Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Արցախի երեխաների համար հավաքված կաթնախառնուրդները մնացին ՄԱԿ-ի գրասենյակի ճաղավանդակների տակ (Ֆոտոշարք)

Հունիս 23,2023 20:00

«Մարդու  իրավունքների ու մասնավորապես, երեխաների իրավունքների մասին են խոսում, իրենք  գրեթե ամբողջ աշխարհում այդ կոնվենցիաների առաջամարտիկներն են: Կարծում եմ  որ այս օրերի ընթացքում ամենաշատ մտահոգվածը իրենք պետք է լինեին, թե ինչպես են ապրում Արցախում մանուկներն ու նորածինները, հատկապես՝  մինչև մեկ տարեկան երեխաները, որոնք կաթնախառնուրդով են  սնվում , որն առհասարակ չկա»: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն, նախկին ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի դիմաց՝ բողոքի ցույցի ժամանակ:

Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուք սոցիալական հարթակում գրառում կատարել  տեղեկացնելով. «Ես այսօր` հունիսի 23֊ին  ժամը 16։00֊16։30 ընկած ժամանակահատվածում կլինեմ ՄԱԿ֊ի  գրասենյակի մոտ։ Ես ինձ հետ տանելու եմ մեկ տուփ մանկական կեր և կփոխանցեմ ՄԱԿ֊ի գրասենյակ` պահանջելով հասցնեն Արցախում ապրող որևէ բալիկի։ Ովքեր կցանկանան միանալ և ավելի շատ բալիկների ԿԽ ուղարկենք, կարող եք միանալ` ձեր հետ ունենալով մանկական կեր կամ կերեր» ։

Նրա կոչին արձագանքել էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մանկական կաթնախառնուրդների պաշարներով շտապել էին ՄԱԿ-ի գրասենյակ:

«եթե մեծահասակները ինչ որ կերպ բնության բարիքներից օգտվում  են,  նորածինները բոլորովին անպաշտպան են: Ես որոշեցի, որ հենց այստեղ պետք է գանք և պահանջենք,  քանի որ իրենք անտարբեր են արդեն 8 օր շարունակ տեղի ունեցող  երևույթների՝ տոտալ շրջափակման նկատմամբ, գոնե պարտավորվեն կաթնախառնուրդը հասցնել երեխաներին, որպեսզի երեխաների ապրելու իրավունքը պաշտպանվի: Եթե նրանք անտարբեր են ազատ ապրելու իրավունքի նկատմամբ, ապա գոնե՝ ապրելու իրավունքին տեր կանգնեն»,-նշեց Հովսեփյանը:

Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե ինչպե՞ս եք պատկերացնում հավաքված կաթնախառնուրդի տեղափոխումը Արցախ՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Պատահական չէ, որ հենց այստեղ ենք հավաքվել, որպեսզի ՄԱԿ-ի գրասենյակը կազմակերպի տեղափոխումը,   և առհասարակ, կազմակերպի  Արցախի երեխաների սնվելու  խնդիրը, ինչ ճանապարհով ուզում են, թող հասցնեն, չէ որ իրենք հզոր կառույց են, մեզ մոտ գոնե այդպիսի կարծրատիպեր են ստեղծել»:

ՄԱԿ-ի գրասենյակից, սակայն որևէ մեկը դուրս չեկավ ու չհանդիպեց հավաքվածներին, պահակակետում երկար բանակցություններից հետո,  ՄԱԿ-ի գրասենյակի համապատասխան  հարցերի պատասխանատուն, որ հետո պարզվեց Սոֆյա Հովսեփյանի նախկին թիմակից, Կրթության և գիտության նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է, համաձայնեց պահակակետում առանձին հանդիպել Հովսեփյանի հետ՝ առանց լրագրողների: Ավելի քան 20 րոպե տևած փակ հանդիպումից հետո, Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ  իրեն տեղեկացրել են, թե միջազգային ոչ մի  կառույց այսօր իրավունք չունի  և հնարավորություն չունի մտնելու Արցախի տարածք:

Նրանք առաջարկել են  կաթնախառնուրդները փոխանցել «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին, որն էլ դրանք բաժանի Արցախից տեղահանված և Հայաստանում բնակվող արցախցիներին: «Ես ասացի, որ այդ մարդկանց տեղը մենք  «Առաքելություն Հայաստանից» լավ գիտենք, եթե տեղահանված արցախցիներին պետք է բաժանվի, մենք կբաժանենք: Եվ, վերջինը, իրենք առաջարկեցին, եթե, իհարկե, մենք համաձայնվենք, իրենք խոսեն Ադրբեջանի ՄԱԿ-ի գրասենյակի հետ, առաջարկեն, որ լուծեն այդ երեխաների ապրելու հարցը և իրենք այդ երեխաներին տան կաթնախառնուրդ:

Ես բոլոր 3 տարբերակի հետ չհամաձայնվեցի, մենք  որոշեցինք, թողնել կաթնախառնուրդները և պահանջել, որպեսզի ճանապարհ գտնեն, չէ՞ որ անընդհատ խոսում են իրավունքներից, ուրեմն պարտավոր են ապահովել այն»,-եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930