Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի վարչակազմերը զբաղված են զանգվածային ֆինանսական չարաշահումներով․ ժամանակն է՝ ստուգել

Հունիս 23,2023 19:30
buh

Գաղտնիք չէ, որ բուհերի մի մասը, իրենց մուտքերի մոտ էլեկտրոնային հսկման անցակետ են տեղադրել ու իբր թե հսկում են ուսանողների, դասախոսական անձնակազմի ու աշխատակիցների ելումուտը։ Որոշ ռեկտորներ դա հիմնավորում են ուսումնական ու աշխատանքային կարգապահության, ոմանք էլ՝ անվտանգության ապահովման նկատառումներով։ Մինչդեռ, ռեկտորներ կան, որոնք անցակետը դարձրել են առանձին, իրենց դուդուկի տակ պարել չցանկացող աշխատակիցների վրա ճնշումներ բանեցնելու գործիք։

Սակայն, ինչպես ասում են՝ անցակետը /տուռնիկետը/ երկսայր սուր է, դրանցով մարդկանց ելումուտի օբյեկտիվ տվյալներով շատ բան կարելի է պարզել։ Օրինակ, այն, թե լրիվ ծանրաբեռնվածությամբ  դասախոսը /շաբաթական 36 ժամ կամ օրական 7,2 ժամ/ արդյոք աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամերը անցկացնում է համալսարանի տարածքում՝ ժամերի  մի մասը զբաղված լինելով լսարաններում, մյուս մասը՝ լսարանից դուրս՝ արտալսարանային աշխատանքով /ուսանողների հետ անհատական կամ խմբային աշխատանքներ, խորհրդատվություններ, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապատրաստման աշխատանքներ և այլն/ և վճարվում է լիարժեք աշխատանքի համար։

Պարզվում է, սակայն, իրականում դասախոսների մեծ մասի պարագայում նման խնդիր չկա. լսարանում դասախոսությունը կարդաց կամ գործնական-սեմինար պարապմունքը անցկացրեց՝ իրեն համարում է ազատ ու լքելով համալսարանի տարածքը՝ գնում է իր գործերով, ասենք՝ այլ համալսարանում դասախոսելու կամ այլ գործեր անելու։ Նա լավ գիտի, որ ամսվա վերջին, ամբիոնի վարիչը, միևնույն է, լրացնելու է աշխատաժամանակի տեղեկագիրը /տաբելը/, այն աչքերը փակած վիճակում ստորագրելու է դեկանը, և իհարկե՝ վավերացնելու է ուսումնական գծով պրոռեկտորը, որով փաստվելու է, որ ինքը՝ դասախոսը շաբաթական 36 ժամը լիարժեք աշխատեց համալսարանում ու ռեկտորն էլ կվճարի։ Եվ ․․․վճարում է։ Սակայն իրականությունն այն է, որ դասախոսը աշխատել է պայմանագրով նախատեսված ժամերի կեսը։

Խնդրի մյուս կողմում, իհարկե վարձավճարը վճարած, սակայն կրթական ծառայությունը լիարժեք չստացած ուսանողն է, ով օրը ցերեկով, «ճրագը ձեռքին», դասերից հետո դասախոսին փնտրում է, որպեսզի որակյալ խորհրդատվություն և աջակցություն ստանա՝ անհատական կամ ավարտական աշխատանքի, կամ մագիստրոսական թեզի կատարման համար։ Դասախոսին չգտնելով, ու ճար չունենալով, խեղճ ու կրակ ուսանողը դիմում է հին ու փորձված մեթոդին՝ «copy-past»-ին, ասել է, թե՝ գրագողությանը։ Ահա թէ ինչու, հայաստանյան բուհերի մեծ մասի շրջանավարտների զգալի հատվածի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ինքնատիպության /օրիգինալության/ աստիճանը, լավագույն դեպքում չի անցնում  15-20 տոկոսից, այնինչ այն 70 տոկոսից ցածր չպետք է լիներ։

Հավանաբար, այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀ բուհերի մի մասը (ԵՊՀ, ՀՊՃՀ, ՀԱԱԱ և այլն) ընդհանրապես էլեկտրոնային անցակետեր չի տեղադրել, այդ հանգամանքը բացատրելով դասախոսին ազատ թողնելու, ուսանողի ակադեմիական ազատությունները հարգելու և համալսարանը խիստ ռեժիմի գաղութային տիպի հիմնարկի չվերածելու նկատառումներով։ Դասախոսի աշխատանքը վերահսկելու ու նրա աշխատաժամանակը հաշվառելու գործառույթը վերապահված է ամբիոնների վարիչներին։ Սակայն սա ամենևին չի նշանակում, թե վերոնշյալ խնդիրը այս բուհերում գոյություն չունի։

Այսպիսով, բուհերի զգալի մասի վարչակազմերը՝ ամբիոնների վարիչներից սկսած ռեկտորներով վերջացրած զբաղված են զանգվածային ֆինանսական չարաշահումներով, դասախոսներին վճարելով կրկնակի, քան նրանց աշխատած ժամանակն է։ Սա ՓԱՍՏ է, ինչը էլեկտրոնային անցակետերի օբյեկտիվ /ցանցում գրանցված/ տվյալների հիման վրա պետք է ստուգվի համապատասխան մարմինների կողմից /ԿԳՄՍ նախարարություն, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԺ հաշվեքննիչ պալատ/ և զանգվածային ֆինանսական չարաշահումների մեղավորները պատասխանատվության կանչվեն։

Էլեկտրոնային անցակետերի տվյալների ստուգումներից նաև այլ բաներ էլ կարող են պարզվել, օրինակ այն, որ բուհերում կարող են լինել գրանցված «դասախոսներ» կամ այլ «աշխատակիցներ», որոնց ոտքը տարիներով համալսարաններ չեն դրվում, մինչդեռ կանոնավոր նրանց աշխատավարձեր, նույնիսկ … պարգևատրումներ են վճարվում։ Ու այս ամենը՝ ուսանողի հաշվին։

Ի վերջո, ուսանողը կան նրա ընտանիքը, որը կաշվից դուրս է գալիս ուսման բարձր վարձավճարները վճարելու համար /շատերը՝ ուսանողական վարկերով/ պարտք չեն այն դասախոսին, ով իր աշխատանքը լիարժեք ու բարեխղճորեն չի կատարում։

Սերգեյ Աբրահամյան

Կրթության փորձագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930