Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ապաշրջափակումը Նիկոլ Փաշինյանը համարում է բացառապես օտարների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդիրը. «Փաստ»

Հունիս 24,2023 10:15

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ Արցախի շրջափակման թեմայով: Առանձնապես նոր բան չասաց: Միապաղաղ ընթերցեց ելույթի տեքստը, որը ստեղծված խայտառակ իրավիճակի նկարագրությունն էր ընդամենը: Փաշինյանի շուրթերից չհնչեց Ալիևին ու Ադրբեջանին ուղղված որևէ մեղադրական կամ կոշտ գնահատական, ի դեպ: Ելույթի մեծ մասը հղում էր Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը դադարեցնելու մասին, որն ուղղված է Ադրբեջանի իշխանություններին: Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ելույթի՝ 2 բան, բայց գործնականում՝ ոչինչ: Այսպես. «Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևյալն է,-հայտարարեց ՔՊ-ի ղեկավարն ու նշեց պատկերացումները:-

1. Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:

2. Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»:

Ի՞նչ է սա նշանակում: Իսկ սա նշանակում է, որ Արցախի ապաշրջափակումը Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը համարում է բացառապես օտարների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդիրը: Է՜հ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է ու ոչինչ չի անում կամ մինչև իրար է գալիս, բանը բանից անցնում է: Դո՛ւք, որպես ՀՀ իշխանություն հորջորջվող, ի՞նչ եք անում: Երկրորդ կետն ընդհանրապես խայտառակություն է, քանի որ դա նշանակում է, որ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես մի կողմ է քաշվում Արցախից էլ, Արցախի հայությունից էլ և առավելագույնը, ինչ կարող է անել, խորհուրդ տալն է, որ արցախցիները գնան ու կանգնեն Ալիևի թրի տակ:

Այսինքն, հիմնական ուղերձը, որ հղեց Նիկոլ Փաշինյանն Արցախի հայությանը, այն է, թե՝ գլխներիդ ճարը տեսեք, ես ձեր հետ ո՛չ կապ ունեմ, ո՛չ էլ ուզում եմ ինչ-որ կերպ առնչված լինել: Բայց դրանով Նիկոլ Փաշինյանի «կառավարական» ելույթը չավարտվեց: Հիմնական շեշտադրումներից մեկը, որ նա արեց այդ ելույթի վերջնամասում, հետևյալն է. «Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930