«Գործող կառավարությունը գիտակցաբար պետք է մոտենա եւ ընդունի, որ իր ժամանակը սպառվել է, սպառվում է». «Առավոտի» զրուցակիցն է տնտեսագետ, հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը
Սկիզբը՝ «Առավոտի» 110 համարում
– Այսինքն, դուք կարծում եք, որ այս գործընթացները քաղաքակիրթ, ընտրական փուլերո՞վ պիտի հանգուցալուծվեն, մինչդեռ իրավիճակն արտառոց է, իսկ նման իրավիճակները ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում:
– Ինձ ոգեւորում է որոշակի չափով, որ դաշտում ձեւավորվում են շարժումներ, որոնք, այսպես ասած, նախկինները չեն, ոչ էլ գործող իշխանության հետ կապ ունեն: Ես նրանց կանվանեի՝ ապագայի ուժեր: Դրանք միգուցե դեռ մեծ չեն, բայց մոտեցումները հետաքրքիր են: Օրինակ, Հայաքվեն. շատ կոնկրետ եւ պարզ հարցեր են բարձրացնում: Այո, Արցախի ինքնորոշման մերժումը պետք է քրեականացվի եւ դա պետք է կյանքի կոչվի Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հիշեցնեմ՝ ծանր պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը նսեմացնող գործողությունների համար՝ ՀՀ Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշման հիման վրա։
Կարդացեք նաև
Եթե դու փորձում ես այդ ամենը վերաձեւել, ապա պետք է պատասխան տաս, ոչ միայն ներկայի, այլ անցյալի եւ ապագայի համար: Չեմ ժխտում, միգուցե Հայաստանում թուրքական վիլայեթ դառնալ ցանկացողներ կան, բայց դրա բեռն ու պատասխանատվությունն իշխանության վրա է եւ պատասխանները պետք է տրվեն: Այս տեսակետից, կարծում եմ, Հայաքվեի նախաձեռնողները ճիշտ տարբերակ են ընտրել: Հայաքվեի մասին, որ արդեն խոսում են՝ դա փոքրիկ հաղթանակ է ու դա աննախադեպ իրողություն է մեր իրականության մեջ: Ամենակարեւորը գիտե՞ք որն է. դրված հարցերն ընդդեմ չեն, այլ ինչ-որ բանի կողմ են: Միանգամայն հնարավոր է 50 հազար ստորագրությունը հավաքել եւ գործընթացը հասցնել խորհրդարան: ԱԺ-ում հնարավոր է եւ չմերժվի. ես շատ հուսով եմ, որ խորհրդարանում իրենց հայրենիքը սիրող շատ մարդիկ կան… ես հավատում եմ: Նաեւ, այսօր այնպիսի իրավիճակ է, որ իշխանությանն էլ է ձեռնտու, որպեսզի հնարավորություն ստեղծվի եւ իրենք կարողանան չքննարկել այդ հարցերը մեր հակառակորդների հետ, իսկ հանրաքվեն այն գործիքն է, որ ֆիքսում է ժողովրդի հաղթանակը եւ դրա դեմ ոչինչ անել չես կարող: Եթե դա էլ չստացվեց, գնացին կոնֆլիկտի, հաջորդ փուլում 300 հազար ստորագրություն է պետք հավաքել, բայց նույնիսկ այդ դեպքում երկու տարբերակ կա. մարդիկ կոգեւորվեն գործընթացով, կհավատան գործընթացին եւ կմիանան: Եթե չստացվեց էլ, էլի հաղթանակ է, քանի որ հստակ կերեւա բոլորի դեմքը, պարզ կդառնա, թե՝ ով եւ ինչի կողմն է: Եթե հայկական շահերին դեմ ես՝ Թուրքիային ու Ադրբեջանին ես կողմ. այլ տարբերակ չկա:
Հաջորդ հնարավոր տարբերակը՝ հեղափոխական ճանապարհն է, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Բայց այդ տարբերակը լավ չեմ պատկերացնում, քանի որ ընդդիմությունը համախմբված չի: Մի այլ հետաքրքիր ասպեկտ էլ կա՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկնում է եւ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր իրականությունը լավ պատկերացնում են եւ այս առումով, կասկածում եմ, որ հենց իշխանության միջից որոշ թեւեր արդեն պատրաստակամություն կհայտնեն մինչեւ վերջ, ամուր կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, մանավանդ, եթե 2018-ին պարզ գաղափարներ էին՝ հավասարություն, բիզնեսին ազատություն եւ այլն ու հասկանալի էր, թե ինչի համար պետք է պայքարել, ապա հիմա, իրենք ինչի՞ համար պետք է պայքարեն Նիկոլի հետ միասին, ինչի՞ պետք է դուրս գան պետական եւ հիմնական ինստիտուտների դեմ: Մի քիչ լավ չի հասկացվում: Եթե խորհրդարանում նստած երիտասարդները պատրաստ են ապագա կյանքում ոչինչ չունենալ՝ չեմ կարծում…
– Բայց իրենք հայտարարում են, որ պատրաստ են եւ կանգնելու են Նիկոլ Փաշինյանի կողքին:
– Մի քիչ էլ համբերենք՝ կտեսնենք:
– Իշխանությունն էլ հայտարարում է, որ ոչինչ, անգամ Ադրբեջանի անհամաձայնությունները չեն խանգարելու իրենց խաղաղության օրակարգին՝ ցանկացած գնով, անգամ անընդհատ զիջումների:
– Չգիտեմ ով է հաշվարկել, որպեսզի պատերազմ չլինի, պետք է գնալ զիջումների. իսկ կա՞ ծրագիր, որ դու ինչ-որ գյուղ զիջում ես եւ դրա դիմաց ինչ-որ բան ես ստանում: Ինչո՞ւ Հայաստանը հիմա բնական դաշնակիցներ չունի: Նույնիսկ՝ ՌԴ-ն: ՌԴ-ին կարելի է անվերջ մեղադրանքներ ներկայացնել, նրանց սխալների մասին խոսել. համաձայն եմ, ասելիք չունեմ, բայց դու քեզնից ինչ-որ մի բան պետք է ներկայացնես եւ եթե դու օգնություն ես ուզում՝ ի՞նչ ես տալիս դրա դիմաց: Ոչինչ չտալով, ողորմություն խնդրելով, որեւէ հարգանքի չես արժանանա: Վերջերս Ալիեւը շրջանառության մեջ դրեց համաներում բառը՝ համաներում հայտարարելով Արցախի իշխանությանը, ժողովրդին՝ պետական ինստիտուտները լուծարելու եւ հանձնվելու դիմաց, բայց համաներում հայտարարում են հանցագործներին, ինչեւէ, նույնիսկ եվրոպացի էմիսարները սկսեցին կրկնել՝ Ալիեւը քայլ արեց, համաներում է պատրաստ հայտարարել. դե, իրենք կարծում եմ, չեն էլ խորացել այդ բառի եւ հնարավոր գործընթացի մեջ, բայց էականն այն էր, որ հայկական կողմից դրան ընդդեմ ոչինչ չկար:
Հիմա ասում ենք՝ դաշնակիցներ չունենք, բայց ժամանակին պետք էր Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի հետ աշխատել. ժամանակին այդ օղակը կար: Հիմա՝ չկա, մենք մենակ ենք եւ միակ ճանապարհն այն է, որ պետք է ժամանակ շահել, քայլ առ քայլ զարգանալ: Իսկ դրա համար ամենալավ տարբերակը ժամանակավոր կամ տեխնիկական կառավարությունն է, ինչպես ցանկանում եք, այդպես էլ կոչեք. գիծ ես քաշում, դադար ես վերցնում արտաքին աշխարհի մոտ եւ սկսում ես վերակառուցել երկիրը: Այդ կառավարության մեջ պետք է եւ այսօրվա կառավարությունից մարդիկ լինեն, եւ այն ունակ մարդիկ, ովքեր Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ ունակ են մոդելավորել, ինչ-որ բան կազմակերպել՝ թե ռազմական, անվտանգային խնդիրները, թե տնտեսական: Իսկ այդ կառավարության ղեկավարը պետք է լինի տեխնիկական վարչապետ, որը կլինի շատ գրագետ եւ առանց հետագա քաղաքական, կուսակցական ամբիցիաների: Ժամանակին այդ առաջարկն արել ենք, անտեսվեց, այժմ նորից եմ դնում շրջանառության մեջ:
Ի՞նչ ես կանեի գործող իշխանության փոխարեն. կվերցնեի այդ թեման ինձ վրա եւ կսկսեի քննարկել, թե ո՞ր մոդելով կկարողանանք թեթեւացնել արտաքին բեռն ու զարգանալ: Եթե, իհարկե, իրենք ուզում են զարգանալ: Չի բացառվում, որ չեն ուզում կամ՝ կասեն, որ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք: Բայց դա մոդել է, որը զարգացման հնարավորություն է եւ հեղափոխությունով ու կռվով չի:
– Գործող կառավարությունն իր խաղաղության օրակարգում, եթե մի քիչ պարզունակ ներկայացնենք, համաձայնվել են, այսպես կոչված, Սյունիքով միջանցք տալուն, հիմա, պարզապես տարբեր մայրաքաղաքների միջեւ կռիվ է գնում այն մասին, թե ո՞ր մայրաքաղաքի գերակայություն պետք է լինի այդ միջանցքի նկատմամբ:
– Ալիեւը տերմինների խաղ է տանում միջանցքի մասով, հայկական կողմն էլ պետք է խոսի եւ ասի, թե ի՞նչ է միջանցքը իր պատկերացմամբ: Եթե միջանցքը տրանսպորտային ուղի է, անունների պատճառով կռիվ-կռիվ պետք չէ խաղալ, այլ ամրագրել կարգավիճակն ու առաջ անցնել: Ասենք, պարոն Ալիեւ, դու հայտարարեցի՞ր, որ չունես ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջ, եկեք ֆիքսենք՝ բոլոր կողմերով, ճանապարհը բացվում է եւ հսկվում է այն երկրի կողմից, որտեղով անցնում է: Սա, ի դեպ, կառավարությունն ասում է: Բայց երբ Լաչինի միջանցքն ենք մեջ գցում, այդտեղ արդեն պարտվեցինք. դա պետք էր բաց ճանապարհ լիներ, չքննարկվող եւ ռուսների վերահսկողության տակ: Փաստացի, մեկ օրում իրավիճակը փոխվեց. ադրբեջանցիներն ասացին՝ հայեր, դուք ասում եք, որ մեր հետ խնդիր չունեք, Արցախն Ադրբեջան է եւ վերջ, ի՞նչ խնդիր. մենք անում ենք այն, ինչ-որ անում ենք, ռուսներն էլ իրենց լուման դնում են դրա մեջ: Սրանք պարտություններ են ու ոչ փոքր եւ ճիշտ ժամանակն է, որ գործող իշխանությունն՝ ինքն իրենով, փոփոխություն անի՝ պարզ ձեւով՝ քաղաքական լայն շրջանակների հետ նստեն բանավեճի՝ ընդունելով մի բան՝ սա մեր հայրենիքն է, կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, կարող ենք մի կիլոմետր կամ մետր այս ու այն կողմ մտածենք, բայց սա մեր տունն է, որը պետք է պահել, պաշտպանել, զարգացնել: Չես կարող չէ, մեկին ասել, արի տանս մի սենյակում ապրի ու կնոջս էլ ձեռք չտաս. ընտանիքն ու հայրենիքը նույն բանն է: Չունես ընտանիք, չունես հայրենիք, դառնում ես թափառական: Եվ եթե այս պարզ ճշմարտությունը չհասկանաս, ֆանտազիայի ոլորտից չի, որ երրորդ մասում անցակետ լինի, որը ռուս զինվորը կհսկի:
Գործող կառավարությունը գիտակցաբար պետք է մոտենա եւ ընդունի, որ իր ժամանակը սպառվել է, սպառվում է: Արեցին այն, ինչ արեցին. լավ-վատ՝ պատմությունը գնահատական կտա: Լավ բաներ էլ կան, օրինակ, բիզնեսն ավելի ազատ է սկսել շնչել: Բայց այս կառավարությունը ժամանակին պետք է գնար ու իր մեծությունը դրա մեջ կարող էր լինել: 2018-ին՝ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանը կարող էր վարչապետ նշանակել անձի, ով գործից հասկանում էր եւ ուներ հնարավորությունները՝ պետական մեխանիզմն աշխատեցնելու, ինքն էլ իր գործը կուսակցությունով կարող էր անել: Դա արդեն մեծ բացթողում էր եւ կորուստ: Չարեց: Հիմա, հաջորդ փուլն է եւ այդ հնարավորությունը նորից կա. էդ դուխով, որ խոսում ես, դուխի տեղը սա է, դուխով՝ արա այդ քայլը, մի վախեցիր: Այդպիսով երկու խնդիր կլուծվի՝ դրսի դաշտում դադար կվերցնես, ներքաղաքական դաշտը առողջացման կտանես: Հիմա երկիրն ամեն հնարավորություն ունի զարգանալու, շանսերը վատը չեն, նույնիսկ՝ լավն են եւ չօգտագործել դրանք՝ կլինի հանցագործություն:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2023