Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, չի մասնակցի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից Ուիմբլդոնյան մրցաշարին։
Այս մասին նա գրառում է արել համացանցում՝ նշելով, որ նման որոշում կայացնելն իր համար հեշտ չի եղել։ «Շատ դժվար է գրել Ուիմբլդոնից հրաժարվելու մասին այս հայտարարությունը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում ստացած ցավալի վնասվածքից հետո ես մինչեւ վերջ հույս ունեի, որ այս մի քանի շաբաթում կհասցնեմ վերականգնվել։ Սակայն բժիշկներն ինձ հավաստիացրին, որ իմ մասնակցությունը անհնար է»,- գրել է Խաչանովը։
Ուիմբլդոնյան մրցաշարը կայանալու է հուլիս 5-ից 16-ը։ Խաչանովը վերջին անգամ Լոնդոնում խաղացել է 2021 թվականին։ Այն ժամանակ նա հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ