոնի Ռոստովի փողոցները:
Կարդացեք նաև
Քիչ առաջ Պրիգոժինը հայտարարեց, որ իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։ Ըստ Պրիգոժինի՝ ինքն այժմ Հարավային ռազմական օկրուգի շտաբում է, որտեղ բանակցում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ վագներականների վերահսկողության տակ է անցել նաև Վորոնեժը: Տեղեկությունն այլ աղբյուրներից ստուգել առայժմ հնարավոր չէ:
Պաշտոնական Մոսկվայի արձագանքը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել վագներականներին ուղղված կոչով, թե Պրիգոժինն իրենց խաբելով ներգրավել է «հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության» մեջ:
Իրավիճակը մեկնաբանել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հայտարարելով, որ հատուկ ծառայությունները, ուժային կառույցները շուրջօրյա ռեժիմով տեղեկացնում են նախագահ Պուտինին ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման մասին: Ըստ Պեսկովի՝ շուտով Պուտինը հանդես կգա հայտարարությամբ:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում: «Ճանապարհներին հսկողությունն ուժեղացվել է, հնարավոր է զանգվածային միջոցառումների սահմանափակում: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ», – գրել է նա:
Ինչո՞ւ Պրիգոժինը սկսեց սպառնալ «արդարության երթով»
Դեռ ուրբաթ երեկոյան Եվգենի Պրիգոժինը մի քանի բարձրագոչ հայտարարություններ արեց: Իր մամուլի ծառայության տարածած տեսանյութում Պրիգոժինն ասում էր, որ ռուսական զորքերը Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններով նահանջում են, ինչպես նաև պաշտպանության նախարարությանը մեղադրեց այն բանում, որ զինվորականները խաբում են նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ Ուկրաինա ներխուժումը որակեց որպես «անտաղանդ ծրագրված գործողություն», որը սկսելու կարիք չկար:
Ելույթում Պրիգոժինը զերծ չմնաց պաշտպանության նախարար Սերգգեյ Շոյգուի հասցեին մեղադրանքներից՝ նրան մեղադրելով «բանակի ամենաանվտանգ հատվածի հազարավոր մարդկանց կործանելու մեջ»: Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարեց, որ Քննչական կոմիտե բողոք է ներկայացրել Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ, քանի որ նրանք պատասխանատվություն պետք է կրեն «ռուս ժողովրդի ցեղասպանության համար»:
Նույն օրը երեկոյան Պրիգոժինի հետ փոխկապակցված Разгрузка Вагнера տելեգրամյան ալիքը տարածեց տեսանյութ, ըստ որի վագներականների բազան հարձակման է ենթարկվել: Իսկ արդեն տեղի ժամանակով 21:00-ից հետո Պրիգոժինն անձամբ հայտարարեց, որ իրենց ճանբարին հրթիռային հարված է հասցվել:
Ըստ Պրիգոժինի՝ իրենք պատրաստ էին «զիջումների գնալ, հանձնել զենքը և լուծում գտնել՝ ինչպես շարունակել պաշտանել հայրենքը»: «Բայց այս գարշելիները չհանգստացան»,- ասել է նա՝ խոստանալով, որ «Վագները» կորոշի՝ ինչպես պատասխան տալ:
Անկախ աղբյուրներ, որոնք կհաստատեն, որ ռուս զինվորականները հարված են հասցրել «Վագների» ճանբարին, չկան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի հայտարարությունն անվանել է «տեղեկատվական սադրանք, որն իրականությանը չի համապատասխանում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Աղբյուրներ՝ Meduza, Reuters, BBC, TASS, RIA, Twitter