Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է բազմապատկվում մարդկային նույն տեսակը

Հունիս 24,2023 10:00

«ճգնաժամային իրավիճակներում ի հայտ է գալիս այն չնչին մարդը, որը խորհրդանշում է ոգու եւ հոգու զարգացման անհամաչափությունը, որն իմանում է, թե ինչպես օգտվել մամուլից, ռադիոյից եւ մարդկանց հոգիներին տիրանալու մնացած տեխնիկական միջոցներից, որոնք իրեն է տրամադրում ժողովրդավարական հասարակությունը: Այդ տեխնիկական միջոցների օգնությամբ նա կարողանում է մարդկանց ստեղծել իր պատկերով  եւ դրանով միլիոն անգամ բազմապատկել սեփական մարդկային տեսակը» («auf diese Weise seinen eigenen Menschentyp in das Millionenfache zu vermehren»):

Սոցիոլոգ Կարլ Մանհայմը այդ գնահատականն է հնչեցրել 1935 թվականին լույս տեսած գրքում, եւ պարզ է, որ դրա անմիջական հասցեատերը Հիտլերն էր, որը կարողացել էր միլիոնավոր գերմանացիներին «ստեղծել իր պատկերով»: Բայց այստեղ նկարագրված է, կարծում եմ, մարդկանց լյումպենացման, մարգինալացման, զանգված դարձնելու ունիվերսալ մեխանիզմը:

Մենք Հայաստանում ամեն օր տեսնում ենք դրա նորանոր դրսեւորումները: Հենց երեկվա իմ խմբագրականում ես գրել էի, որ մարդկանց կյանքին եւ առողջությանը պետք է վերաբերվել ակնածանքով: Այդպես եմ ես արձագաքել այն անմարդկային մեկնաբանություններին, որոնք հնչել են ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ: Նույն մեկնաբանություններն էին գրվում, երբ մահացել էին Մանվել Գրիգորյանը, Ռիտա Սարգսյանը, Գալուստ Սահակյանը: Քաղաքական ճամբարն այստեղ բացարձակապես կապ չունի: Եվ երբ ես հորդորում էի մարդկային վարք դրսեւորել, բոլոր այս դեպքերում հակադարձումը նույնն էր՝ «բա որ նրանք…»:

120 հազար մեր հայրենակիցներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ այսօր զրկված են սնունդից եւ դեղորայքից: Ինչո՞ւ է դա հնարավոր: Եկեք մի կողմ թողնենք բոլոր արտաքին խաղացողներին՝ իրենց դաժանությամբ եւ երեսպաշտությամբ: Եկեք անկեղծ լինենք գոնե ինքներս մեզ հետ: Դա հնարավոր է նաեւ այն պատճառով, որ առնվազն 680 հազար ՀՀ քաղաքացի մտածում է՝ «նրանց տե՛ղն է, նրանց հասնո՛ւմ է, բա որ նրանք…»: Մեկը, որը կարողացել է, օգտագործելով տեխնիկական միջոցները, փոխանցել է հարյուր հազարավորներին մարդկային իր տեսակը, համոզել է, որ այդպիսով նրանք վրեժխնդիր են լինում երկու տասնամյակ թալանի եւ անարդարությունների համար: «Ռեսենտիմենտի» յուրահատուկ տարատեսակ: Իհարկե, նրանք չեն խոստովանի, որ այդպես են մտածում: Գուցե իրենք չեն էլ գիտակցում, որ դա՛ է իրենց մտածողության շարժիչ ուժը: Այդ խոստովանությունները ես լսել եմ միայն շատ անկեղծ մարդկանցից:
Ֆաշիզմն, անշուշտ, գաղափարախոսություն է, որը, բարեբախտաբար, Հայաստանում լայն տարածում չունի: Դաժանությունը, սակայն, հոգեվիճակ է, որը գաղափարների հետ կապ չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    «Առնվազն 680 հազար ՀՀ քաղաքացի մտածում է՝ «նրանց տե՛ղն է, նրանց հասնո՛ւմ է, բա որ նրանք…» :
    ……
    Հաւանական է որ այդպէս մտածողներ կան, այո: Սակայն անհնար է որ նրանց թուաքանակը՝ այդքան լինի:

    Մեծ թիւով հայեր կան, Հայաստանի մէջ եւ դուրսը, որոնք աւելի շուտ մտածում են, այսպէս՝ «ահաւոր է… չափազանց ցաւագին է… բայց մենք, ի՞նչ կարող ենք անել… ոչինչ… ուրեմն՝ սպասենք, տեսնանք թէ ինչպէ՞ս վերջ կը գտնէ Հայութեան վիճակուած Աղէտի այժմու ամենադաժան ու ամենահրատապ այս բաժինը՝ Արցախի հայերի ողբերգական եւ շատ մտահոգիչ վիճակը…» :

    Իսկ որպէսզի «չփախչիմ» նիւթի քաղաքական երեսից, թոյլ տուէք որ աւելացնեմ հետեւեալը՝ վարչակարգէն դուրս, որեւէ քաղաքական ուժ կամ անհատական գործիչ, կարո՞ղ է պատասխանել վերոնշեալ այդ հարցին: Թէ՝ ի՞նչ լուծում կայ, այս անհանդուրժելի կացութեան – Արցախի պաշարուած հայերի վիճակին – վերջ դնելու համար: Իսկական, գործնական լուծում: Մի բան որ հնարաւոր է՝ անել, կատարել, շօշափելի գործով, արարքներով:

    Հըլա իշխանափոխութիւնը թող լինի, յետո՞յ կը նայինք… Այ՞ս է, փրկութեան ծրագիրը…

    Կը մնայ մէկ բան, որ յաւելեալ եւ աւելորդ ցաւ մըն է, որ կ’աւելնայ արդէն իսկ կուտակուած մեր անասելի տառապանքին վրայ՝ իշխանաւորների անզգամութիւնը: Տուեալ արարածների հանրային, ցուցադրուած, երբեմն կարծես թէ դիտումնաւոր կերպով բեմականացուած՝ անհոգութիւնը: Իրենք իրենց անձնական – թէկուզ օրինաւոր – շահերը ապահովելու, իրենց հաճոյքն ու վայելքները – հրապարակային կերպով – շարունակելու շշմեցուցիչ կեցուածքը, վարքագիծը: Եւ դրա առնչուող՝ խառնուածքի, բնաւորութեան եւ մտածելակերպի այլ, շեշտակի գիծեր: Որոնք կը վերաբերին մարդկային որակի խնդրին:

    Այո, վերոնշեալ այս յաւելեալ խնդիրն ալ, չի սահմանափակուէր միայն՝ իշխանաւորների շրջանակներին: Սակայն երեւի աւելի դժուար է այս հրէշային երեւոյթը հանդուրժելը, երբ որ զայն ցուցաբերողները, առաջին գիծի ու անմիջական պատասխանատւութիւնը կը կրեն՝ տեղի ունեցած եւ ընթացիկ Հայոց Աղէտին:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Կա տասը տոկոս նորմալ գործող հայ’ պրոֆեսիոնալ ֆիզիկոս, ծրագրավորող, բժիշկ կամ ցանկացած այլ բնագավառում հաջողության հասած պրոֆեսիոնալ, կա տասը տոկոս աննորմալ’ շատ հավանական է ոչհայ’ դժբախտ, դժգույն, իրենքն իրենց բախտից դժգոհ եւ դրա պատճառով ուրիշի գործակալ մործակալ մինյոն դարձած ոչհայեր, որովհետեւ անշնորհք հայ չի լինում բնության մեջ եւ ութսուն տոկոս հայ, որը նայում է, թե ո՞վ ավելի ուժեղ իրեն կդրսեւորի’ նորմալ հայերը թե գործակալ հայերը: Եթե նորմալներն ավելի ինքնավստահ իրենց զգան, կլինեն նորմալների կողմից, եթե աննորմալներն ավելի ինքնավստահ գործեն, քան նորմալները, կբռնեն գործակալ մործակալների կողմը, որն էլ տեսանք վերջին ընտրությունների ժամանակ: Ես դեմ եմ ամեն տեսակ խունտաների, մենք հո հետամնաց ժողովուրդ չենք, մեր պրոֆեսիոնալները պետք է մեր ութսուն տոկոսի սիրտը շահեն, մի թեթեւ զբաղվեք քաղաքականությամբ, իշխանության բերեք ձեզ նման նորմալ պրոֆեսիոնալներին, հետո հանգիստ զբաղվեք ձեր գործով: Հա, մեկ էլ մեր հանճարեղ ջահելությանը ներարկեք ինքնավստահություն’ ձեր օրինակով, մեր խնդիրների պատճառը’ բարդույթված միջակությունն է, որին փող ու իշխանություն է տրված, որով ճնշում են նորմալներին: Պրոֆեսիոնալ հայեր, միացե՛ք, էլ ո՞վ, եթե ոչ դուք բարդ խնդիրներ կարող եք լուծել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930