Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը հավաստիացնում է, որ ամեն ինչ հիանալի է Լաչինի միջանցքում, ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ մենք ինքներս ստուգենք, թե այնտեղ ինչ է կատարվում»․ Փոլ Գավան

Հունիս 23,2023 17:55

«Նախևառաջ, ես ուզում եմ ասել, որ այս զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի լայն քաղաքական իրավիճակի մասին չէ։ Ինձ տրվել է շատ կոնկրետ մանդատ՝ խոսել Լաչինի միջանցքի մասին, և հենց դրա վրա եմ կենտրոնացել այս զեկույցում»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանը։

Փոլ Գավանն ասաց, որ պետք է հակիրճ խոսի զեկույցի տերմինաբանության մասին․ «Մի շարք փոփոխությունների նախագծեր են ներկայացվել, որոնք նպատակ ունեն զեկույցից հանել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը: Ես դեմ եմ այս փոփոխություններին, քանի որ Լեռնային Ղարաբաղ անվանումը միշտ օգտագործվել է բոլոր նախորդ զեկույցներում, և իսկապես, ներկայումս օգտագործվում է Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից, և կարծում եմ, որ իմ զեկույցը պետք է հետևողական լինի այս առումով»։

Զեկուցողն ասաց, որ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովը լիազորել է, որ ինքն այցելի ՀՀ և Ադրբեջան և տեղում ծանոթանա իրավիճակին Լաչինի միջանցքի հետ կապված։ Ու տեղեկացրեց, որ ինքն այցելել է Հայաստան, սակայն ցավոք, չի հրավիրվել Ադրբեջան, և իրեն թույլ չեն տվել անցնել Լաչինի միջանցքով․ «Ես չկարողացա անցնել Լաչինի միջանցքով, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը մշտապես պնդել է, որ միջանցք մուտք գործելու խնդիր չկա։ Իմ զեկույցի անկյունաքարային բացահայտումն այն է, որ Լաչինի միջանցքով չի ապահովվում ոչ ազատ, ոչ էլ ապահով տեղաշարժ։ Գործընկերներ, խնդրում եմ մտածեք այս մասին։ Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մեզ ասել, որ ազատ և անվտանգ տեղաշարժ կա Լաչինի միջանցքով, երբ իրենք են խոստովանում, որ բուժօգնության կարիք ունեցող անձինք պետք է օգտվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ծառայություններից՝ ճանապարհորդելու համար: Ինչպե՞ս կարելի է սա որակել որպես ազատ մուտք։ Այսպիսով, մուտքի բացակայությունը եղել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից, երբ այսպես կոչված էկոակտիվիստների խումբը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ ըստ երևույթին ապօրինի հանքարդյունաբերության պնդումներ անելով: Ես ասում եմ՝ այսպես կոչված էկոակտիվիստներ, քանի որ, փաստորեն, այս բնապահպանական ցուցարարներից շատերը ճանաչվել են որպես Ադրբեջանի բանակի անդամներ՝ կառավարության աջակցությամբ: Նրանցից ոմանք «Գորշ գայլեր» ծայրահեղ ֆաշիստական ​​խմբավորման անդամներ են, և այս ամենը փաստագրվել է բրիտանական խորհրդարանում այս տարվա հունվարի 24-ին պահպանողական պատգամավոր պարոն Թիմ Լաֆթոնի կողմից»։

Փոլ Գավանը ահազանգեց՝ Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամ է։ Նա նաև փաստեց՝ սրան զուգահեռ Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության կողմից ԼՂ-ի հայերի նկատմամբ ատելության խոսք է տարածվում․ «Իլհամ Ալիևը, Լեռնային Ղարաբաղի բնակչությանն անվանել է «նողկալի և ատելի թշնամի»։ Նա նաև ընդամենը մի քանի շաբաթ առաջ ելույթ ունեցավ հենց Լաչինում և այս ուղերձը հղեց իր հայ հարևաններին։ Եվ ևս մեկ օրինակ՝ Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայկական սփյուռքին փաստացի անվանեց «Եվրոպայի քաղաքական քաղցկեղ»։

Փոլ Գավանը նաև մտահոգություն հայտնեց, որ ոչ ինքը, ոչ էլ Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը չեն կարողացել անցնել Լաչինի միջանցքով։

Պատասխանելով պատվիրակների՝ իր ելույթին ուղղված արձագանքներին, Փոլ Գավանն ասաց․ «Ափսոսում եմ, որ պետք է սկսեմ հրատապ թարմացումից, որը ես վերջին 20 րոպեների ընթացքում ստացել եմ Լաչինի միջանցքում ԵՄ դիտորդական առաքելությունից։ Նրանք հաստատել են, որ այսօր կեսօրին Ադրբեջանը Լաչինի միջանցքում տեղադրել է բետոնե պատնեշներ՝ մոտավորապես ծնկի բարձրության խոչընդոտներ ճանապարհի վրա, այնպես որ ճանապարհով հնարավոր չէ տրանսպորտային միջոցներով անցնել։ Դրանք տեղադրվել են ադրբեջանական անցակետի հետևում»։

Փոլ Գավանը հիշեցրեց, որ երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն իր ելույթում ասել է՝ եկեք տարածաշրջան։ Նրան արձագանքելով՝ Փոլ Գավանն ասաց․ «Ես էլ ասում եմ՝ ինքն ինձ թույլ չի տվել, նա դեռ ոչ մեկի թույլ չի տվել անցնել Լաչինի միջանցքով։ Մի՞թե խնդիրը հենց այստեղ չէ»։

Ավելի ուշ զեկույցի քննարկումից հետո ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության հետ զրույցում Փոլ Գավանը հայտարարել է․ «Ես կոչ եմ անում իրականացնել փաստահավաք առաքելություն դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ցավոք, Ադրբեջանը ոչ ինձ է թույլ տալիս, ոչ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ոչ էլ որևէ մեկին թույլ չի տալիս մուտք գործել Լաչինի միջանցքով։ Ուստի, եթե նրանք հավաստիացնում են, որ ամեն ինչ հիանալի է, ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ մենք ինքներս ստուգենք, թե ինչ է կատարվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930