Անվտանգության հարցում մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի դերը մեր հասարակության աչքում, լրջորեն երերում է: Ռուսաստանում էլ ոչ դրական փոփոխություններ է կրել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը:
«Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը ցույց է տվել հեռանկարային լինելն ու անգամ կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ գրանցել», – «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մամուլի կենտրոնում «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը. ԵԱՏՄ պայմանագրի 10-ամյակի նախօրեին» քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:
Նա վստահ է, որ եվրասիական ինտեգրացիայի հարցում հսկայական նշանակություն ունեն ոչ միայն կառավարությունները, այլ նաեւ երկրների հասարակությունների ակտիվությունը: Գեւորգ Պողոսյանը հրապարակեց հանրային կարծիքի ուսումնասիրությունների արդյունքներ. 2018 թվականին հարցվածների 79 տոկոսն է կողմ արտահայտվել ԵԱՏՄ անդամակցությանը, 2019-ին՝ 74 տոկոսը:
Կարդացեք նաև
Այլ թվեր. ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման ծավալն աճել է երկու անգամ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների 40 տոկոսը ռուսաստանցի է, հայաստանցի աշխատանքային միգրանտների 85 տոկոսն աշխատում է ԵԱՏՄ երկրներում, այս միգրանտները տարեկան Հայաստան են ուղարկում մոտ 1,8 միլիարդ դոլար՝ հանրապետության ՀՆԱ-ի 15 տոկոսը:
Չնայած վերջին 30 տարում անցկացված հարցումների համաձայն, հայաստանցիների 75-80 տոկոսը Ռուսաստանը բարեկամ երկիր է որակել, վերջին 2-3 տարում, այս հարցում որոշակի նվազում կա: Հիմա հայաստանցիները ավելի շատ Իրանին (32,7 տոկոս), Ֆրանսիային (25,2 տոկոս) եւ ԱՄՆ-ին (23 տոկոս) են բարեկամ համարում: Վերջերս անցկացված հարցման համաձայն, հայաստանցիների 40 տոկոսը Իրանից է ռազմաքաղաքական օգնություն սպասում, 34 տոկոսը՝ Ֆրանսիայից, 30 տոկոսը՝ Ռուսաստանից: Սա նշանակում է, որ անվտանգության հարցում մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի դերը մեր հասարակության աչքում, լրջորեն երերում է: Ռուսաստանում էլ ոչ դրական փոփոխություններ է կրել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը:
Սրանով հանդերձ, Գևորգ Պողոսյանը նկատում է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է, նաեւ միակ եւ հուսալի ռազմավարական գործընկերը. «մշակութային եւ պատմական հարթություններում հայ-ռուսական հարաբերությունները հավասարը չունեն»:
Գևորգ Պողոսյանն առաջարկում է անցնել ինտեգրացիայի պրոակտիվ ռազմավարության, ինտեգրացիոն միտումների ակտիվ ձեւավորման, ոչ թե պարզապես արձագանքել առաջացող եւ դրսից պարտադրվող մարտահրավերներին եւ սպառնալիքներին. «Մարդիկ ինտեգրացիայի իրական արդյունքներ են ուզում: Դանդաղկոտությունն ու անվճռականությունը խաթարում են գործընկերների վստահություն»:
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում թափ հավաքած հակառուսական ինֆորմացիոն պատերազմն ու քարոզչությունը հասել են Հայաստան, տարբեր սոցկայքերում եւ հայկական լրատվամիջոցներում տեղ են գտնում հակառուսական հրապարակումներ: Գևորգ Պողոսյանը վստահ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ ջանում է փոխել հանրապետության աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ Ռուսաստանի փոխարեն Արևմուտք, ինչը նշանակում է Ռուսաստանի դուրս մղում Հարավային Կովկասից եւ Թուրքիայի ազդեցության անվերահսկելի աճ: «Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը սրա հետ համաձայն չէ: Հայ հանրության և քաղաքական իշխանության հայացքները տրամագծորեն հակառակ են եւ լուրջ շեղումներ ունեն», – հայտարարեց Գևորգ Պողոսյանը, հավելելով, որ իշխանությունը ուզի, թե ոչ, պետք է հաշվի նստի սեփական բնակչության կարծիքի հետ, եթե ցանկանում է հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ