Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացավ Գոռ Տեր-Եսայանի գործով երկրորդ դատական նիստը: Գոռ Տեր-Եսայանը մեղադրվում է աներոջը սպանելու մեջ:
Նիստն սկսելուց առաջ ՝դատավորը լսեց կողմերի կարծիքը լրատվամիջոցների կողմից դատական նիստը լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու վերաբերյալ եւ ստանալով մեղադրվող կողմի առարկությունը՝ արգելեց:
Դատարանը նիստում արտահերթ կարգով քննարկվեց Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը կալանքով փոխելու տուժող կողմի, ինչպես նաեւ մեղադրող դատախազի միջնորդությունը եւ այն բավարարեց: Գոռ Տեր-Եսայանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ հենց դատարանի դահլիճում կալանավորվեց երեք ամիս ժամկետով:
Դատական նիստի ավարտին տուժող կողմի փաստաբան Գոռ Սաղոյանը լրատվամիջոցներին ասաց. «Խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը, ըստ էության սկսվել էր նախորդ դատական նիստին և անավարտ էր մնացել: Այսօր դատարանը բավարարեց միջնորդությունը: Որոշումն ի կատար է ածվել անհապաղ եւ արդեն իսկ այս պահից մեղադրյալը վերցվել է կալանքի»:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց նաեւ, որ Գոռ Տեր-Եսայանը մեղադրվում է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելու հոդվածներով:
Արդեն հաջորդ նիստին, որը նշանակվեց հուլիսի 25-ին, ժամը 16:30-ին, դատարանը կանդրադառնա նախնական դատալսումներով սահմանված հարցերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ