Հունիսի 2-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում էր կայացրել Վ. Սեդրակյանի բողոքը վարույթ ընդունելու մասին: Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին: Դատարանի (Ա.Պետրոսյան), 17.06.22թ. որոշմամբ բավարարվել էր Ա. Մանուկյանի միջնորդությունը, որպես հայցի ապահովման միջոց շինարարական ընկերությանն արգելվել էր իրականացնել կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ, Երեւանի Թումանյան փողոցի երկրորդ անցուղու 5/9 եւ 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա, մինչեւ եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Նույն թվականի դեկտեմբերի տասնվեցին «Օկտագոնի» ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը դատարան է ներկայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն, ինչն այս տարվա հունվարի տասին բավարարվում է: Մայիսի 30-ին Վ. Սեդրակյանի վերաքննիչ բողոքը հանձնվում է դատավորին…
2023թ. հունիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է ընդունել «Դատական ակտի կատարումը կասեցնելու մասին»:
Դատարան էր ներկայացվել «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, ազգագրական երգերի անզուգական կատարող, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանի (լուսանկարում) վերաքննիչ բողոքը՝ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին»: Վ. Սեդրակյանն իր բողոքի հետ դատարան էր ներկայացրել նաեւ դատական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանը հիմնավորված էր համարել այն, որ դատական ակտը ենթակա է վերանայման, քանի որ առկա է դատական ակտի կասեցման անհրաժեշտություն, հրատապություն, «հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու այլ դատավարական եղանակների բացակայություն»: Դատարանը բավարարել էր Վահե Սեդրակյանի միջնորդությունը, մինչ վերաքննիչ դատարանի կողմից «բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2023