Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս մեր հոգու եւ առաքելության մեջ մի քիչ Համլետ ենք՝ ժամանակների միջեւ պատռված կապը վերականգնելու առաքելությամբ»

Հունիս 24,2023 12:30

Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի եւ նրա ուսանողների հետ:

– Պարոն Խառատյան, սոցցանցերից տեղեկացանք ձեր ղեկավարությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հուլիսի 24-ին կայանալիք «Երիտասարդ խորեոգրաֆների երեկո» նախաձեռնության մասին։ Մեր դիտարկմամբ՝ սա նորություն է մեր մշակութային իրականության մեջ։

– «Երիտասարդ խորեոգրաֆների երեկո» ես նախաձեռնել եւ իրականացրել եմ Վաշինգտոնում, իմ հիմնադրած ԱՐՔԱ բալետի արտիստների հետ։ Հայաստանում էլ նման երեկոների շարք իրականացրի բալետի արտիստների եւ երիտասարդ անկախ խորեոգրաֆների մասնակցությամբ, երբ Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերն էի՝ հնարավորություն տալով նրանց ինքնուրույն բեմադրություններ իրականացնել, իրենց մեջ բացահայտել ստեղծագործական ջիղը եւ փորձեր կատարել ձեւավորելու ու պարի միջոցով փոխանցելու իրենց բնորոշ ուրույն ոգին եւ խառնվածքը, ընդլայնելու հայկական մտածողության հորիզոնները։ Սակայն նշեմ, որ կայանալիք երեկոն առանձնահատուկ է ինձ համար. իրենց աշխատանքները կներկայացնեն ուսանողներս, որոնց հետ աշխատում եմ արդեն երեք տարի։

– Յուրաքանչյուր նախաձեռնություն ունենում է ոչ միայն նպատակ, այլեւ գերնպատակ, նույնիսկ կարիք…

– Պարարվեստի զարգացման հիմնախնդիրներից է ոչ միայն ավանդույթների պահպանումը, այլ նաեւ միջավայրի ստեղծումը՝ զարգացնելու պարարվեստը որպես ժամանակակից արտահայտման ձեւ ու ձեւավորել հայկական խորեոգրաֆիկ մտքի ուրույն դիմապատկերը։ Հայաստանում 1970-ականներին ստեղծվեցին ներկայացումներ, որոնց մեջ նկատվում էր հայկական խորեոգրաֆիկ մտքի դրսեւորում, սակայն բալետում հայկական մտածելակերպի ձեւավորումը զարգացում չապրեց։

Ազատ տեղեկատվությամբ հագեցած այս դարաշրջանն անսպառ հնարավորություններ է ընձեռում իրազեկվել եւ հետեւել յուրաքանչյուր ոլորտի համաշխարհային զարգացումներին։ Մեր արվեստում բեմադրական մտքի զարգացման, ձեւավորման եւ կայացման երաշխավորը խորեոգրաֆն է՝ իր գաղափարներով ու էմոցիոնալ շարքով։ Ոլորտի առաջ տանող գաղափարները ներկայացվում են բեմադրությունների միջոցով, բնականաբար՝ խորեոգրաֆի կատարած աշխատանքի արդյունքում։

Մեծ հաշվով՝ իմ նպատակն է պայմաններ ստեղծել ձեւավորելու հաջորդ սերնդի խորեոգրաֆներ, որոնք կապահովեն հայկական մտքի եւ գաղափարների արտացոլումը բալետում ու առանձնահատուկ խորեոգրաֆիկ մտքի դիմապատկերով կդառնան համաշխարհային բալետային ընտանիքի լիիրավ անդամ։

– Կայանալիք երեկոն ինչո՞վ է տարբերվում նախորդներից։ Նկատեցինք, որ բեմադրություններն արված են միայն Արամ Սաթյանի երաժշտությամբ։

– Նախ ասեմ, որ կոմպոզիտորին համարում եմ ժամանակակից ամենահետաքրքիր ստեղծագործողներից մեկը եւ ինքս նույնպես բեմադրել եմ նրա երաժշտությամբ։ Այս «ժամանակների կապը» ծնվեց Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործության շուրջ մտորումներից, ուսանողներիս ու Արամ Սաթյանի հետ հանդիպման ժամանակ։ Իմ կարծիքով՝  բոլորս մեր հոգու եւ առաքելության մեջ մի քիչ Համլետ ենք՝ ժամանակների միջեւ պատռված կապը վերականգնելու առաքելությամբ։ Հիմա ժամանակն է, որ դա անեն մեր երիտասարդները։ Իմ խնդիրն է՝ որպես գեղարվեստական ղեկավար եւ ուսուցիչ, օգնել ուսանողներիս՝ բացահայտելու իրենց ենթագիտակցության մեջ նստած իմաստնությունը։ Իմիջիայլոց, նրանց հաջողվել է ազատագրվել մտքով եւ համոզված եմ, որ նրանք իրենց ստեղծագործություններով նոր մտածելակերպ կբերեն մեր իրականություն։ Ի դեպ, ուսանողներս կարողանում են մի քանի շերտով եւ խորությամբ արտահայտել գաղտնագրված գաղափարներ, ինչը հանդիսատեսը ոչ թե պետք է ճանաչի, այլ հասկանա։ Պետք է բարձրաձայնեմ, որ հպարտ եմ իմ ուսանողներով։

Նելլի Մարտիրոսյան– Այս նախագծի կազմակերպչական որոշ աշխատանքներ, բացի բեմադրական մասից, պարոն Խառատյանն ինձ էր վստահել, ինչը շատ ավելի պարտավորեցնող է, սակայն, միեւնուն ժամանակ՝ հետաքրքիր, քանի որ պատիվ ունեցա ներկա գտնվելու շատ դետալների քննարկումների, աշխատելու խորեոգրաֆների հետ այլ «լեզվով», որն էլ կարեւոր դաս է ու փորձ ինձ համար։

Անահիտ Թորոսյան– Սա հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք ավելին բացահայտել, քանի որ խորեոգրաֆներն այդքան էլ լայն հնարավորություն չունեն մեր երկրում։ Խառատյանական այս նախագծի շնորհիվ կկարողանանք ցույց տալ մեր հնարավորությունները։ Լավ կլինի, որ նախագիծը չավարտվի մեկ երեկոյով, շարունակություն ունենա։

Անի Դավթյան– Ամենակարեւոր բանը, որ սկսեցի օգտագործել, մտքի գոյությունն է, ինչը արտիստին օգնում է բեմում ստանալ աներեւակայելի կերպարանք։ Ի վերջո, միտքն ամենազորեղ բանն է եւ դրա կարեւորությունն ինձ բացատրեց, հասկացրեց պարոն Խառատյանը։

Շահանե Վարդանյան– Հավանաբար կխմբագրեք խոսքս։ Դրա համար հակիրճ կասեմ հետեւյալը. ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ ուսանում եմ Ռուդոլֆ Խառատյանի ղեկավարությամբ, լսում նրա խոսքը պարարվեստի ու ռեժիսուրայի մասին եւ կարողանում ընդունել նրա խորհուրդներն ու, ինչու ոչ՝ դիտողությունները։

Վիկտորյա Արեւշատյան– Վստահ եմ՝ կուրսեցիներս համակարծիք կլինեն ինձ հետ, որ մեզ համար՝ որպես ապագա բեմադրող ռեժիսորներ, ամեն ինչ նորություն է՝ բոլոր առումներով։ Նորություն է, օրինակ՝ պարոն Խառատյանի հետ այս ձեւաչափով աշխատելը։

Հեղինե Սաֆարյանն ու Սուսաննա Հակոբյանն էլ հայտնեցին, որ իրենց բեմադրությամբ է սկսվելու երեկոն. «Մենք ցույց ենք տալիս հերոսներին եւ նրանց կապը Համլետի հետ»։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930