Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները:
Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության ոլորտում կանխատեսելի ռիսկերի նվազեցմանը:
Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է վառելիքի սղության պայմաններում բերքահավաքի կազմակերպման և գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման ու մատակարարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:
Կարդացեք նաև
Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված ճգնաժամային պայմաններում բնակչության կենսապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի հասցեականության ու արդյունավետության ապահովման վրա:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ