Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ հստակ քաղաքական գործոն կա։ Դրա մասին է վկայում այն, որ դատավորներն իրենք չեն ուզում մտնել դրա տակ և հերթով ինքնաբացարկ են հայտնում»․ Նաիրի Հոխիկյան

Հունիս 23,2023 22:50

«Արդեն երկրորդ անգամ է դատախազի խնդրանքով նիստը հետաձգվում և որպես  պատճառ է բերվում աշխատանքային ծանրաբեռնվածությունը․ նույնը նաև Էդգար Հովհաննիսյանը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, հեռուստամեկնաբան, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանը։

Հունիսի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում Նաիրի Հոխիկյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման գործով դատական նիստը հետաձգվեց։

Նաիրի Հոխիկյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2023թ մարտի 29-ին հրապարակային եղանակով իբրև վիրավորել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին՝ վերջինիս անվանելով իշխանության պատվեր կատարող և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր: Նաիրի Հոխիկյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում՝ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Նաիրի Հոխիկյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց՝ դատավոր Հակոբ Մանուկյանը նախորդ դատական նիստին ինքնաբացարկ է հայտնել, քանի որ կա շահերի բախում․ «Հիմա դատավորը 36-ամյա Մակար Կիրակոսյանն է։ Եվ ուղղակի չհասցրեց դատաքննություն անցկացնել, որ ինքն էլ կարծիք հայտներ՝ այդ թվում բացարկի վերաբերյալ, միայն հետաձգվել է դատախազի և տուժող կողմի բացակայության պատճառով»։

Մեր հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ այս գործն ունի քաղաքական հետապնդման տարրեր, լրագրողը պատասխանեց․ «Միանշանակ։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որովհետև մի քանի փաստ ասեմ։ Այս ամենը տրամաբանական շարունակությունն է հայտնի «Լապշինի գործի», երբ Լապշինը, ես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, երբ մի միջոցառման ժամանակ չորսով զրուցել ենք և զրույցի բովանդակությունը ինքս էլ եմ լսել մի մասի և այն հատվածը, որն իմ ականջով լսել եմ, հստակ, փաստական ապացույցներով, ձայնային հաղորդագրություններով  ներկայացրել էինք դատարան, դատարանը պիտի տվյալ դեպքում (նախագահող դատավոր Էդգար Հովհաննիսյան, որն այդ գործով տուժող է ճանաչվել), ինքը պետք է մարտի 27-ին վճիռ կայացներ։ Եվ ակհայտ էր, որ մեր բերած բոլոր փաստերն ապացուցում են իմ խոսքերի ճշմարտացիությունը։ Մարտի 27-ին պիտի վճիռ կայացներ, մարտի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը շտապ կարգով դատավորին հրավիրում է  հարցաքննության ինչ-որ կոռուպցիայի գործով, որտեղ նա առայժմ վկայի կարգավիճակ ունի։ Իմ տեղեկություններով՝ վկա-կասկածյալ, չեմ կարող պնդել, գիտեմ, որ վկայի կարգավիճակ ունի, որի մասին դատավորն էլ մեզ տեղեկացրել է, որ իր կամքից անկախ հանգամանքներում իրեն շտապ հրավիրել են հարցաքննության։ Հարցաքննությունը կարող էր տևել մեկ-երկու ժամ, բայց ինքը դրանից հետո խնդրում է ևս երկու օր, որպեսզի կարողանա վճիռ կայացնել։ Իսկ վճիռ այդ պահին չեն կայացնում, այլ ամսվա ընթացքում, իսկ այդ պահին միայն հրապարակում են»։

Նաիրի Հոխիկյանն ասաց, որ հունիսի 26-ին լրանում է տվյալ դատավորի պաշտոնավարման ժամկետը, որպես Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, և բազմաթիվ, այդ թվում իր գործի հետ կապված բողոքներ կան նրա հետ կապված․ «Այս ամենն ինձ այն ժամանակ հիմքեր տալիս էր պնդելու, որ Լապշինի գործով իմ դեմ կայացված վճիռը քաղաքական ենթատեքստ ունի։ Եվ ես հենց դա էլ նշել եմ։ Ես որևէ վիրավորական արտահայտություն չեմ արել տվյալ դեպքում անձի, դատավորի կամ դատարանի նկատմամբ, նշել եմ, որ քաղաքական պատվեր է սա, ինչին անմիջապես արձագանքել է ԲԴԽ-ն՝ որպես այդպիսին ֆեյսբուքյան հրապարակումով։ Ի դեպ բացի դրանից դատավճիռը կայացնելու մասին ես չեմ տեղեկացել Դատալեքս համակարգից։ Դատալեքսում չի հրապարակվել, այլ առաջինը ԲԴԽ-ն է հրապարակել։  

Այսինքն՝ ԲԴԽ-ն արդեն իսկ տեղյակ էր դատավճռի մանրամասներին, ինչը ևս խոսում է գործի խոհանոցային քննարկումների մասին։ Երբ ես իմ եզրակացություններն եմ անում, որ սա քաղաքական գործ է, ԲԴԽ-ն  հայտարարություն է անում, որ Նաիրի Հոխիկյանը վիրավորում է դատավորին։ Եվ այդ ֆեյսբուքյան հրապարակմանն անմիջապես «լայք է» դնում արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը։ ԲԴԽ-ն կոնկրետ վերաբերմունք է արտահայտում։ ԲԴԽ-ն ինքն է դիմել քննչական կոմիտեին՝ խնդրելով քրեական գործ հարուցել, ինչից ընդամենը մեկ-երկու օր հետո միայն դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է, որ ինքը պետք է վիրավորվի։ Այստեղ հստակ քաղաքական գործոն կա։ Դրա մասին է վկայում այն, որ դատավորներն իրենք չեն ուզում մտնել դրա տակ և հերթով ինքնաբացարկ են հայտնում»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին։ Նաիրի Հոխիկյանը վստահ է, որ այս գործով ներկայիս դատավոր Մակար Կիրակոսյանը ևս ինքնաբացարկ կհայտնի․ «Դրանից հետո Արմավիրի դատարանում կմնա ընդամենը մեկ քրեական գործ քննող դատավոր՝ Հրաչյա Մեխակյանը, իրեն կփոխանցվի գործը, դրա հաջորդ նիստին դատախազը կխնդրի հետաձգել, որից հետո արդեն սեպտեմբերի մեջ կփոխանցվի այլ դատարանի, կամ կհասկանան, որ գործն ուղղակի կփակվի, կամ էլ այդ ժամանակ արդեն հեղափոխություն կլինի, հարցն այլ կերպ կփակվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930