Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի գույքն ու ունեցվածքը 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին աճ են գրանցել։ 2021 թվականին Բադալյանը հայտարարագրել էր 2 հողամաս՝ Գառնիում եւ Ծաղկաձորում, բնակարան՝ Երեւանի կենտրոնում, ինչպես նաեւ առանձնատուն՝ Սեւանում։ 2022-ին այս գույքին ավելացել է նաեւ հողամաս Երեւանում եւ առանձնատուն ԱՄՆ-ում։ Սա այն առանձնատունն է, որի մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց, եւ սեփականատերը հայտարարեց, որ հայրն է օգնել այն գնելուն։
Բացի այս, Բադալյանը 2022 թվականի ընթացքում 2 բնակարան է ստացել Երեւանում՝ որպես ժառանգություն, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ, տարվա վերջում նա իրեն պատկանող 2 բնակարանները վաճառել է։ 2021 թվականի ընթացքում Բադալյանը 131 մլն 579 հազար դրամ է փոխառությամբ վերցրել «Դոռզնակ» ՍՊԸ-ից, որը պատկանում է հայր եւ որդի Սամվել եւ Բագրատ Բադալյաններին, այսինքն՝ ստացվում է, որ Բադալյանն իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունից պարտք է վերցրել եւ ողջ 2022 թվականի ընթացքում վերադարձրել է այս գումարից 16 մլն դրամը։ 2022 թվականի ավարտին Բագրատ Բադալյանի դրամական միջոցները կազմել են 620 հազար դոլար, 2 մլն 129 հազար դրամ, 15 հազար եվրո։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում