Լրահոս
Օրվա լրահոսը

Սերս՝ Արցախին

Հունիս 24,2023 12:00

ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Պողոսյանը բացի մասնագիտական գործունեությունից, ակտիվորեն զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ։

Նա Արցախի համար պայքարելու իր տարբերակն է ընտրել. սոցցանցում «Սերս՝ Արցախին» լուսանկարների շարք է սկսել, այդպիսով եւս մեկ անգամ վերարժեւորելով ու տարածելով Արցախի գանձերը, որոնց մի մասն այս պահին թշնամու վերահսկողության տակ է։ Էդուարդն ասում է` լինելով լրագրող, ընդամենը հավատարիմ է մնում իր առաքելությանն ու այս քայլով իր լսարանին կրկին հիշեցնում է, որ Արցախը հայկական է, իսկ դրա վառ ապացույցն էլ այն պատմությունն է, որն ունի մեր երկիր-դրախտավայրը։

«Մենք պիտի մեր ունեցածը նախ արժեւորենք, հիմա` հատկապես, ու մեզ համար սահմանենք ուղենշային նպատակ ու քայլենք դեպի այն: Յուրաքանչյուր հայ մարդ պիտի չհանձնվի, ասել է թե` մեր պատմության հստակ ուղերձն է այդպիսին, որեւէ միլիմետր հեռու չգնա իր ինքնությունից ու պայքարից: Սա ամենակարեւորն է, իսկ պատմությունն այսպես են պահում, քանի որ այն անդադար պտույտի մեջ գտնվող անիվի է նման, որ դեպի զարգացում է գնում, ու թող Աստծո կամոք մեր հայկական «անիվը» հենց այդպես միշտ էլ առաջ գնա»,- ասում է Էդուարդը։

Զրուցակիցս վստահեցնում է` չպետք է տարանջատել Հայաստանի ու Արցախի պատմությունը, քանի որ այն հայոց ամբողջական պատմությունն է: Այդ պատմությունն այսօր էլ է շարունակվում հյուսվել` յոթ ամիս տեւող շրջափակման պայմաններում։ Էդուարդն ասում է` շրջափակումը մարտահրավեր է, ինչպես նաեւ պայքար։ Պայքարի ոգի կա նաեւ ամեն օր Արցախի տարբեր բնակավայրերից հրապարակվող լուսանկարներում։ Բայց այդ, պայքարը միայն մեկ նպատակ ունի` հանուն հայրենիքի։

«Հայկը երբեք չի պարտվել ոսոխ Բելին: Եվ տեղին է մեջբերել Հրանտ Մաթեւոսյանի  այս խոսքը. «Եթե ամբողջ մոլորակը գերեզման դառնա, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու…»: Վստահ եմ` մեզ բաժին հասած դժվարությունները պատվով ենք հաղթահարելու եւ դրանք հայանպաստ լուծում են ստանալու. ես հավատում եմ»,- եզրափակեց Էդուարդ Պողոսյանը։

 Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
23.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930