Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության համաձայնագրում պետք է հաշվի առնվեն հետպատերազմական իրողությունները. Ալիև

Հունիս 23,2023 19:10

Ադրբեջանը պատերազմում հաղթել է, հետևաբար խաղաղության պայմանագրում պետք է հաշվի առնվեն հետպատերազմյան իրողությունները: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ՊՆ կոմանդոս զորամասերից մեկում Մարտական նշանի հանձնման արարողությանը:

«Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ավարտն այսօր պետք է նաև մեզ, բայց ավելի շատ՝ հենց Հայաստանին»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքների վրա՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունը:

«Այդ խաղաղության համաձայնագրում պետք է հաշվի առնվեն հետպատերազմական իրողությունները: Դա բնական է: Մենք հաղթել ենք, մենք արյուն ենք թափել, մենք կորուստներ ենք ունեցել: Մենք պատերազմ ենք մղել մեր հողում, այսօր ապրում ենք և կապրենք մեր հողում»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ «անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցյալ ամիս անգամ նշեց Ադրբեջանի տարածքի պարամետրերը»: Ըստ Ալիևի, սակայն, «այդ հայտարարությունները պետք է արտացոլվեն նաև փաստաթղթում և Հայաստանը պետք է այն ստորագրի»:

«Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել»,- ասել է Ալիևը:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ մեկ այլ կարևոր պայման է «Զանգեզուրի միջանցքի» բացումը և «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից հայկական բանակի զինված խմբավորումների դուրսբերումը»:

«Վերջին 2,5 տարում մենք մի քանի անգամ ստիպված ենք եղել ցույց տալ մեր ուժը հայկական կողմին: Նախ՝ որպես պատասխան նրանց ռազմական սադրանքների: Երկրորդ, մենք ազդակ ենք ուղարկել, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքը նրանց համար ողբերգական կլինի,- ասել է Ալիևը:

Հետևաբար, ըստ Ադրբեջանի նախագահի, իրենք իրենց «զուսպ» են պահում: «Մենք երբեք շտապողականություն չենք ցուցաբերել: Դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր և՛ ուժն է մեր կողմում, և՛ ժամանակն է ամրապնդում մեր դիրքերը, և՛ միջազգային իրավունքը: Միջազգային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս: Մենք կարող ենք սպասել: Եվս մեկ անգամ եմ ասում՝ մենք չենք շտապում»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930